Ի՞նչ է քննարկվելու այսօր Հրանտ Մարգարյան-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ

Այսօր Ազգային ժողովում լրագրողներն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ Հրանտ Մարգարյան-Սերժ Սարգսյան հանդիպումը տեղի կունենա՞ այսօր, ինչպես մամուլում են գրում:

Ի պատասխան՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ հանդիպումները տեղի են ունենում, այդ հանդիպումները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ իրենք վերջնական եզրակացության չեն հանգել:

Դիտարկմանը, թե խոսակցություն կա, որ նախարարական պորտֆելների և մարզպետների հարցը պետք է հստակեցվի այսօր, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Խոսակցությունը նո՞ր է ինչու: Չկա այդպիսի բան, որ վերջին հանդիպումն է, հանդիպումներ բազմիցս եղել են, որևէ արտառոց բան այնտեղ մի փնտրեք»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ է, որ երեկ Ա. Ռուստամյանի հայտարարության առիթով պարզաբանում է տեղի ունեցել ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև: Ա. Ռուստամյանն ասաց, որ ոչ մի պարզաբանում տեղի չի ունեցել.

«Եթե նկատի ունեք հարաբերությունների շտկում, ճշտում, նման բան գոյություն չունի: Ես կարծում եմ՝ մամուլի թեթև ձեռքով այդ ամենը կոնտեքստից կտրված է ներկայացվել, այն, ինչ ես ասել եմ, ասել եմ իրավիճակի վերլուծության կոնտեքստում, ու ես դրանից չեմ հրաժարվում»:

Հարցին՝ եթե ոչ՝ պորտֆելների, ապա ի՞նչ հարցեր են քննարկվում հիմա ՀՀԿ-ի հետ, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Նույն տրամաբանությունն է, ինչ որ յոթ կետերով ամրագրված է, նույն բանն անընդհատ չկրկնեմ»:

Հիշեցնենք, որ Դաշնակցությունը դեռևս 2013թ. առաջարկել էր 7 կետից բաղկացած պլատֆորմ, որոնց առաջադրմամբ և լուծմամբ կարող է դուրս գալ «տևական տեղապտույտից»: Պլատֆորմն իր մեջ ներառում էր.

1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ, բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանական ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի:

2. Մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:

3. Իշխանություններին վերահսկելու և հակակշռելու նպատակով` օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը: Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության և պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաև ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել:

4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը: Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը և աղքատության վերացումը:

5. Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը և դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:

6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:

7. ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև կնքել ռազմաքաղաքական դաշինք: Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքն Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը:

Ինչպես նաև՝ ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը:

Տեսանյութեր

Լրահոս