«ՌԴ-ն ու Ադրբեջանը կարգելափակեն Իրան-Հայաստան-Վրաստան-Արևմուտք էներգետիկ պրոյեկտները»
Հարցազրույց Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի ղեկավար և հիմնադիր, էներգետիկ և աշխարհաքաղաքական հարցերով, հետխորհրդային տարածքի խնդիրներով զբաղվող փորձագետ Մարատ Տերտերովի հետ
– Այսօր, առավել, քան երբևէ, զգալի է էներգառեսուրսների ուժը՝ որպես աշխարհաքաղաքական գործիք։ Այս գործոնն ավելի ակնառու է դարձել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման ֆոնին, երբ Իրանն ըստ էության դառնում է էներգետիկ հզոր խաղացող և մրցակից այն երկրների համար, որոնք էներգառեսուրս են վաճառում Եվրոպային։ Ինչպիսի՞ զարգացումներ պետք է սպասել այս նոր իրավիճակում ավելի մեծ տարածաշրջանում։
– Տարածաշրջանային հնարավոր զարգացումների առաջին ազդանշանն արդեն ստացել ենք։ Դա տեղի ունեցավ տարեսկզբին, երբ դիվանագիտական հակամարտություն բռնկվեց Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև։ Ինչպես գիտեք, Սաուդյան Արաբիան մահապատժի ենթարկեց շեյխ Ալ-Նիմրին և էլի 46 մարդու, որի հետևանքով եղավ Թեհրանի արձագանքը, ապա՝ դիվանագիտական հարաբերությունների դադարեցում երկու երկրների միջև։ Մինչ պատժամիջոցների չեղարկումն արդեն իսկ Իրանի Նավթի նախարարը հայտարարում էր նավթի արդյունահանման ծավալների մեծացման մասին, և այսօր տեսնում ենք, թե դեպի ուր է տանում այս գործընթացը։ Իրանի ձերբազատումը պատժամիջոցներից և ամրապնդումը՝ որպես Պարսից Ծոցի հզոր գերտերություն, լարվածության և հակամարտությունների օջախ է, այս նոր իրավիճակում մեծանում է աշխարհաքաղաքական ռիսկերի մակարդակը։
ՀՀ-ն Իրանի հարևանն է, և, եթե փոխաբերականորեն փորձեմ ձևակերպել, ՀՀ-ն զգում է ցանկացած զարգացում Իրանում, նույնիսկ փղի փռշտոցը, որը Ձեզ համար սպառնալիք է դառնում անխուսափելիորեն։ Հիմա այդ «փղերը սկսում են փռշտալ»։ Տարածաշրջանային հարաբերություններում առկա լարվածությունը միայն աճում է, որը բազմակողմանի հետևանքներ է ունենալու։
Առաջին հերթին, բնականաբար, Արևմուտքի վրա, քանի որ արևմտյան նավթային ընկերությունները, որոնք կցանկանան իրանական ընկերությունների հետ մշակել էներգակիրներ, կանգնելու են խնդրի առջև` իրանցիները սկսելու են շատ FDI պահանջել, քանի որ Իրանին անհրաժեշտ են այդ ներդրումները՝ սեփական նավթային ռեսուրսները մշակելու, արդյունահանմամբ զբաղվելու, դրանց ծավալները մեծացնելու համար, այսինքն` անհրաժեշտ են տարբեր տեխնոլոգիական ներդրումներ, որպեսզի հնարավոր լինի մեծացնել նավթի արդյունահանումը։
Արտասահմանյան ընկերությունները, որոնք վաղուց մեկնում են Իրան, բանակցություններ վարում իրանցի գործընկերների հետ, արդեն կարող են աշխատել Իրանի հետ, ամերիկյան ընկերությունները` դեռ ոչ, քանի որ կան բանկային պատժամիջոցներ, ամերիկացիները նոր պատժամիջոցների մասին են հայտարարել՝ ընդդեմ որոշ իրանցիների, որոնք հրթիռ էին փորձարկել։
Սկզբունքորեն՝ այն ընկերությունների համար, որոնք կգնան Իրան, հետևանքներ կլինեն Սաուդյան Արաբիայի կողմից, քանի որ շատ արևմտյան ընկերություններ աշխատում են սաուդական Aramco-ի հետ, որն աշխարհի ամենահզոր նավթագազային ընկերությունն է։ Այսինքն` սաուդաիրանական լարվածության հետևանքով կարող են տուժել շատ արևմտյան ընկերություններ, որոնք Իրանը դիտարկում են՝ որպես հնարավորություն։
Նրանք այդ հետևանքը կարող են զգալ սաուդական շուկայում, և երկրորդը` եթե հաշվի առնենք այն, որ Սաուդյան Արաբիան բարձրագույն ռազմական տեխնիկայի գնորդ է համարվում, վաճառող արևմտյան երկրները կարող են վատ դրության մեջ հայտնվել, քանի որ պայմանագրեր ունեն Սաուդիան Արաբիայի հետ։ Նույնը տեսնում ենք ՌԴ-ում` կան պատժամիջոցներ, ՌԴ-ն պատասխան գործողությունների է դիմում, արգելափակում է լեհական արտադրանքի մուտքը ՌԴ, կամ հոլանդական ծաղիկների, նարնջի, և այլն։ Հնարավոր է՝ տեսնենք նույնպիսի իրավիճակ։ ՀՀ-ի համար ամենակարևորն այն է, որ տարածաշրջանային լարվածությունն Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո հակամարտությունների ավելի մեծ հեռանկար է բացում։ Սա առանցքային գործոն է, որը կարող է հետևանքներ ունենալ ՀՀ-ի վրա։
Ռիսկի մակարդակը բոլոր խաղացողների համար բիզնեսում, քաղաքականությունում, ինչպես նաև՝ պաշտպանության ոլորտում, բարձրանում է։ Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ ՌԴ-ի և Թուրքիայի միջև, ՌԴ-ի գործողությունները Սիրիայում, այս պայմաններում սխալների, միջադեպերի հավանականությունը բարձրացել է, երբ ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածություն է ձևավորվում։ Անպայման չէ՝ լայնամասշտաբ պատերազմ սկսվի, բավարար է, որ լինի խորը աշխարհաքաղաքական հակամարտություն, որի ականատեսն ենք մենք Իրանի շուրջ նոր իրավիճակի ստեղծման պայմաններում։
– Իրանցի պաշտոնյաները, դեսպանն ակնարկում են, որ կցանկանային էներգառեսուրսներ մատակարարել Եվրոպային ՀՀ-ի և Վրաստանի միջոցով։ Որքանո՞վ են իրատեսական այս հեռանկարները՝ հաշվի առնելով այս լարվածությունը։ Ինչպես նշեցիք, Իրանը խնդիրներ ունի Սաուդյան Արաբիայի հետ, բայց ամեն դեպքում Իրանը սկսելու է իր հնարավորությունների իրացումը, նման պրոյեկտներում Հայաստանի մասնակցությունը որքանո՞վ է իրատեսական։
– Հայաստանի չլուծված հակամարտությունները, աշխարհագրությունը բարդացնում են իրավիճակը։ Այստեղ մեկ շատ կարևոր գործոն կա` Ադրբեջանի, Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի նկատմամբ։ Հարավային Կովկասում կան որոշակի տրանսպորտային միջանցքներ, և հիմնական միջանցքն «Արևելք-Արևմուտքն» է, որն Ադրբեջանի վերահսկողության ներքո է, այսօր կառուցվում է TANAP-ը։ Այս ուղիները միացնում են Ադրբեջանին, Վրաստանին, Սև ծովը սկզբունքորեն՝ նաև Թուրքիայով, ստանալով մուտք դեպի եվրոպական շուկա։ Այս միջանցքը լավ, ամուր դիրքեր ունի, մեծ ծավալներ է ապահովում, Ղազախստանը ևս կապ ունի այս պրոյեկտի հետ։ Չեմ տեսնում, թե ինչպես կարող է Իրանի նախաձեռնությունն իրականացվել, երբ վստահաբար այս պրոյեկտի դեմ ադրբեջանցիներն ու թուրքերը լոբբի են իրականացնելու։ Առանց ԼՂ հակամարտության կարգավորման ևս՝ սա քիչ իրատեսական պրոյեկտ է։
ՀՀ-ն պետք է մեխանիզմ գտնի ադրբեջանցիների հետ ԼՂ հակամարտության կարգավորմանը մոտենալու համար։ Մենք չենք կարող զարգացնել, բարձրացնել տարածաշրջանն ավելի լուրջ ռազմավարական մակարդակի, որպեսզի տարածաշրջանն իրացնի իր ներուժը՝ որպես տարածաշրջան, և ոչ թե՝ որպես տարածաշրջանային հատվածներ, ինչպես այսօր։ Առանց հակամարտությունների կարգավորման՝ տարածաշրջանը չի կարող դառնալ առևտրային միասնություն։ Մոտ ապագայում այս նախաձեռնության իրացման հնարավորություն չեմ տեսնում հատկապես, եթե հաշվի առնենք նաև նավթի նվազող գները, որոնք որոշիչ են դառնում։ Աշխարհաքաղաքական լարվածությունը և նավթի գները նման պրոյեկտները թողնելու են պլանավորման փուլում և կմնան այդ փուլում, քանի դեռ չենք սկսել լուծել այս խնդիրներից գոնե մեկը։
– Հասկանալի է՝ այս պրոյեկտներով հետաքրքրված չեն Ադրբեջանը, Թուրքիան, իսկ Եվրոպա՞ն։ Չէ՞ որ Եվրոպայի համար գլխավոր խնդիրն էներգետիկայի դիվերսիֆիկացիան է, Եվրոպան հետաքրքրված չէ՞ դա անել ՀՀ-ի օգնությամբ, ինչը կնպաստի նաև ՌԴ-ից Հայաստանի կախվածության թուլացմանը։
– Սկզբունքորեն Բրյուսելը կհետաքրքրվեր այս պրոյեկտով, եթե ՀՀ դեսպանը Բրյուսելում, օրինակ, բարձրացներ այդ հարցը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչի մոտ։ Այստեղ լավ քննարկում կարող էր ծավալվել, բայց կրկին վերադառնում ենք աշխարհաքաղաքական խոչընդոտներին։ Ադրբեջանցիները սա չեն ողջունելու, նրանք արդեն կարողացել են ամրապնդել պրոյեկտները, որոնցում իրենք մասնակցում են։
Այսինքն` այս թեմաները հաճախ են քննարկվում Եվրոպայում, և ադրբեջանցիները մտցրել են այս քննարկման մեջ այն միտքը, որ կասպյան նավթն ու գազն ընկալվում են՝ որպես դիվերսիֆիկացում, այլընտրանք։ Նրանք դա կարողացել են մտցնել երկխոսության մեջ, իսկ նոր թեման արժանանալու է աշխարհաքաղաքական խոչընդոտների, քանի որ արդեն իսկ կա ադրբեջանական տեսակետ, նրանք «նստել են լեռան» վրա, նրանք փորձելու են արգելափակել։ Ռուսները ևս ինչ-որ առումով դաժան կռիվ են տալիս Բրյուսելի հետ քաղաքական ոլորտում, որպեսզի պահեն «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը եվրոպական շուկայում, ուստի նոր խաղացողների ի հայտ գալը ՌԴ-ի շահերից չի բխում։ Այո, Եվրոպան հետաքրքրված է, բայց կան աշխարհաքաղաքական խնդիրներ։ Վստահ եմ` հետևում եք, թե Իրանի վերաբերյալ ինչպիսի հայտարարություններով են հանդես գալիս եվրոպական չինովնիկները, որ դա ամենալավ համաձայնությունն էր, խաղարկային և այլն, բայց դրանք դիվանագիտական խոսքեր են, ցանկություն կա, եվրոպական ընկերությունները պատժամիջոցների փուլում աշխատել են իրանական շուկայում, ունեցել են այդ իրավունքը։
Եվրոպական ընկերությունները ցանկանում են աշխատել այնտեղ և հետաքրքրվում են նոր ուղիներով, բայց իրական իրավիճակն այն է, որ Ադրբեջանը սահմանափակելու է, դա տարածքային հակամարտություն է, ոչ թե ԼՂ հակամարտության նման, այլ տարածքային՝ այն իմաստով, որ Ադրբեջանը պահում է իր շուկայական մասնաբաժինը, որի համար որոշակի լոբբի է իրականացնում, պահում իր դիրքերը։ ՌԴ-ն, վստահաբար, ևս դեմ կարտահայտվի։ Մեկ այլ գործոն ևս կա։ ԵՄ-ի շուրջ այսօր շատ են էներգակիրների աղբյուրները` իրանցիները մրցակցություն են ունենալու Եգիպտոսից, քրդական գազը կա Հյուսիսային Իրաքում, և այլն։ Սակայն գներն ընկնում են, սա մեկ այլ լուրջ խնդիր է, ուստի չեմ տեսնում, թե ինչպես կարող են նման պրոյեկտներ իրականացվել։ Լուրջ խոչընդոտներ կան։
– Հայաստանը կախված է ՌԴ-ից անվտանգության, էներգակիրների, տնտեսության ոլորտում, և նույնիսկ նման իրավիճակում իրանցիներն են խոսում նման պրոյեկտների մասին, և ոչ՝ հայկական կողմը, քանի որ, ինչպես որոշ փորձագետներ են պնդում, հասկանում են, որ Ռուսաստանը չի ողջունի այս նախաձեռնությունը, որի իրականացման արդյունքում ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից կնվազի։ Այնուամենայնիվ, ՀՀ-ն սկսել է բանակցել ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ` լինելով ամբողջությամբ ռուսական ուղեծրում։ Ինչպիսի՞ հարաբերություններ եք պատկերացնում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև։ Ի՞նչ մակարդակի կարող են հասնել դրանք։
– Չեմ ուզում հուսահատեցնել, բայց չեմ տեսնում որևէ որոշակիություն ՀՀ-ի և Բրյուսելի միջև մոտ ապագայում, չեմ տեսնում բեկումներ, լուրջ քաղաքական խթաններ։ Համեմատեմ Ադրբեջանի հետ. թեև Ադրբեջանում կան ժողովրդավարության խնդիրներ, Ադրբեջանի և Բրյուսելի հարաբերություններում կա հստակություն, համագործակցության հստակ շրջանակ, ունեն գազային համաձայնություններ, և սա ավելին է, քան միջին ու մանր բիզնեսը, սա ավելի խոշոր նախաձեռնություն է, իսկ Հայաստանի դեպքում մանր ու միջին բիզնեսի մակարդակ է։
ՀՀ-ի ամենալուրջ խնդիրը ոչ տեղին լինելն է։ Սա ինչ-որ առումով այն է, ինչը ես տեսնում եմ Բրյուսելի և Երևանի միջև։ Ես շատ քննարկումների եմ մասնակցում, բայց դրանց արդյունքում ևս չեմ տեսնում բեկումների հնարավորություն, թե ինչպիսի լուրջ փոխկապակցված քայլեր կարող են լինել։ Ձեր դեսպանը տաք խոսքեր է ասում, դոնորային ծրագրերի մասին է ԵՄ-ն խոսում, տեխնիկական աջակցության, բայց այդ միջոցները չեն կարող համեմատվել այն միջոցների հետ, որոնք ՀՀ-ին տրվում են Միլլերի, Սեչինի երևանյան այցերի ընթացքում։ ԵՄ-ն չի կարող մրցակցել ՀՀ-ում ՌԴ-ի հետ, ՀՀ-ին փաստացիորեն պետք է գումար, ներդրումներ։
Ես չեմ տեսնում, թե ինչպես ԵՄ-ն կարող է օգնել ՀՀ-ին, տեխնիկական աջակցություն, քաղաքական, պատվիրակություններ, այդ ամենը շարունակվելու է, ինչ-որ բարեգործական պրոյեկտներ, գումարներ լինելու են, բայց այդ ամենը կոպեկներ են, մանրադրամ, Ձեր օլիգարխներին դա չի հետաքրքրելու։ Ցավոք, ՀՀ-ում շատ հասարակ մարդիկ պատկերացում չունեն նույնիսկ ԵՄ-ի մասին։ Նրանք ԵՄ-ն նույնականացնում են հոմոսեքսուալության հետ, բայց որպեսզի լուրջ ճեղքում տեղի ունենա՝ անհրաժեշտ է քաղաքական կամք, նյութական աջակցություն, այս պահին նման նախաձեռնություններ չեմ տեսնում։
ՀՀ-ն ունի հզոր Սփյուռք, արևմտյան քրիստոնյա աշխարհում շատ լավ իմիջ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ին միշտ օգնելու են, ՀՀ-ն շատ աջակիցներ ունի, որոնք հեղինակավոր գործիչներ են, նրանք օգնելու են, դրամաշնորհներ են տրամադրելու, և այլն։ ՀՀ-ն՝ որպես երկիր, գոյություն է ունենալու և զարգանալու նույնիսկ ԼՂ հակամարտության չկարգավորվածության պարագայում, սակայն, որպեսզի լինի լիարժեք զարգացում, անհրաժեշտ է, որ ողջ Հարավային Կովկասը զարգանա լիարժեքորեն։ ՀՀ-ն, Վրաստանը և Ադրբեջանը փոքր երկրներ են, նրանք հետաքրքրում են ներդրողներին, բայց միայն որոշակի ոլորտներում։ Այս երկրները պետք է զարգանան՝ որպես տարածաշրջան, և մեծ պետք է լինի տարածաշրջանային համագործակցությունը։
ԵՄ-ն այս սկզբունքի հիման վրա է զարգանում` սահմանները բաց են, մարդիկ ճանապարհորդում են, առևտուր անում, համագործակցում, զարգանում, չկան կոռումպացված մաքսավորներ, այսինքն` պետք է այս երկրներում լինեն նաև համարժեք չափանիշներ, և տարածաշրջանը պետք է զարգանա՝ որպես տարածաշրջան, այդ դեպքում կարող է գրավել մեծ ներդրումներ, ուշադրություն և զարգանալ համարժեքորեն։
– ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ չկա ՌԴ ցանկությունը, ինչպես պնդում են մի շարք դիվանագետներ և փորձագետներ, ՀՀ-ԵՄ հարաբերությունները հստակեցված չեն, որովհետև դա հակասում է ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին։ Ձեր կարծիքով՝ ՀՀ-ն ունի՞ ՌԴ-ի հավակնություններին հակառակ ուղղությամբ գործելու ներուժ։ Այս բոլոր խնդիրների լուծման համար ՀՀ-ն պետք է փոխի իր հարաբերությունների բնույթը ՌԴ-ի հետ։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
– Ամենակարևորն այստեղ Ձեր վերջին դիտարկումն էր` հարաբերությունների բնույթը, այո, պետք է փոխվի։ Այդ հարաբերություններն ապագայում ևս չեն փոխվի, եթե տեղի չունենա մի մակրոքաղաքական պրոյեկտ` երկխոսություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև, այդ երկխոսությունը ևս պետք է փոխվի։ Այս պահին երկխոսությունը Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև գերլարված է, որին իր պատասխանն է տալիս Մոսկվան։ Եթե ՌԴ-ն ու Արևմուտքը կարողանային փոխել իրենց երկխոսությունը, վերադառնային Փարիզյան համաձայնագրի ոգուն, ապա դա իդեալական սցենար կլիներ, սակայն, եթե մենք գոնե շարժվեինք այս ուղղությամբ, եթե նրանք զիջեն մի շարք հարցերում, օրինակ` Ասադի հարցում, Իրանի հարցում որոշակի բեկում ունեցանք, Ուկրաինայում, կփոխակերպվեր իրավիճակը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, քանի որ ՌԴ-ն այս երկու երկրներին պահում է՝ որպես պատանդներ, այսինքն` ՌԴ-ն խաղարկում է։
Եթե ես լինեի Կրեմլում Պուտինի խորհրդականը, կանեի նույնը, ամենայն հավանականությամբ։ Ի՞նչ կարող եմ անել ես, եթե ես չեմ պայմանավորվել Չինաստանի հետ գազի մատակարարման հարցի շուրջ, Արևմուտքն ինձ ճնշում է, մերժում։ Ռուսաստանը ստիպված է ապակայունացնել իրավիճակը, եթե փոխվեն այդ հարաբերությունները, եթե կողմերը զիջումների գնան, ապա Հարավային Կովկասում խաղի կանոնները կսկսեն փոխվել և՛ Ձեր, և՛ վրացիների և՛ ադրբեջանցիների համար։ Ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել, վստահ եմ։