Բաժիններ՝

«Ես ուզում եմ առաջարկել մի կարևոր բանաձև, որը Հայաստանի համար կարող է լինել բախտորոշ». Թաթուլ Մանասերյան

«ԵՏՄ-ն, որքան էլ կայացման փուլում է ու խոցելի տեղեր ունի, մեր տարածաշրջանում չունի այլընտրանք, այլընտրանք չունի նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Եթե մենք հրաժարվեինք անդամակցել, դա կլիներ ինքնասպանություն»,- այսօրվա ասուլիսին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Ըստ նրա՝ ԵՏՄ մեկ տարին կարելի է բնութագրել` որպես կառույցի կազմավորման ու կայացման տարի. «Բավական ռիսկեր կան, որոնք և ժամանակային, անցողիկ բնույթ ունեն, այսինքն՝ 2015թ. են ավելի շատ բնորոշ, բայց շարունակություն կունենան նաև 2016թ., կան նաև արմատական խնդիրներ, որոնց արժե ուշադրություն դարձնել: Ռիսկերից կարևորագույնն այն է, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում գրանցվեց ազգային արժույթների գերարժեզրկում: Մեր գործընկերոջ՝ Ռուսաստանի համար կարևոր պետք է լինի 2016թ. դիվերսիֆիկացնել ազգային տնտեսությունն ու համախառն ներքին արդյունքը, որը նաև դրական կանդրադառնա եվրասիական տարածաշրջանում համագործակցության վրա: Տարվա ընթացքում միայն մեզ մոտ ընդհանրապես ցնցումներ չեղան, այս առումով Հայաստանը կարող է ուսանելի լինել ԵՏՄ երկրների համար»:

Հաշվի առնելով ներկա միտումները, տնտեսագետը կանխատեսեց, որ ընթացիկ տարին ԵՏՄ-ի համար կլինի դժվար ու փորձություններով լի տարի. «Ազգային արժույթների կայունացումն ու գնաճի կառավարումը կլինեն ԵՏՄ բոլոր երկրների տնտեսական գերակայությունների շարքում: Նշված դժվարությունները կստիպեն ավելի գործնական քայլերի դիմել փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Առկա ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում ԵՏՄ-ն կարող է վերածվել համաշխարհային տնտեսության ուժի կենտրոնի»:

Անդրադառնալով Հայաստանի հնարավորություններին` նա նշեց, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներում ՏՏ ոլորտի ապրանքների մեծ պահանջարկ կա, ու կարող ենք դա բավարարել. «Պահանջարկ կա գիտատար ճյուղերում, առողջապահության ոլորտում, շինարարության մեջ, ու կարող ենք մեր տեղը գրավել այդ շուկայում»:

Կարդացեք նաև

Տնտեսագետը նաև դրական համարեց ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսումը. «Լավ է, որ «կամ-կամ»-ը փոխարինում ենք «և-և»-ով: Ես ուզում եմ առաջարկել մի կարևոր բանաձև, որը Հայաստանի համար կարող է լինել բախտորոշ. Արժեզրկված արժույթ ունեցող հետխորհրդային երկրներից ներկրել հումք և նյութեր, դրանք վերամշակել Հայաստանում, ամեն կերպ զարկ տալ տեղական վերամշակող արդյունաբերությանը և պատրաստի արտադրանքն ուղղել դոլարային կամ եվրոյի գոտի, որտեղից կարող են ակնկալվել նաև ավելի շոշափելի շահույթներ, եկամուտներ»:

Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս