«Զղջանքի արտահայտություն էլ չզգացի Պերմյակովի դեմքի վրա». դատական հոգեբան

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարեցին, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը սատանիստ է: Ըստ նրանց՝ Վ. Պերմյակովի «Օդնոկլասսնիկիի» էջը զննելու ընթացքում հայտնաբերվել է պայմանագիր սատանայի հետ, որում մասնավորապես նշված է. «…դրսևորես ցանկացած անուշադրություն, այդ ժամանակ այս պայմանագիրը և միությունը չեղյալ են համարվում և ընդմիշտ կորցնում են ուժը: Վերը նշված խոստումների փոխարեն` ես երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց: Բացի այդ՝ ես հրաժարվում եմ Աստծուց, ինքը Սուրբ Երրորդությունից, ես ամբողջովին հրաժարվում եմ այն երդումներից, որոնք տրվել են հանուն ինձ մկրտության ժամանակ և ենթարկվում եմ քեզ մարմնով և հոգով ընդմիշտ և հավերժ»: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք դատական հոգեբան Էլդա Գրինի հետ, ով նաև մասնակցել է Վ. Պերմյակովի նկատմամբ կատարված փորձաքննությանը:

Elda Grin1
– Տիկին Գրին, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները նշեցին, որ Վալերի Պեմյակովը սատանիստ է:

– Դա պետք է ստուգվի, որովհետև դեմքից կամ, ասենք, խոսքից չի երևում: Ինքն իրեն պատշաճ էր պահում, նույնիսկ ինչ-որ պահ զգացի, որ շփման կարիք ունի, պատմում էր հանգիստ, ինտելեկտը ցածր էր, քննադատական միտքը նույնիսկ միջին մակարդակի չէր, բայց զղջանքի արտահայտություն էլ չզգացի դեմքի վրա: Շատ հանգիստ, ժպիտով էր մեզ հետ՝ հոգեբանների և ինձ հետ, և ուրախ էր, որ հանգիստ են խոսում իր հետ, մարդավարի, ուղղակի զրույցի ոճով ենք խոսել: Եվ ամբողջ գործողությունների պատճառաբանությունը հիմնականում հետևյալն էր, որ ինքը պարզապես չէր ցանկանում բանակում ծառայել, շատ էր կարոտել ծնողներին, այն հարազատ վայրը, որտեղ ինքն ապրել էր, և այդպիսի պլան էր մշակել: Երբ ես հարցրի՝ մենա՞կ ես արել, դա մի քիչ հավատալու չէ, որ այդ արագությամբ կարողանար բոլորին այդպես ոչնչացնել, ասաց՝ եթե մենակ էլ չլինեի, չէի ասի:

– Նման փորձաքննությունների ընթացքում փորձաքննվողներին նաև թեստեր են տալիս: Նա այդ ամենի հանդեպ հետաքրքրություն դրսևորո՞ւմ էր:

– Այո, հետաքրքրություն դրսևորում էր, ինքն ընդհանրապես ուրախ էր, որ (հոգեբանները չեն կարող կոպիտ խոսել կամ վանել) շփվում է մարդկանց հետ, որոնք ուզում են ճիշտն իմանալ, հետը խոսում են: Դա նրան դուր էր գալիս, ես այդպես եմ կարծում: Ու հարցերին մտածված էր պատասխանում, ես չէի ասի, որ չմտածված էր պատասխանում, բայց պատրաստակամորեն:

– Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները նշել են, որ երեխաների սպանության մասին խոսելիս Վ. Պերմյակովն ասել է, թե չի հասկանում՝ ինչպես է դա արել, երեխաներն իր համար «ծաղիկներ» են…

– Ինքն ասաց, որ սովորաբար երեխաներին միշտ սիրել է, և դեպքեր կային, եթե փոքրիկին նեղացնում էին (ոչ միայն իր հարազատների շրջանակում, այլ ընդհանրապես), ինքը միշտ պաշտպանել է, թե այդ ինչպես կատարվեց, ինքը չի կարող ճիշտ կողմնորոշվել և գնահատականը տալ:

– Ներկայացուցիչները հայտնել են նաև, որ նա հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, սակայն դրանք նրան անմեղսունակ չե՞ն դարձնում:

– Ինքն անմեղունակ չէ, ինքը մեղսունակության սահմաններում է, պարզապես փսիխոպատիկ գծեր ունի և որոշ այլ այդպիսի դրսևորումներ, սակայն դրանք հնարավորություն չեն տալիս նրան ընդհանրապես բնութագրել` որպես անմեղսունակ: Նա մեղսունակության սահմաններում է:

– Աֆեկտի վիճակի մասին խոսք կարո՞ղ է գնալ:

– Ոչ, ոչ, բոլորովին: Այնտեղ աֆեկտի հոտ էլ չէր գալիս բոլորովին, որովհետև աֆեկտն այնպիսի հուզական վիճակ է, որն ունի երեք փուլ: Ոչ մի փուլ չկար: Ոչ մի աֆեկտի մասին խոսք չի կարող լինել: Դա կա՛մ նպատակաուղղված էր արված, կա՛մ պարզապես եթե վերցնենք նրա վարկածը՝ կողոպուտի միտումով, պարզապես մեխանիկորեն մեկին սպանելուց հետո բոլորին էլ սպանել է, որպեսզի ինքն իր նպատակին հասնի: Մենք դա կարողացանք հասկանալ: Բայց աֆեկտը բացառվում է: Ամբողջ աշխարհում ոչ մի փորձագետ նրա մոտ երբեք աֆեկտ չի գտնի: Դա աբսուրդ է:

– Այսինքն՝ եթե ընդունենք, որ հանցագործությունը Վ. Պերմյակովն է արել, նա գիտակցվա՞ծ է գործել:

– Գիտակցված, նպատակաուղղված: Ինքն այսպես է մեկնաբանում, որ ինքը սկզբից նպատակ չուներ ոչ ոքի սպանելու, պարզապես ուզում էր փող հայթայթել ու գնալ, իրականացնել այն ծրագիրը, որը մշակել էր, որպեսզի հասներ այնտեղ, որտեղ ծնվել, մեծացել է: Դա նրա նպատակն էր, բայց նա ներկայացնում է, որ հանգամանքների բերումով դա արեց:

– Նախապես չի ծրագրել:

– Նախապես չի ծրագրել, իբր ընտանիքն էլ պատահական էր:

– Այսինքն՝ սատանիստ լինելու հանգամանքը ստուգման միջոցով պետք է պարզվի:

– Այո, իհարկե, պետք է հատուկ փորձաքննություն կատարել և որոշակի եզրակացության գալ, որովհետև միայն զրույցով… երբ մենք ենք արել փորձաքննությունը, այդպիսի վարկած չկար, մենք այդ հարցը չենք էլ շոշափել:

– Իսկ այդ անձանց ի՞նչ հատկություններ են բնորոշ:

– Շատ մասնագիտական նրբություններ կան, որոնք հոգեբանը և ցանկացած մասնագետ պետք է հաշվի առնի: Նախ` նորից ստուգի հոգեկանը, երկրորդը՝ այդ հավատքը մի ամբողջ ոլորտ է, որն իր հետ բերում է ինչ-ինչ հատկություններ, երրորդը՝ ագրեսիվությունը, որովհետև թեստերով նույնիսկ, պատկերացրեք, ագրեսիվությունն այդպես ընդգծված չէր:

Տեսանյութեր

Լրահոս