Ինչո՞ւ են հայ իրավապահները Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն ունեցել դեպքից 9 օր անց. պարզաբանում է Գևորգ Կոստանյանը

«Քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունն ինքնանպատակ չէ: Յուրաքանչյուր քննչական գործողության կատարումը տվյալ պահին քննիչի մոտ առաջացած հիմքերն են: Այն, որ 9 օր հետո են կարողացել Պերմյակովին հարցաքննել, դա դեռևս չի նշանակում, որ այդ ընթացքում քննչական որևէ գործողություններ չեն իրականացվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են հայ իրավապահները Գյումրիում Ավետիսյանների սպանության օրվանից հետո միայն 9 օր անց կարողացել քննչական գործողություններ կատարել այդ գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հետ:

Գևորգ Կոստանյանն ասաց, որ այդ ընթացքում բազմաթիվ և բազմապիսի քննչական գործողություններ են իրականացվել: «Տրամադրության տակ լինելու փաստով պայմանավորված դուք գոնե բոլորդ լավ հիշում եք, որ հենց այդ ժամանակ բավական երկար և բուռն քննարկվում էր Պերմյակովի, այսպես կոչված, հանձնելու և չհանձնելու հարցը, և դա ստացավ իր լուծումը: Կարծում եմ՝ բոլորիդ գոհացրեց, և այս առումով 9 օր անց, 9 օր շուտը քրեական գործի ընթացքի և արդյունավետության վրա զրո նշանակություն է ունեցել»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Ազգային ժողովում Ավետիսյանների սպանության դեպքի հետ կապված խորհրդարանական լսումների ընթացքում հարցին՝ արդյոք պարտավոր էին սահմանախախտին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, Գևորգ Կոստանյանը դրական պատասխան էր տվել՝ նշելով, ր այդ հարցը քննության առարկա է: Մեր հարցին՝ արդյոք այս հարցը քննության առարկա դարձել է և արդյոք տրվել են գնահատականներ, Գևորգ Կոստանյանը պատասպանեց. «Ես խնդրում եմ, որպեսզի նորից վերհանեք: Ես իմ հայտարարության մեջ սահմանել եմ հետևյալը՝ այո, պարտավոր էին, և այո, եթե սահմանապահ ծառայությունը կատարել է որևէ հանցանք կամ իրավախախտում, դրանք պետք է քննության առարկա դառնան: Եվ կարծում եմ, որ դա քննության առարկա է դարձել: Ասեմ՝ ինչու: Որովհետև Ռուսաստանի Դաշնության՝ սահմանապահ ծառայություն իրականացնող անձանց՝ Հայաստանի Հանրապետություն գտնվելու մասին պայմանագրով (եթե չեմ սխալվում, դա 1992թ. պայմանագիր էր), սահմանապահ ծառայողների կողմից իրավախախտումների և հանցագործությունների վերաբերյալ քննությունը ՌԴ իրավապահ մարմինների յուրիսդիկցիայի հարց է, և ՀՀ իրավապահ մարմինների յուրիսդիկցիայից դուրս է: Հետևաբար՝ մենք չենք կարող այդ առումով քննություն իրականացնել»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ավետիսյանների սպանության գործով նիստը արտագնա է լինելու, Գևորգ Կոստանյանն ասաց, որ արտագնա նիստեր հրավիրելու գործնական և իրավական հիմքը և հենքը ունենք, այսօր էլ բազմաթիվ նիստեր արտագնա են հրավիրվում և անցկացվում զորամասերում.

Կարդացեք նաև

«Այս դեպքում ևս դատարանի կողմից որոշում է կայացվել արտագնա նիստ հրավիրել զորամասում, որը երբեք չի կարող դիտվել որպես հրապարակայնությանը խոչընդոտող: Ասեմ՝ ինչու, որովհետև անկախ նրանից՝ դա զորամասո՞ւմ է, թե՞ Կենտրոն վարչական շրջանի դատարանում՝ հրապարակայնությունը երաշխավորվելու է նույն կերպ»:

Գևորգ Կոստանյանն ասաց, որ եթե չկայացվի լրատվամիջոցների մասնակցությունը բացառելու մասին որոշում, ապա հրապարակայնության առավելագույն դրսևորման համար կլինեն նույն կերպ, ինչպես մեր ցանկացած դատական նիստերի դահլիճում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս