«Գաղտնիք չէ, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Թեհրանում է, այլ Մոսկվայում». ադրբեջանցի վերլուծաբան

«Իրանին թույլ չեն տա միջամտել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մասնակցություն ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացրած հայտերին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցի իրանական թղթակցի հետ զրույցում Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին ասել էր, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից խոչընդոտել է ճգնաժամի մեծացմանն ու ձգտել է հարթել տարաձայնությունները։ «Տվյալ պահին, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման մեջ»,- ասել է նա: Անսարին հավելել է, որ բանակցություններ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան պլանավորված այցի հետո, և, երբ լինի վերջնական որոշում, ապա կհայտարարվի դրա մասին:

Ջաֆարովը նախ՝ իր շնորհավորական խոսքն ուղղեց ԻԻՀ-ին` Ադրբեջանի «մեծ» հարևանին: Նրա որակմամբ՝ երկարաժամկետ և ձանձրալի շրջափակման պայմաններում, չնայած տնտեսության, քաղաքականության և երկրի համար կենսական մի շարք ոլորտներում առկա էմբարգոների, ամեն դեպքում Իրանի ժողովուրդը կարողացավ գերտերությունների դեմ պայքարից համարյա հաղթող դուրս գալ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի դեմ: «Եվ ցանկություն կա հավատալու, որ այսուհետ Իրանն ավելի մեծ արագությամբ է զարգանալու: Եվ դա շահավետ է մեզ բոլորիս` տարածաշրջանային երկրների համար»,- ասաց ադրբեջանցի փորձագետը:

Նրա կարծիքով` Իրանի մասնակցությունը բանակցային գործընթացին ևս տեղից չի շարժի հակամարտության կարգավորման գործընթացը: Ջաֆարովի խոսքով` որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս երկարաձգված հակամարտության կարգավորման բանալին ոչ թե Թեհրանում է, այլ Մոսկվայում:

Կարդացեք նաև

«Հենց պաշտոնական Մոսկվայի հավակնություններն ու ցանկության բացակայությունն են խոչընդոտում տարածաշրջանի զարգացմանը: Այո, այո, որքան էլ որ տարօրինակ հնչի, դա հենց այդպես է: Չէ՞ որ երկու հարևան հանրապետությունները ԽՍՀՄ տարիներին ապրում էին կողք կողքի: Եվ ադրբեջանցիները, և հայերը երկար ժամանակ չեն ունեցել լուրջ խնդիրներ և պատճառներ տարաձայնության համար: Ինչ-որ մութ և անառողջ ուժերի պետք էր կռվեցնել երկու ժողովուրդներին, և այդ սրիկաները հասան իրենց ցանկացածին: Եվ ահա, ավելի քան 20 տարի ոչ ադրբեջանցիները, ոչ հայերը հանգիստ չունեն: Ինչքան ճակատագրեր ու կյանքեր են երկու կողմերում կործանվել: Հազարավոր անմեղ խաղաղ բնակիչներ, երիտասարդ զինծառայողներ մահանում են, դառնում են հաշմանդամ իրենց ողջ հետագա կյանքում:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակ է անցկացնում իր սեփական շահերի համար: Չգիտեմ `գիտե՞ն արդյոք մեր հարևանները Հայաստանում, որ այս «երեք ընկերներ ակրոբատները» կամ, ինչպես է ավելի ճիշտ նրանց բնորոշելը՝ աշխարհի ամենաերջանիկ զբոսաշրջիկները, ամեն ամիս ստանում են 50 հազար դոլարից ավելի գումար: Տարօրինակ կլիներ մտածել, որ այդ եռյակը կջանա կարգավորել հակամարտությունը: Նրանք օտարի ողբերգության վրա իրենց երջանկությունն ու իրենց երեխաների ու ժառանգների ապագան են կառուցում: Նրանց չեն հետաքրքրում պարզ հայերի ու ադրբեջանցիների խնդիրներն ու անհանգստությունները: Ուստի ԵԱՀԿ ՄԽ-ն թույլ չի տա, որպեսզի որևէ երրորդ կողմ միջամտի հակամարտությանը: Առավել ևս՝ Թեհրանին, մի երկրի, ում դեռ պետք է վերականգնվել միջազգային հանրության աչքում: Չեմ տեսնում Իրանի դերակատարությունն այս խնդրում: Թեև, որպես տարածաշրջանային երկիր, պետք է շահագրգռված լինի հակամարտության կարգավորմամբ միջազգային օրենքների շրջանակում: ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի շրջանակում»,- նման տեսակետ հայտնեց Ուզեիր Ջաֆարովը:

Տեսանյութեր

Լրահոս