Հայաստանը՝ Հյուսիսից դեպի Իրան մուտքի դարպաս և հակառակը՝ Իրանից դեպի Հյուսիս ելքի դարպաս

«168 Ժամի» զրուցակիցն է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– Իրան-«Վեցյակ» համաձայնությունից ամիսներ անց՝ նախօրեին, վերջապես չեղարկվեցին Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցները, և, ինչպես տեղեկացրեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Իրանը նոր էջ կբացի աշխարհի հետ իր հարաբերություններում։ Ի՞նչ սպասել այսուհետ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունից՝ հաշվի առնելով նաև Իրանի նոր խնդիրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ։

– Այսօրվա Իրանի հնարավորությունները համարժեք գնահատելու համար պետք է հասկանանք՝ ինչ էին այդ պատժամիջոցները, և որ պատժամիջոցներն են վերացվել։ Վերացվել են այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին, այսինքն՝ պատժամիջոցների մի որոշակի խումբ դեռևս գործում է, և խոսքը հատկապես անարդար պատժամիջոցների մի խմբի մասին է, պատժամիջոցներ, որոնք կապված են Իրանի հրթիռային ծրագրի և, այսպես կոչված, ահաբեկչությանը հովանավորելու՝ Իրանի գործողությունների հետ, դրանք ԱՄՆ-ի կողմից են հիմնականում կիրառվում։

Այդուհանդերձ Իրանը ստացել է նշանակալի միջոցներ, զգալի գործիքներ տարածաշրջանում ամրապնդելու արդեն իսկ բավական ընդլայնված ազդեցությունը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Միայն Իրանին պատկանող միլիարդների հասնող գումարները, որոնք ապասառեցվելու են, կարող են զգալի ազդեցություն ունենալ ոչ միայն՝ երկրի ներքին տնտեսական կյանքն ակտիվացնելու, այլև՝ Իրանի բարեկամ երկրների հետ որոշակի գործընթացներ սկսելու և սառեցված գործընթացները վերակենդանացնելու առումով։ Բնականաբար, պետք է սպասել Իրանի տարածաշրջանային ազդեցության աճ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտում, ընդ որում, պետք է նկատի առնել այն, որ Իրանը, ի տարբերություն իր մրցակից երկրների, այդ թվում՝ Սաուդիան Արաբիայի և Թուրքիայի, ունի հսկայական չիրացված ներուժ նաև տնտեսության ոլորտում։

Այդ ներուժը սկսելու է աստիճանաբար իրացնել։ Եթե մենք դիտարկելու լինենք հարցը քաղաքական հարթության մեջ, ապա բնական է, որ Իրանն ինչ-որ առումով կվերանայի իր հարաբերությունները նաև այն երկրների հետ, որոնք ունեն հակաիրանական դիրքորոշում, բայց որոնց հետ հարաբերությունների արտաքուստ ձևական կողմը պահելը շատ կարևոր է Իրանի համար նաև այն առումով, որ դրանք նպաստում էին Իրանի կողմից պատժամիջոցները շրջանցելու գործընթացին։ Մենք գիտենք, որ պատժամիջոցները շրջանցելու խողովակ է հանդիսացել Թուրքիան, այդպիսի խողովակ է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները, և այս առումով այդ երկրների դերակատարությունն Իրանի համար նվազելու է, իրանցիները ստանալու են նոր հնարավորություններ նման երկրներին ադեկվատ արձագանքելու համար։

– Հայ-իրանական հարաբերություններում Իրանն ի՞նչ շահեր է հետապնդում։ Ի՞նչն է հետաքրքրում Իրանին Հայաստանի հետ հարաբերություններում։

– Իրանն իր շահերը տեսնում է մերձավորարևելյան տարածաշրջանում՝ առաջին հերթին, և դրան անմիջապես հաջորդում է Հարավային Կովկասը՝ որպես կենսական շահերի գոտի Իրանի համար, և Հարավային Կովկասում Իրանի հետ ամենաբարձր քաղաքական հարաբերություններ պահպանող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է եղել, և, ընդ որում, ՀՀ-ն այդ հարաբերությունները պահպանել ու զարգացրել է Իրանի համար նույնիսկ ամենածանր օրերին՝ չտրվելով միջազգային հանրության ճնշումներին, հստակորեն որդեգրելով իրանամետ դիրքորոշում, որը բխել է նաև մեր շահերից։

Այս առումով պատժամիջոցներից զերծ Իրանը Հայաստանը դիտարկում է՝ որպես չափազանց կարևոր երկիր, որը զգալի դերակատարություն պետք է իրականացնի և ապահովի Իրանի կապը դեպի Հյուսիս, խոսքը նախևառաջ Պարսից Ծոցը Սև ծովին կապելու դերակատարության մասին է, և ինչո՞ւ ոչ՝ նաև Իրանը՝ Վրաստանին, ինչո՞ւ ոչ, նաև Ռուսաստանին կապող կարևորագույն միջնորդ կամ օղակ երկիր, որովհետև իրանցիների տեսանկյունից՝ Հայաստանն այն կարևոր օղակն է, որը պատմականորեն եղել է Իրան-Ռուսաստան հարաբերություններում, հաշվի առնելով այն, որ հայերս չափազանց լավ ճանաչում ենք թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը։ Այս հարաբերությունների մյուս կարևոր կողմը Հայաստանի դերակատարությունն է ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում, Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ ԵԱՏՄ շրջանակներում, և այս առումով ունիկալ դերակատարություն կարող է ստանձնել։ Եթե ամփոփենք, Հայաստանը կարող է լինել Հյուսիսից դեպի Իրան մուտքի դարպաս, և հակառակը՝ Իրանից դեպի Հյուսիս ելքի դարպաս։

– Նավթի գների շարունակական անկման և տատանումների պայմաններում Իրանն ու Ռուսաստանն իրար մրցակիցներ են դառնում էներգակիրների շուկայում, նշեցիք Իրան-Ռուսաստան հարաբերություններում Հայաստանի դերակատարման մասին, հնարավոր է Հայաստանը բացասականորեն օգտագործվի այս հարաբերություններում, օրինակ՝ շատ է խոսվում, որ Հայաստանը կարող է օգտագործվել Իրանի հնարավորությունները, հավակնությունները սահմանափակելու հարցում։ Ի՞նչ վտանգներ կան Հայաստանի համար այստեղ։

– Երկու սցենար կա։ Մեկը ձեր նշածն է։ Հնարավոր է՝ ռուսական կողմի մոտ վախեր լինեն՝ կապված Իրանի ընդարձակման հետ։ Հաջորդ սցենարը, որը, թերևս, ըստ իս, ավելի իրատեսական պետք է համարել՝ հաշվի առնելով առկա գործընթացներն ու դրանց արդյունքները, Ռուսաստանի մասնակցային ներկայությունն է Իրանի մեկուսացումից դուրս գալու գործընթացում։

Եթե մենք դիտարկելու լինենք այս վերջին սցենարը, դրա վառ ապացույցներից մեկը վերջերս Երևանում կնքված այն համաձայնությունն էր, ըստ որի՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը և Իրանը պատրաստվում են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի միջոցով ապահովել էներգետիկ միջանցք, որտեղ Ռուսաստանը ոչ միայն դեմ չէ հանդես գալիս, այլև մասնակցում է այդ գործընթացին։ Կարծում եմ՝ այլ հարցերում ևս Ռուսաստանում որոշում կայացնող քաղաքական վերնախավի մոտ նման կեցվածք պետք է ձևավորվի։ Անկախ ամեն ինչից, մասնակցային ներկայությունը տարբեր ծրագրերում ավելի ձեռնտու է, եթե հաշվի առնելու լինենք նաև այն հանգամանքը, որ անկախ Ռուսաստանի դիրքորոշումից՝ Իրանը դուրս է գալու միջազգային շուկաներ։

Այս առումով ավելի տրամաբանական կլինի, որպեսզի օգտագործվեն Հայաստանի հնարավորությունները՝ երկու կողմերի կողմից էլ ապահովելու այդ ելքը, որովհետև ՀՀ-ն դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և գրեթե դաշնակցային հարաբերություններ Իրանի հետ, ուստի գրեթե անտրամաբանական է, որ այս երկրները, բացի Հայաստանից, այլ ելքեր տեսնեն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանային լարվածությունը թույլ չի տալիս նման ելքեր ապահովել Թուրքիայի տարածքով, որտեղ պարբերաբար պայթեցումներ են լինում քրդական հարցի սրացման հետևանքով։

Ադրբեջանի տարածքը ևս վտանգավոր է Իրանի համար՝ քանի որ հակաիրանականությունն առաջին տեղն է զբաղեցնում հակահայկականությունից հետո կամ առաջ։ Այս առումով Հայաստանը բնական միջանցք է Իրանի համար, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, հարաբերությունները երկու կողմերի հետ, հաշվի առնելով նաև այն, որ, եթե Ռուսաստանը խնդիր ունի՝ Վրաստանին վերադարձնել իր ազդեցության ուղեծիր, պետք է օգտվի այս հնարավորությունից։ Խոսքը նաև գազային տրանզիտների մասին է։

– Պարոն Ոսկանյան, Վրաստանի իշխանությունների հայտարարությունները, թե ադրբեջանական SOCAR-ը չի բավարարում իրենց պահանջարկը, կարծես գազային տրանզիտի նոր սխեմաներ են ձևավորում, որոնց նպատակը դեռ շատ փորձագետների համար աղոտ ու անտեսանելի է։ Ի՞նչ է կատարվում, ըստ Ձեզ։

– Առայժմ վերջնական դատողություններ անելը սխալ է։ Հաշվի առնելով հատկապես իրանական կողմի հայտարարությունն այն մասին, որ Իրանը դեպի Վրաստան գազամատակարարման միակ միջանցքը տեսնում է Հայաստանով, և նաև վրացական կողմի շահագրգռվածությունը՝ դիվերսիֆիկացնել իր գազային կախվածությունն Ադրբեջանից, թույլ է տալիս ենթադրելու նաև ռուսական կողմի ակտիվության մասին, և ենթադրելու, որ գործընթացներն ունեն մեզ համար դրական ելքի հնարավորություն, և այդ հնարավորությունները բավական մեծ են, և կրկնեմ, որ դեռևս նախնական փուլում են, և դեռ վաղ է դատողություններ անելու համար։ Սակայն ուրախալի է արդեն իսկ այն փաստը, որ Հայաստանի տրանզիտային ճանապարհն ամենաընդունելի տարբերակն է այս ողջ գործընթացում։

Տեսանյութեր

Լրահոս