Արմեն Ռուստամյանը վերհաստատեց իր հայտարարությունը. «Իշխանության մեջ լինելն այսօր հեղինակությանը հարված է»

«Ես իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում, ես ինչ ասել եմ, բնականաբար, հաստատում եմ իմ ասածները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` վերահաստատելով իր երեկվա այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ, եթե Արմեն Ռուստամյանը մեկ անգամ էլ պնդի, որ իշխանությունը հեղինակազրկված է, ապա իրենք հետևություն կանեն:

Դիտարկմանը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ կվերանայեն իրենց մոտեցումները ձեր այս հայտարարությունից հետո՝ Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Վահրամ Բաղդասարյանի ասածներն իրեն հասցեագրեք, ես որևէ բան չունեմ կրկնելու, ես ինչ ասել եմ՝ ասել եմ ամբողջական, լիարժեք, համապատասխան իրավիճակին, ու կրկնելու խնդիր չունեմ»:

Հարցին՝ Դուք մտավախություն չունե՞ք՝ ձեր այդ հայտարարությունից հետո վտանգվելու է ձեր համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.

«Ես մտահոգություն ունեմ, որ չվտանգվի մեր երկրի առաջընթաց զարգացումը, այլ մտահոգություն ինձ համար գոյություն չունի: Մենք երբեք ինքնանպատակ համագործակցության մեջ չենք մտել ու չենք մտնի»:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ այսինքն՝ ՀՀԿ-ն հեղինակազրկված է, ու դուք շարունակում եք դա պնդել, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.

«Եթե երկրում կա լուրջ դժգոհություն, իսկ դա առկա է, ես համարում եմ՝ անգամ հանրաքվեի այն «ոչ»-ի քանակը, որ ամրագրվեց, խոսում է դժգոհության մասին, ու այդ դժգոհությունը չի կարող չնշանակել, որ կան չլուծված հարցեր: Բնականաբար, չի կարող մեծ հեղինակություն ունենա իշխանությունը, եթե չի լուծել այն խնդիրները որոնք հիմա առաջացել են: Բայց այդ հեղինակության պակասը նաև մեր խնդիրն է, մենք չենք դիտում սա միայն իշխող ուժի կամ իշխանությունների խնդիր: Տարբեր բառախաղերի մեջ մտնելով՝ արդեն փորձում են շեղել մեր իրական նպատակներից: Մենք պարտավոր ենք՝ այն ճգնաժամը, որ կա Հայաստանում, վերացնենք: Դրա համար մենք պատրաստ ենք մտնել, անկախ նրանցից՝ ով ինչ կխոսի: Իշխանության մեջ լինելն այսօր հեղինակությանը հարված է»:

Տեսանյութեր

Լրահոս