Ինչ հատկանիշներ են բնորոշ սպանություն կատարողին
Հարցազրույց «Սոցիալական արդարություն» հ/կ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ, հոգեբան Արշակ Գասպարյանի հետ
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ հանցագործության բնութագրման համար կարող է էական նշանակություն ունենալ այն հանգամանքը, թե ինչպես է հանցագործը մտել Ավետիսյանների տուն: Ըստ քննության տվյալների` սպանության մեջ մեղադրվողը տուն մուտք է գործել՝ մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով: Այս հանգամանքը որևէ կերպ կարո՞ղ է բնութագրել հանցագործություն կատարած անձին:
– Հանցագործություն կատարող յուրաքանչյուր անձ դեպքի վայրում գիտակցված կամ ոչ գիտակցված ձևով ինչ-որ հետքեր է թողնում, և դրանք ոչ միայն երևացող մատնահետքերն են, այլև հանցագործի գործողության ձևը: Տուն մտնելու եղանակը ևս այդ գործողություններից մեկն է, որ կարող է խոսել ոչ միայն անձի, այլև նրա կատարած արարքի դիտավորության կամ ազգուշության և այլնի մասին: ԶԼՄ-ներում հանցագործի կողմից Ավետիսյանների տուն մտնելու 3 ձև էր ներկայացված: Ես այդպես էլ չկարողացա գտնել պաշտոնական տեղեկատվությունը, բայց ներկայացված ձևերն էին ապակին կոտրելը, ապակին մեխերից շրջանակով հանելը և դուռը ծեծելն ու մի կնոջ կողմից այն բացելը: Խոշոր հաշվով, երրորդ տարբերակը, կարծես թե, հերքվում է այնքանով, որքանով հատակին ընկած դի չկա (գոնե մամուլում տեղադրված լուսանկարներում այդպես է):
Եթե դիտարկենք վարկածը, որ հանցագործը դռան շրջանակից հանել է ապակին, ապա ձեռքով քաշել սողնակն ու բացել դուռը, առաջին ենթադրությունը կարող է այն լինել, որ բնակարան մուտք է գործում մեկը, ով նախկինում նման կերպով բնակարան մուտք գործելու փորձ կարող էր ունենալ: Շինություն ապօրինի մուտք գործողի հոգեբանական առանձնահատկություններից մեկն այն է, որ նա պետք է հստակ կարողանա գնահատել մուտք գործելու տարածքի (դա կլինի պատուհան թե դուռ) «թույլ կողմը»՝ նույնիսկ, եթե առաջին անգամ է հայտնվում տվյալ շինության մոտ:
Եթե դա արվել է ապակին կոտրելու կամ հանելու միջոցով, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ ընտրվեց հենց այդ տունը, իսկ սա հասարակությանն ամենաշատը տանջող հարցերից մեկն է, ինչը գիտական տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում նաև մեզ համար։ Դա ամենակարևոր հարցերից մեկն է, որին պետք է պատասխանի քննչական մարմինը: Այս առումով, պետք է վերլուծվեն սպանված 5 չափահասների կենսագործունեությունը, նրանց կենցաղը, հարաբերությունները, տեղաշարժը, զբաղվածությունը և այլն: Այս ամենը ևս հուշելու է ենթադրյալ հանցագործի մասին: Ընդ որում, ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ կողմից նշված ցանկացած ենթադրություն պետք է դիտարկել զուտ մասնագիտական վարկածի ենթատեքստում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին կիրառվում է զուտ «պարբերականների վերլուծության» մեթոդը (դեպքի վերաբերյալ նյութերի, փաստաթղթերի և այլ տեղեկատվության բացակայության պատճառով կիրառելի չեն քրեական հոգեբանության բազմաթիվ այլ մեթոդներ):
Այլ բան է, որ մասնագիտական վարկածները ևս արժանի են դիտարկման՝ նվազագույնը դրանք հաստատելու կամ հերքելու առումով: Այս առումով, հոգեբանները կարող են ներկայացնել հնարավոր կասկածյալի հնարավոր անձնային որակներն ու առանձնահատկությունները ևս, որով հնարավոր լինի կասկածյալների շրջանակի նեղացման արդյունքում գտնել հնարավոր մեղավորին:
– Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել` «Պերմյակով», ինչպես նաև` զինվորական համազգեստ: Ինչի՞ մասին կարող է դա խոսել:
– Եթե մենք գործ ենք ունենում դիտավորությամբ, նույնիսկ իրավիճակում ծագած նպատակադրման դեպքում հանցանք կատարած անձի հետ, որպես կանոն, գրեթե չենք կարող խոսել «մոռացված» իրերի մասին (եթե, իհարկե, գործ ունենք հոգեպես առողջ մեկի հետ, ով տուն է մտել՝ նախապես ցանկանալով սպանել, ու սպանել է, կամ մտել է տուն, չի ցանկացել սպանել, բայց ինչ-որ իրավիճակի արդյունքում, հուզական դրսևորման պայմաններում կատարել է այդ գործողությունը): Երկու դեպքում էլ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ պատճառով կարող էին այդ անվանական իրերը գտնվել դեպքի վայրում:
Քրեական հոգեբանությունը, ինչպես նաև կրիմինոլոգիան ունեն վերլուծություններ, թե ինչ առանձնահատկություններ ունեն հանցագործություն կատարած անձինք, ինչ առանձնահատկություններ ունեն հատկապես մարդու դեմ ուղղված հանցարարքները, և այլն: Կան հանցագործություն կատարած անձինք, որոնց կարող ենք «հեղինակային» տիպեր կոչել (ըստ դրդապատճառների): Նրանք հանցագործություն կատարում են (հաճախ` մեծ հնչեղությամբ)՝ սեփական հեղինակությունը բարձրացնելու կամ վերահաստատելու համար: Ի դեպ, հնարավոր է, որ այդ ընտանիքն ընտրվել է ոչ թե այն պատճառով, որ, օրինակ, «խանգարում էր» ինչ-որ ուժերի կամ անձանց, այլ` որովհետև ընդարձակ ընտանիք էր՝ եռասերունդ: Սա, կարծում եմ, կարևոր առանձնահատկություն է:
Այս առումով կատարված հանցագործությունը «հաջողված» կարելի է համարել այն մարդու համար, ով նպատակ ուներ մեծ արձագանք, հնչեղություն ստանալ: Հանցագործություն կատարած որոշ անձանց էլ անվանում են «խաղացող» տիպ (նշված և այլ տիպոլոգիաները ևս պետք է դիտարկել, իհարկե, հարաբերականության ենթատեքստում): Նրանց առանձնահատկություններից մեկը կյանքը որպես խաղ ընկալելն է և ապրելը: Հանցարարքը ևս, կարծես, մի խաղ է, որտեղ կանոնները թելադրում են իրենք:
Եվ, ինչպես ցանկացած խաղում, այս տիպին բնորոշ հանցագործություն կատարողները ևս փորձում են հաղթել իրենց իսկ «ստեղծած» խաղում: Այս դեպքում, որպես «հակառակորդ»` հանդես են գալիս հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր լծվում են հնարավոր մեղավորին բացահայտելու գործին: Սակայն պետք է նշեմ, որ իմ պրակտիկայում գրեթե չեմ հանդիպել նման տիպին պատկանող անձանց, ովքեր կատարել են մարդու դեմ ուղղված հանցագործություն, այն էլ` սպանություն:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունները, այն էլ` սպանությունը, անձնային հատուկ որակներ են ենթադրում: Հուզակամային ոլորտի շատ կարևոր առանձնահատկություններ են անհրաժեշտ, որպեսզի անձը կարողանա մարդ սպանել: Այսուհանդերձ, կարծում եմ` պետք է վերլուծվեն հնարավոր բոլոր տարբերակները: Կարելի է ենթադրել նաև, որ դեպքի վայրում իրեր են թողնվել, օրինակ, պրոֆեսիոնալ մեկի կողմից, ով ցանկացել է շեղել քննության ընթացքը՝ այնտեղ թողնելով մեկ այլ անձին ենթադրաբար պատկանող իրեր: Մենք կարող ենք գործ ունենալ «իրական հանցագործի» հետ՝ շատ խելացի, ինտելեկտուալ անձնավորության հետ, ով կարողանում է վերլուծել, սինթեզել, համադրել, տեսնել իր գործողության ընթացքը և ավարտը, կամ «նորեկի» հետ, ում համար սպանություն երևույթը շատ խորթ է, բայց խորթ չէ սպանության միջոցով հեղինակության հասնելը, խորթ չէ սպանության միջոցով, օրինակ, ինչ-որ խմբերի (այդ թվում՝ հանցավոր աշխարհին) իր մասին լսելի դարձնելը:
Սակայն այս դեպքում, նորեկը, իրեն դույզն-ինչ վատ զգալու դեպքում, օրինակ, մինչև վերջ չէր հասցնի սկսված գործը (ինչպես վերը նշվեց, սպանություն գործելու համար անհրաժեշտ են մի շարք անձնային որակներ ու առանձնահատկություններ): Այս դեպքում, հնարավոր է՝ մենք գործ ունենք մեկի հետ, ով ամեն դեպքում փորձել է ավարտին հասցնել սկսած գործը՝ նույնիսկ փոխելով սպանության «գործիքը» (հրազենի օգտագործումից հետո` սվինով հարվածել է երեխային): Ի դեպ, շատ կարևոր է, որ, ըստ բժշկի (ների) բանավոր հայտարարության՝ երեխայի կենսական օրգանները չեն վնասվել կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներից:
Սա կարող է խոսել նաև մեկի մասին, ով նորեկ է «սպանության գործում» (բայց ոչ ընդհանրապես հանցավոր վարք ցուցաբերելիս), ինչի արդյունքում, դժվարությամբ, բայց կարող ենք ենթադրել, որ դեպքի վայրում թողնված իրերն ուղղակի մոռացել է: Այդ դեպքում, սակայն, արդեն պետք է փորձել վերլուծել, թե ինչու անձը ցանկացավ և, միգուցե, հասցրեց զգեստափոխվել:
Եթե իր համար կարևորը սպանությունն էր, զգեստափոխությունը ենթադրում է նաև, որ հանցագործը փախուստի ճանապարհը ևս մտածել էր: Այս դեպքում արդեն գործ ենք ունենում ոչ թե առաջին անգամ նման բան կատարողի, այլ, ավելի մեծ հավանականությամբ, փորձառու մեկի հետ: Երրորդ դեպքում` պետք է ենթադրենք, որ դրդապատճառներից մեկը վրեժի լուծումն էր, նպատակը՝ սեփական անձի որևէ պահանջմունքի բավարարումը: Համենայն դեպս, վրեժից հետո զգեստափոխվել, ինչ-որ իրեր թողնել ու դուրս գալը պարզունակ վերլուծությամբ ենթադրում է, որ անձը շատ հապճեպ է լքել դեպքի վայրը: Այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչպես նման հախուռն ու հապճեպ իրավիճակում անձը հասցրեց զգեստափոխվել (եթե, իհարկե, արդեն իսկ զգեստափոխված՝ քաղաքացիական հագուստով չէր մտել տուն):
– Ի՞նչ հատկանիշներ են բնորոշ անձին, ով կարող է սպանություն կատարել:
– Մենք պիտի գործ ունենանք խիստ հակասոցիալական, կայուն հանցավոր դիրքորոշումներով, մարդուն որպես արժեք չընկալող, խիստ հուզակայուն, սթրեսակայուն, նվազագույնը միջին ինտելեկտ ունեցող անձի հետ: Նրանք ունենում են նաև սոցիալականացման խնդիրներ: Ես խոսում եմ հոգեպես առողջ մարդու մասին:
– Հաշվի առնելով մեզ հայտնի գործողությունների շարքը` հնարավո՞ր է ասել՝ գործ ունենք նախապես պլանավորվա՞ծ գործողության, թե՞ հանկարծակի, իրավիճակում առաջացած դիտավորության հետ:
– Դժվար հարց եք տալիս, որին կարելի կլիներ հնարավորինս պատասխանել միայն համապարփակ տեղեկատվության, փաստաթղթերի և այլ նյութերի առկայության դեպքում: Որպեսզի իրավիճակն անձին ստիպի նման գործողություն կատարել, այն տվյալ անձի համար պետք է գնահատվեր` որպես խիստ անսպասելի: Հանցագործի համար իրավիճակը խիստ կոնֆլիկտային պետք է լիներ, ընկալվեր` որպես խիստ անելանելի:
Եթե նշում ենք, որ դիտավորությունը հանկարծակի է առաջացել, պետք է հաշվի առնել, որ հանցագործին քնած մարդիկ չէին կարող ոչինչ անել, երեխաները ևս: Եթե ենթադրենք, որ նրան դիմավորել է մեկը, ինչ-որ բաներ ասել, որ հույզերը գեներացվել են, որից հետո հանցագործը կրակել է, ապա դին (դիերը) մահճակալի մոտ կամ մահճակալի վրա չպիտի լինի: Կան լուսանկարներ, որոնցում երևում է, որ սպանվածներից միայն մեկի դին էր ընկած մահճակալի կողքին, մյուսները մահճակալներում պառկած էին: Վարկածները, թե այդ ամենն իրավիճակային կարող էր լինել, շատ չեն հիմնավորվում: Եթե փաստ է, որ անձը հանել է լուսամուտի շրջանակը, ուրեմն ենթադրել է, որ իրեն չէին սպասում, այլապես կթակեր դուռը: Եթե անձն ապակու շրջանակը հանել է և տուն մտել և սպանելու նպատակ չի ունեցել, ենթադրվում է, որ այլ նպատակ է ունեցել: Այս դեպքում պետք է պարզել, թե որն է եղել այդ նպատակը:
Ամեն դեպքում, եթե ծագել է այդ անակնկալ իրավիճակը, դրա հետք պիտի լինի, օրինակ այն մասին, որ կռիվ կամ որևէ կոնֆլիկտ, խժդժություն է նախորդել: Բայց անգամ նման տեղեկատվություն չկա: Հետք չկա, օրինակ, այն մասին, որ միմյանց քաշքշել են՝ թեպետ տեսանյութերից մեկում երևում է, որ գորգը պատից մի փոքր պոկված է: Անհասկանալի է, թե այդքան կոկիկ տան մեջ այդ գորգն ինչո՞ւ է պոկված: Այս ամբողջը պետք է վերլուծել: Եթե սպանությունը պլանավորված է եղել, ապա կրկին ինչուներ ու բազմաթիվ վարկածներ են առաջանում:
– Պարոն Գասպարյան, հանցագործության երկու տարբեր եղանակների հետ գործ ունենք: Ընտանիքի 6 անդամները հրազենային վնասվածքներից են մահացել, իսկ փոքրիկին հարվածել են սվինով: Այս երկու տարբեր եղանակներն ինչ-որ բան ասո՞ւմ են հանցագործություն կատարող անձի մասին, և արդյոք նույն մարդը կարո՞ղ էր այդ նույն եղանակները կիրառել:
– Այո, գործողությունները տարբեր են: Հրապարակված տեղեկությունների համաձայն` վնասվածքներ են հասցվել հրազենով և սվին դանակով: Սրանք գործողություններ են, որոնք տարբեր ունակություններ, հանցագործություն կատարելու տարբեր փորձ, նպատակներ և դրդապատճառներ են ենթադրում: Այդ որակները հաճախ կարող են նույնիսկ հակադրվել միմյանց: Այսինքն` մի կողմից` կարող է խոսք լինել հուզակայունություն ունեցող, մյուս կողմից` անկայուն անձի մասին, մի դեպքում՝ նյարդահոգեկան կայունություն ունեցող, մյուս դեպքում` անկայուն անձի մասին: Առկա տվյալներով, տեղեկատվությամբ շատ դժվար է ասել` արդյոք հանցագործություն կատարողը մե՞կն է եղել, թե՞ ոչ:
Կարող եմ սահմանափակվել նրանով, որ այս գործողությունները տարբեր որակներ են ենթադրում: Մենք բոլորս խառնվածքի 4 տիպ ունենք, և միլիոնից մեկի մոտ այդ 4-ը բաշխված են հավասարաչափ՝ 25-ական տոկոս: Նրանց անվանում են ամբիվերտներ: Համեմատությունս շատ նեղ է (այն իմաստով, որ խոսվում է միայն խառնվածքի մասին), բայց այդքան հակասական և իրարամերժ որակներ ու առանձնահատկություններ կան բոլոր մարդկանց մեջ: Միևնույն ժամանակ, գտնել մեկին, ում մոտ առկա հակասական որակներն ու առանձնահատկությունները խիստ բալանսավորված են, և դրանք կարող էին մղել սպանություն գործելու, միգուցե հնարավոր է, բայց պետք է հստակ վերլուծել:
Քննությունը պետք է կազմի մոտավոր հոգեբանական դիմանկար կամ դիմանկարներ այն անձանց, ովքեր կարող էին նման բան անել, դրանք համադրի Վալերի Պերմյակովի հատկանիշների հետ և տեսնի, թե որքանով են դրանք համապատասխանում: Եթե այդ հատկանիշները չհամապատասխանեն, դա միանշանակ չի նշանակում, որ անձը չի կատարել այդ հանցագործությունը, բայց կասկածյալների շրջանակը սկսում է նեղանալ:
– Արտասահմանյան երկրներում լինում են դեպքեր, երբ անձը հանցագործություն է կատարում, այսպես ասած՝ հաճույք ստանալու համար: Հնարավո՞ր է, այս դեպքը դասվի նման հանցագործությունների շարքին:
– Ձեր ասածն իմպուլսիվ հանցագործներն են, ովքեր գործողություն կարող են կատարել հենց այդ պահին առաջացած ցասման, հաճույքի բավարարման համար: Որպես կանոն՝ այս մարդիկ հաճույք են ստանում պրոցեսից՝ ոչ թե մահացած մարդ տեսնելուց, այլ նրանից, որ ինքն անմիջական ներգործություն ունեցավ սպանելու գործում: Այս դեպքում, վնասվածք է պատճառվել, ըստ էության, սվին-դանակով, որով կյանքին սպառնացող վնաս չի հասցվել, և հրազենով, որով հեռվից կրակում ես, և վերջ:
Հանցագործությունից հաճույք ստանալու վարկածը քիչ հավանական է: Ձեր ասած դեպքում մենք հաճախ գործ ունենք անձանց հետ, որոնք հաճույք են ստանում դիմացինին նսեմացնելուց, նրանց կառավարելուց, հաճույք են ստանում զոհի նկատմամբ գերակայություն ունենալուց: Որպես կանոն՝ իմպուլսիվ հանցագործները բազմաթիվ վնասվածքներ են հասցնում զոհին, ում մահը վրա է հասնում ոչ թե, օրինակ, դիպուկ կրակելուց, այլ հասցված բազմաթիվ վնասվածքներից: