
Ինչու բենզինը շատ չի էժանանում

Հայաստանում վաճառվող բենզինի գինը անցած տարվա 470 դրամից նվազել և հասել է 410 դրամի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավաստիացնելով, որ բենզինի շուկան գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու բենզինը նավթի գնանկմանը համարժեք չափով չի էժանանում, Շաբոյանը կրկին բերել է այն հիմնավորումը, որ նավթի տեսակարար կշիռը բենզինի գնի մեջ փոքր է, հետևաբար մեկ միավոր նավթի գնի փոփոխությունը շատ քիչ ազդեցություն է թողնում վաճառվող բենզինի գների վրա։ «Մոտ 13 տոկոսով բենզինի գինը մեր երկրում նվազել է: Համաձայն մեր ուսումնասիրության արդյունքների, Հայաստանում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտ 7 տոկոս, քանի որ մենք ներկրում ենք Ռուսաստանից»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը՝ պարզաբանելով, որ ուսաստանում էլ նավթի տեսակարար կշիռը բավականին փոքր է՝ պայմանավորված արդյունահանման մեծ ծախսերով։
Արտակ Շաբոյանն ընդգծել է նաև հարկերի դերը՝ նշելով, որ Ռուսաստանում բենզինն ավելի մեծ չափերի հարկերով են հարկում. «Ավելին, երբ որ արդեն ներմուծվում է Հայաստան, այստեղ բենզինը ևս մեծ չափով հարկվում է, և բենզինի գնի մեջ մեծ տեսակարար կշիռ են պարունակում հակերը»: