«Սպանության ձեռագիրը պատժիչ բնույթ ունի». ինչո՞ւ սպանվեցին Ավետիսյանները, և ինչպես Պերմյակովը հասավ սահման

2015թ. հունվարի 12-ին, այս ժամերին 6 ամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը պայքարում էր կյանքի համար: Մանկահասակ երեխան մահացավ հիվանդանոցում՝ դեպքից յոթ օր անց. մոր գրկում գտնվող երեխան սվին-դանակի 5 հարված էր ստացել: Սերյոժայի հարազատներն ինքնաձիգից արձակված կրակոցներից տեղում սպանվել էին: Մյասնիկյան 188 հասցեում բնակվում էին Աիդա, Հասմիկ, Սերյոժա, Արմեն Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանը։
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 1 տարի է անցել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան և քննվում է արտագնա դատական նիստով: Ու թեև դեպքի վերաբերյալ պարբերաբար պարզաբանումներով հանդես է եկել նախաքննությունն իրականացրած մարմինը, հրապարակային ելույթներով հանդես են եկել պաշտոնյաներ, Ավետիսյանների հարազատներն ու իրավահաջորդների ներկայացուցիչները, դեպքի հետ կապված մի շարք հանգամանքներ չպարզաբանված են մնում:

Ինչո՞ւ հագուստները մնացին Ավետիսյանների տանը
Դեպքի վայրից հայտնաբերվել էր ՌԴ զինված ուժերի տաբերանշանով զինվորական համազգեստ. զինվորական կոշիկների վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը: Առնվազն հարց է առաջանում, թե ինչու պետք է անձը հանցագործության վայրում թողներ իրեր, որոնց առկայության դեպքում առնվազն կասկած կառաջանար, որ ինքը եղել է այդ տանը: Այս առնչությամբ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «168 Ժամի» հետ զրույցում նշել էր, որ գոյություն ունի հանցագործության նման տեսակ՝ оставление визитной карточки` «այցեքարտը թողնելը». երբ հանցագործը հանցագործություն է կատարում և իր կողմից «այցեքարտ» թողնում, օրինակ՝ որոշակի իրեր: Հանցագործության վայրում «այցեքարտ» թողնելով՝ ցանկանում է շեշտադրել, որ ինքն է կատարել այդ հանցագործությունը, դիտավորյալ կատարվում է որոշակի արարք՝ անպայման իր անձը շեշտադրելու համար, և, որ համապատասխան փորձաքննության արդյունքում կստացվեր այն հարցի պատասխանը, թե ինչ տիպի հանցագործություն է կատարվել:

Ինչպե՞ս հասավ սահման
Գլխավոր հարցերից մեկը, որն առնչվում է այս գործին, վերաբերում է Վալերի Պերմյակովի՝ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված հասնելուն: Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Պողոսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը «168 Ժամի» հետ զրույցում հայտնել էր, որ, ըստ քրեական գործի նյութերի՝ Վալերի Պերմյակովը ոտքով է գնացել սահման: Նա նշել էր, որ այդ տվյալը հիմնված է միայն գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի ցուցմունքի վրա, բացակայում են այլ փաստեր, որոնք հիմնավորում են նրա ցուցմունքը: Հատկանշական է, որ դատական հոգեբան Էլդա Գրինը, ով մասնակցել է Վալերի Պերմյակովի նկատմամբ նշանակված փորձաքննության կատարմանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնել է, որ Վալերի Պերմյակովը բոլորովին չէր էլ պատկերացնում Հայաստանի, Ռուսաստանի աշխարհագրական դիրքը: Եթե հանցագործությունը հենց նա է կատարել, ապա ինչպե՞ս է աշխարհագրական դիրքը չպատկերացնող անձը ոտքով հասել սահման:

Ինչո՞ւ կատարվեց սպանությունը
ՀՀ քննչական կոմիտեն, որի վարույթում քննվել է քրեական գործը, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք: Արաքսյա Պողոսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, մեզ հետ զրույցում խոսելով սպանության դրդապատճառի մասին, ասաց, որ այն հիմնավորված, բացահայտված չէ. «Ի դեպ, նաև ասեմ, որ հենց դրդապատճառի չբացահայտման փաստն արդեն իսկ խոսում է քրեական գործի ոչ արդյունավետ լինելու մասին: Այսինքն՝ հանցագործությունը բացահայտված չէ: Հանցագործության կարևոր տարրերից մեկը դրդապատճառն է, եթե դա չի հիմնավորված, չի բացահայտված, հետևաբար՝ հանցագործությունը բացահայտված չէ: Անցյալ տարվա ընթացքում ես առիթ ունեցել եմ մեկ անգամ անդրադառնալ, մեկ անգամ ևս անդրադառնամ: Սպանության ձեռագիրը պատժիչ բնույթ ունի: Քրեագիտությունից քիչ թե շատ գաղափար և փորձ ունեցող մարդը պետք է դա միանշանակ հասկանա, որովհետև պատժիչ գործողություն է եղել»: Ի դեպ, Արթուր Սաքունցի խոսքով՝ դրդապատճառը, որը հիմնավորված է համարում վարույթն իրականացնող մարմինը, հիմնված է բացառապես Վալերի Պերմյակովի ցուցմունքի վրա:
Նա նշեց, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները տրված չեն: «Ավելին, ակնհայտ և աղաղակող հակասություններ կան հենց նույն քրեական գործի նյութերի մեջ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Կարդացեք նաև

Տարբեր որակներ
Քրեական արդարադատության ոլորտի փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը «168 Ժամի» հետ զրույցում խոսելով այն մասին, որ Ավետիսյանների սպանության դեպքում հանցագործության երկու տարբեր եղանակների հետ գործ ունենք, նշել էր, որ գործողությունները տարբեր որակներ են ենթադրում: «Հրապարակված տեղեկությունների համաձայն` վնասվածքներ են հասցվել հրազենով և սվին-դանակով: Սրանք գործողություններ են, որոնք տարբեր ունակություններ, հանցագործություն կատարելու տարբեր փորձ, նպատակներ և դրդապատճառներ են ենթադրում: Այդ որակները հաճախ կարող են նույնիսկ հակադրվել միմյանց: Այսինքն` մի կողմից` կարող է խոսք լինել հուզակայունություն ունեցող, մյուս կողմից` անկայուն անձի մասին, մի դեպքում՝ նյարդահոգեկան կայունություն ունեցող, մյուս դեպքում` անկայուն անձի մասին: Առկա տվյալներով, տեղեկատվությամբ՝ շատ դժվար է ասել` արդյոք հանցագործություն կատարողը մե՞կն է եղել, թե՞ ոչ: Կարող եմ սահմանափակվել նրանով, որ այս գործողությունները տարբեր որակներ են ենթադրում»,- ասել էր նա:

Ի դեպ, դատական հոգեբան Էլդա Գրինը «168 Ժամի» հետ զրույցում հայտնել էր  , որ, երբ ինքը Վալերի Պերմյակովին հարցրել է, թե արդյո՞ք նա միայնակ է եղել, վերջինս պատասխանել է, որ, եթե մենակ էլ չլիներ, չէր ասի: Նրա խոսքով՝ Վալերի Պերմյակովը մեղսունակության սահմաններում է՝ չնայած ունի որոշակի խնդիրներ և աֆեկտի վիճակում էլ չի գտնվել:

Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում, գնահատելով իրականացված քննության որակը, ասաց, որ նախաքննության ընթացքում, ինչպես նաև՝ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո, իրենք ներկայացրել են մի շարք միջնորդություններ: Ըստ էության՝ բավարարվել է միջնորդություններից մեկը, որը վերաբերում էր սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքով մեղադրանքի առաջադրմանը: «Բայց բոլոր այն միջնորդությունները, որոնք վերաբերում էին հանցագործության կատարման հնարավոր փաստերի ոչնչացմանը, Պերմյակովին ապօրինի ռուսական բազայում պահելուն և Պերմյակովին հայկական կողմին չհանձնելուն, այսինքն՝ ընթացակարգային նման խախտումների վերաբերող միջնորդությունները մերժվել են, իսկ հանցագործության քննության արդյունավետության, օբյեկտիվության, բազմակողմանիության, լրիվության տեսակետից ընթացակարգային նորմերի պահպանումն առավել քան բովանդակային նշանակություն ունի, որը պետք է կարգավորվեր հայ-ռուսական պայմանագրի նորմերով և Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի նորմերով: Պետք է ասեմ, որ քննությունն իրականացվել է ըստ էության թե՛ պայմանագրի, թե՛ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով, և այդ պատճառով էլ ես չեմ կարող քննությունը համարել ոչ բազմակողմանի, ոչ լրիվ և ոչ էլ օբյեկտիվ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Ինչո՞ւ Պերմյակովը հայտնվեց ռուսական ռազմաբազայում
ՀՀ իրավապահ մարմինները կարծես թե գնահատական չեն տվել այն հարցին, թե ինչու Վալերի Պերմյակովը ձերբակալվելուց հետո հայտնվեց ռուսական ռազմաբազայի տարածքում: Ազգային ժողովում Ավետիսյանների սպանության դեպքի հետ կապված խորհրդարանական լսումների ընթացքում հարցին՝ արդյո՞ք պարտավոր էին սահմանախախտին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դրական պատասխան էր տվել՝ նշելով, որ այդ հարցը քննության առարկա է: «168 Ժամի» հարցին՝ արդյո՞ք այս հարցը քննության առարկա դարձել է, և արդյո՞ք տրվել են գնահատականներ, Գևորգ Կոստանյանը պատասխանել էր. «Ես խնդրում եմ, որպեսզի նորից վերհանեք: Ես իմ հայտարարության մեջ սահմանել եմ հետևյալը՝ այո, պարտավոր էին, և այո, եթե սահմանապահ ծառայությունը կատարել է որևէ հանցանք կամ իրավախախտում, դրանք պետք է քննության առարկա դառնան: Եվ կարծում եմ, որ դա քննության առարկա է դարձել: Ասեմ՝ ինչու: Որովհետև Ռուսաստանի Դաշնության՝ սահմանապահ ծառայություն իրականացնող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին պայմանագրով (եթե չեմ սխալվում, դա 1992թ. պայմանագիրն էր), սահմանապահ ծառայողների կողմից իրավախախտումների և հանցագործությունների վերաբերյալ քննությունը ՌԴ իրավապահ մարմինների յուրիսդիկցիայի հարց է, և ՀՀ իրավապահ մարմինների յուրիսդիկցիայից դուրս է: Հետևաբար՝ մենք չենք կարող այդ առումով քննություն իրականացնել»:

Վալերի Պերմյակովը կարո՞ղ է սատանիստ լինել
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը դատաքննություն ընթացքում նշել է,  որ քրեական գործի նյութերում առկա է ՌԴ քննիչի կողմից կազմված զննության արձանագրությունը, որի շրջանակներում մեղադրյալ Վ. Պերմյակովի մասնակցությամբ զննման է ենթարկվել նրա կողմից օգտագործվող «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի էջը: Զննությամբ պարզվել է, որ Վ. Պերմյակովը նամակագրություն է ունեցել նաև «Պալիչ նեպոսրեդստվեննո» էջի հետ: Քննիչի հարցին, թե ո՞ւմ է պատկանում նշված էջը, Վ. Պերմյակովը պարզաբանել է, որ այդ էջից օգտվում են մեծ թվով մարդիկ: Այդ էջը ձևակերպված է իր անունով: «Կապված» է իր հեռախոսահամարին: Քննիչը Վ. Պերմյակովին հարց է տվել, որ նա դիմել է այդ էջին ծանոթանալու ցանկությամբ, ինչից հետո, հաշվի առնելով ամիսների ընթացքում նամակագրության բացակայությունը, այսպես կոչված, սատանայի հետ պայմանագիր է գրել հետևյալ բովանդակությամբ. «… դրսևորես ցանկացած անուշադրություն, այդ ժամանակ այս պայմանագիրը և միությունը չեղյալ են համարվում և ընդմիշտ կորցնում են ուժը: Վերը նշված խոստումների փոխարեն ես երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց: Բացի այդ՝ ես հրաժարվում եմ Աստծուց, ինքը Սուրբ Երրորդությունից, ես ամբողջովին հրաժարվում եմ այն երդումներից, որոնք տրվել են հանուն ինձ մկրտության ժամանակ և ենթարկվում եմ քեզ մարմնով և հոգով ընդմիշտ և հավերժ»:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Աշոտ Մանուչարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հանցագործությունների նպատակն անձանց տանջելն է, որքան արյուն շատ լինի, այնքան գործողությունը սատանայահաճո է: Նախ՝ պետք է իմանալ, թե երեխայի մարմնի որ մասերին է հարվածել: Եթե հարվածներ կան անձի կոկորդին, սրտին, ապա դա կարող է համարվել ծիսական զոհաբերություն: Աշխատում են զոհաբերել չմկրտված տղա երեխաների:

Դեպքի հետ կապված կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց պատասխանները դատավարության ընթացքում կամ ավարտին կստացվե՞ն, թե՞ ոչ, հնարավոր չէ ասել: Ամեն դեպքում Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկության դեպքում հանգամանքները պարզելու հնարավորություն կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս