«Հայաստանը պարտավոր է բոլոր ուղղություններով իր հնարավորություններն օգտագործել». Աշոտ Թավադյան
«Հայաստանը պարտավոր է բոլոր ուղղություններով իր հնարավորություններն օգտագործել: ԵՏՄ պայմանագիրn այդ հնարավորությունը տալիս է: Ես 3 «և»-ի կողմնակից եմ: Մենք պետք է մեր հարաբերությունները զարգացնենք՝ օգտվելով ԵՏՄ նպաստավոր դրույթներից, մասնավորապես՝ 141 հոդվածից, ոչ միայն ԵՏՄ երկրների, այլ նաև այլ երկրների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ թվարկելով այն տնտեսական մարտահրավերները, որոնք առկա են տարածաշրջանում. «Ռուսական շուկայում, որտեղ արտահանվում է ՀՀ պատրաստի արտադրանքի բացարձակ մեծամասնությունը, տեղի է ունեցել գնողունակության անկում և ներդրումների էական նվազում: Դրա պատճառներն են նավթի գնի անկումը, որը մեկ տարվա ընթացքում նվազել է 50 դոլարից մինչև 30 դոլար, մոտ 40%-ով և պատժամիջոցները: Դրա հետևանքով ռուբլին արժեզրկվեց մոտ 64%-ով»:
Նա նկատեց՝ քանի որ հայկական դրամը էապես «ծանրացել» է ոչ միայն ռուսական ռուբլու, այլ նաև տարածաշրջանի ազգային արժույթների և եվրոյի նկատմամբ, ապա մեր ապրանքի արտասահմանյան արժույթով թանկացման պատճառով արտահանումը Ռուսաստան կրճատվել է 28%, ինչն, ըստ նրա՝ դոլարի արտահայտությամբ է, այլ ոչ թե ֆիզիկական ծավալներով.
«Հետևաբար տարադրամի հոսքը դեպի Հայաստան արտահանումից կրճատվել է: Ռուսական և հայկական արժույթների փոխարժեքի էական փոփոխության պատճառով զգալի նվազել են նաև տրանսֆերտները(մոտ 30%-ով): Նվազել են նաև գունավոր մետաղների գները միջազգային շուկայում»:
Ըստ նրա՝ մարտահրավերները շատ ավելի շոշափելի կլինեին, եթե ՀՀ-ն չլիներ ԵՏՄ անդամ. «Գազի գնի համար կվճարեինք 30% մաքսատուրք, որը կբերեր մոտ 130 մլն դոլարի կորստի: ՀՀ աշխատուժի որոշակի սահմանափակումներն ավելի կնվազեցնեին տրանսֆերտները, քանի որ ԵՏՄ-ն միության տարածքից առաջին հերթին աշխատուժ է ընդունում: Այստեղ լրացուցիչ կորուստը կարող էր կազմել մոտ 500 մլն դոլար, կաճեր նաև գործազրկությունը Հայաստանում»:
Տնտեսագետի խոսքով՝ առանցքային ցուցանիշների առումով դեռևս լիարժեք չեն գործում ԵՏՄ պայմանագրի կարևորագույն դրոււյթները. «Խոսքը վերաբերում է ԵՏՄ համաձայնագրի 63 հոդվածին՝ «Տնտեսական զարգացումը որոշող մակրոտնտեսական ցուցանիշներ», որը պահանջում է, որ գնաճը չտարբերվի 5 տոկոսային կետից ավել ԵԱՏՄ երկրներում և 64 հոդվածին՝ «Համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակները և սկզբունքները», որը փաստացի սահմանում է արժութային քաղաքականության կոորդինացման և ազգային արժույթով փոխադարձ հաշվարկների իրականացման խթանումը»:
Տվյալ իրավիճակում նշված մարտահրավերները հաղթահարելու համար, տնտեսագետի կարծիքով՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել էներգակիրների գները նվազեցնելու համար, վարել տոկոսադրույքների նվազեցման քաղաքականություն, կատարել փոխարժեքի սահուն փոփոխություն, արտահանվող ապրանքների ապահովագրության մեխանիզմների կիրառություն, կոռուպցիոն ռիսկերի հետագա նվազեցում:
Լուսանկարը՝ 168.am-ի