Սամվել Մարտիրոսյանը մտահոգիչ է համարում Հայաստանում կրիպտովիրուսների արագ տարածումը

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Հայաստանում համացանցից օգտվողների թիվը հասել է 60%-ի, բայց այդ թիվը, ըստ նրա՝ ներառում է 14 տարեկանից բարձր մարդկանց, և, եթե փոքրերին էլ ներառենք, այն կմեծանա։ Փորձագետի կարծիքով` հետագայում էլ մեզ մոտ այդ թիվն արագ չի աճի. «Հայաստանում ինտերնետի բաժանորդագրության գները բավականին ցածր են, բայց բնակչության 1/3-ի համար դա էլ լուրջ բեռ է, ու աճը կդանդաղի»:

Նա նշեց, որ Եվրոպայի բնակչության 90%-ն օգտվում է ինտերնետից, որովհետև պետական գործառույթները ցանցով են իրականացվում. «Այնտեղ բնակչությանն ինտերնետը պետք է՝ որպես գործիք։ Ամբողջ աշխարհում զարգանում է նաև էլեկտրոնային կոմերցիան։ Հայաստանում ինտերնետը կենսական պահանջ չէ, այստեղ առանց դրա էլ կարելի է ապրել։ Հայաստանյան օգտատերը, համեմատած այլ երկրների օգտատերերի հետ, շատ անկիրթ է։ Համակարգչային գրագիտությունը Հայաստանում բացակայում է։ Ո՛չ դպրոցական ծրագրերն են այսօր համապատասխանում 2016թ. հունվարին, ո՛չ էլ դպրոցն ավարտածները հնարավորություն ունեն կրթվելու, որովհետև բազմաթիվ կուրսեր չեն թարգմանվել հայերեն»:

Նա լուրջ խնդիր է համարում այն, որ անձնական տվյալները մեզ մոտ պաշտպանված չեն. «Անձնական տվյալների պաշտպանության համար ստեղծվեց կառույց, բայց դրա շուրջ հետաքրքրասիրություն չեմ տեսնում։ Դա հետսովետական մտածելակերպ է։ Սովետական Միությունում բոլորն իրարից տեղյակ էին, ու դա պահպանվում է նաև հիմա։ Սովորաբար դա բերում է անձի հափշտակման, երբ ամբողջ տվյալները կուտակելով` կարելի է մարդուն կլոնավորել ու իր անձից ինչ-որ գործողություններ անել։ Մարդն իրեն զգում է անպետք ու համարում, որ անձնական տվյալների պաշտպանություն իրեն պետք չէ»:

Ըստ մեդիափորձագետի՝ վիրուսները սոցցանցերում, արդեն այդպես համաճարակային չեն տարածվում, բայց նա մտահոգիչ է համարում Հայաստանում կրիպտովիրուսների արագ տարածումը. «Դրանք վիրուսներ են, որոնք մտնում են համակարգչի մեջ և բոլոր ֆայլերը կոդավորում են: Վերականգնելու համար մարդը ստիպված է հիպերավազակներին գումար վճարել, սակայն մեկ-մեկ վերականգնում են, մեկ-մեկ՝ ոչ: Սա արդեն համաճարակի նման է: Կոդավորողները դա անում են յուրահատուկ ձևով, այսինքն՝ ներթափանցելով համակարգիչ, մոտավորապես պատկերացում են կազմում, թե ինչ տիպի ֆայլեր են այնտեղ, և ով է համակարգչի տերը: Հասարակ տնային տնտեսուհուց այնքան գումար չեն պահանջի, որքան, ասենք, հաշվապահից»:

Նա ընդգծեց՝ այդ վիրուսներից վարակվելն այդքան էլ հեշտ չէ. «Ստանում են նամակ, որտեղ գրված է՝ շատ կարևոր փաստաթուղթ է, բացիր: Մեջը zip է դրված, որի մեջ ևս մեկ zip է դրված, նոր այդ ֆայլն է: Այդպես են անում, որովհետև էլեկտրոնային փոստերն ունեն իրենց հակավիրուսային ծրագրերը և գոնե նախնական ստուգում են: Բայց եթե zip-ի մեջ zip է դրված, չեն կարողանում մեջը ստուգել, զգուշացնում են, որ՝ ներբեռնիր, բայց հաշվի առ, որ ստուգված չէ: Մարդը ներբեռնում է, zip-ը բացում, միջից նորից է բացում, մեջը exe ֆայլ է, ինչը նշանակում է, որ ծրագիր է տեղադրում, փաստաթուղթ չէ: Մարդն այդ exe ֆայլը բացում է, համակարգիչը հարցնում է՝ համոզվա՞ծ ես, որ ցանկանում ես տեղադրել, ու գրած է՝ cancel կամ run, ասում է՝ իհարկե՝ run, ու ինքն իր ձեռքով վիրուսը տեղադրում համակարգչի մեջ»:

Հարցին, թե անտիվիրուսները չե՞ն պաշտպանում համակարգիչներն այդ վիրուսներից, մեդիափորձագետը պատասխանեց. «Անտիվիրուս դնելիս ստորագրում եք պայմանագիր, որով խոցելիություններից պաշտպանվածությունը չի երաշխավորվում: Վիրուս գրողներն օգտվում են ինչ-որ խոցելիություններից, որոնցից անտիվիրուսային լաբորատորիաները տեղյակ չեն։ Աշխարհում գոյություն ունի չհայտնաբերված խոցելիությունների վաճառքի սև շուկա: Բացի այդ, Հայաստանում անտիվիրուս կրողների թիվը մեծ չէ։ Շատերն ունեն, բայց անջատում են, որովհետև խանգարում է»։

 

Տեսանյութեր

Լրահոս