Ով է Վալերի Պերմյակովը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ մեկնարկեց Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը: Դատական նիստն անցկացվում էր արտագնա՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասում: Դահլիճն ամբողջությամբ զբաղված էր, դատարան ներկայացած քաղաքացիների, լրագրողների մի մասը ոտքի վրա էր մնացել: Մինչև նիստի սկսվելն Ավետիսյանների հարազատներն իրենց դժգոհությունն արտահայտեցին, որ դատավարությունն ընթանում է արտագնա նիստով: Ավետիսյանների իրավահաջորդներից Ռիտա Պետրոսյանը դահլիճում հուզված հարց էր հնչեցնում, թե ինչու նիստը պետք է ռազմաբազայում իրականացվի, Հայաստանը դատարան չունի՞: «Ինչի՞ համար: Մեր հային պահեցին Ռուսաստան, խալաթ հագցրին: Ամոթ մեր հայ իրավապահներին, մեր հայ պետությանը, որ իրեն (Վ. Պերմյակովին) այսօրվա օրն այսպես պահում եք: Նա ապրելու իրավունք ունի՞, տվեք, թող գնդակահարեն, պրծնի»,- ասաց նա՝ հարցնելով, թե որքան պետք է «գերի մնանք ռուսներին»:
Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովը նիստերի դահլիճ բերվեց երկու ռուս զինվորականների ուղեկցությամբ: Պերմյակովը նիստին ներկայացվել էր զինվորական համազգեստով. նիստի ընթացքում նա գտնվում էր ամբաստանյալի համար առանձնացված հատուկ խցում: Գրեթե ողջ ընթացքում վերջինս գլուխը կախ վիճակում էր, միայն երբեմն հետևում էր դատարանում կատարվող իրադարձություններին: Երբ դատավորը ճշտում էր նրա տվյալները, Վ. Պերմյակովն ասաց, որ ծնվել է 1996թ. ՌԴ Չիտայի մարզում, ՌԴ քաղաքացի է, թերի միջնակարգ կրթություն ունի՝ 9 տարվա, ամուրի է, խնամքին ոչ ոք չկա, առողջ է: Վ. Պերմյակովն հայտնեց, որ դատված է, իսկ հարցին, թե ե՞րբ, ինչի՞ համար, ո՞ր դատարանի կողմից է դատապարտվել, նա պատասխանեց. «Ես չեմ հիշում»:
Նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանն ասաց, որ 2015թ. օգոստոսի 12-ին նա ՌԴ դատարանի կողմից դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման՝ մի շարք հոդվածներով, պատիժը կրում է ռուսական զորամասի կայազորային կալանատանը: Ավետիսյանների սպանության գործի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում էական հանգամանք է ի հայտ եկել: Մասնավորապես, նրա խոսքով, գործի նյութերում առկա է ՌԴ քննիչի կողմից կազմված զննության արձանագրությունը, որի շրջանակներում մեղադրյալ Վ. Պերմյակովի մասնակցությամբ զննման է ենթարկվել նրա կողմից օգտագործվող «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի էջը: «Զննությամբ պարզվել է, որ Վ. Պերմյակովը նամակագրություն է ունեցել նաև «Պալիչ նեպոսրեդստվեննո» էջի հետ:
Քննիչի հարցին, թե ո՞ւմ է պատկանում նշված էջը, Վ. Պերմյակովը պարզաբանել է, որ այդ էջից օգտվում են մեծ թվով մարդիկ: Այդ էջը ձևակերպված է իր անունով: «Կապված» է իր հեռախոսահամարին»,- ասաց Ե. Սարգսյանը՝ նշելով, որ զննման ընթացքում քննիչը Վ. Պերմյակովին հարց է տվել, որ նա դիմել է այդ էջին ծանոթանալու ցանկությամբ, ինչից հետո, հաշվի առնելով ամիսների ընթացքում նամակագրության բացակայությունը, այսպես կոչված, սատանայի հետ պայմանագիր է գրել հետևյալ բովանդակությամբ. «… դրսևորես ցանկացած անուշադրություն, այդ ժամանակ այս պայմանագիրը և միությունը չեղյալ են համարվում և ընդմիշտ կորցնում են ուժը: Վերը նշված խոստումների փոխարեն ես երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց: Բացի այդ՝ ես հրաժարվում եմ Աստծուց, ինքը Սուրբ Երրորդությունից, ես ամբողջովին հրաժարվում եմ այն երդումներից, որոնք տրվել են հանուն ինձ մկրտության ժամանակ և ենթարկվում եմ քեզ մարմնով և հոգով ընդմիշտ և հավերժ»: Քննիչը հարցրել է, թե ինչպես կարող է պարզաբանել շարադրվածի իմաստը, ինչին Վ. Պերմյակովը պատասխանել է, որ դա ուղղակի է գրել՝ առանց իմաստի:
Ե. Սարգսյանի խոսքով՝ թե ում է ուղղված սատանայի հետ պայմանագիրը և ով է Պալիչ Նեպոսրեդստվեննոն, Վ. Պերմյակովը պատասխանել է.
«Էջը կա, իսկ նա չկա: Դա «ձախ» է, ուղղակի իմաստով: Պետք էր: Իմ էջն էր»: «Սա բնութագրում է անձի գիտակցական մղումները, էությունը, և մենք խորին համոզմունք ունենք, որ արարքի դրդապատճառի, շարժառիթի հետ խիստ անմիջական կապ և առնչություն ունի և լրացնում է առկա դրդապատճառին»,- ասաց Ե. Սարգսյանը՝ նշելով, որ «Պալիչ նեպոսրեդստվեննոյի» էջի զննությամբ պարզվել է նաև. որ Վ. Պերմյակովի 54 ընկերներից 19-ը ընդհանուր ընկերներ են, իսկ Վ. Պերմյակովը պարզաբանել է, որ «Պալիչ նեպոսրեդստվեննոյի» էջի «ընտանիք» մտնում են հետևյալ անձինք՝ Անտոն Սուչկովը («Պալիչ նեպոսրեդստվեննոյի» եղբայրը), ով բնակվում է Բալեյում՝ Ռոմանովսկու փողոցում, «ով գիտե ում բախտը կբերի» անվամբ էջը, ով 19 տարեկան է և բնակվում է Բալեյում, Սերգեյ Վորոնովը, ով օգտագործում է բջջային հեռախոսի համարը, ինչպես նաև «կարելի է ուղղակի Պալիչ» էջը, ով 19 տարեկան է, ինչպես նաև ինքը՝ Վ. Պերմյակովը: «Վերը նշվածից և հատկապես Վ. Պերմյակովի կողմից գրված «սատանայի հետ պայմանագրից» ու դրա բովանդակությունից հիմնավոր կարծիք է ստեղծվում, որ Վ. Պերմյակովն, այսպես ասած, սատանիստ է»,- ասաց Ե. Սարգսյանը՝ նշելով, որ գտնում են, որ սա միանշանակ կապ և առնչություն ունի հանցագործության կատարման շարժառիթի հետ, և նախաքննական մարմնին միջնորդել են նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ապահվելու նպատակով կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Սակայն, ըստ փաստաբանի, քննիչը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ այդ գրությունը կատարվել է 2013թ., դրանից հետո որևէ գրառում չի կատարվել, և այս պայմաններում, քանի որ քրեական գործի քննությամբ պարզվել է հանցագործության բուն դրդապատճառը, իրենց կողմից նշված հանգամանքն, ըստ էության, նշանակություն չունի: Փաստաբանն ասաց, որ այս որոշումն իրենք բողոքարկել են հսկողություն իրականացող դատախազին, սակայն նա ևս որոշում է կայացրել այն մերժելու մասին. դատախազը պատճառաբանել է, որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Պերմյակովն Ավետիսյանների տուն է մուտք գործել ավազակային հարձակում կատարելու նպատակով և ընտանիքի անդամներին կյանքից զրկել է՝ զուգորդված ավազակությամբ: Իր որոշման մեջ դատախազը նշել է, որ նախաքննությամբ ապացուցված այդ հանգամանքների առկայության պարագայում 2013թ. գրառումը չի կարող դիտարկվել որպես հանցագործության կատարման շարժառիթ, ուստի քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Ըստ էության՝ մենք չենք վիճարկում, որ հանցագործության դրդապատճառը կամ գուցե բուն դրդապատճառը հենց ավազակային հարձակում կատարելու պատրվակով բնակարան մուտք գործելն է հանդիսացել, և մուտք գործելուց հետո սպանություն է կատարվել: Սակայն այս հանգամանքները, որոնք ներկայացրինք, միանշանակ վկայում են Պերմյակովի ներքին գիտակցական մղումների մասին, այն մասին, թե ինքն ընդհանրապես ինչ ֆանտազիաներով է ապրել կամ ինչ պատկերացումներ ունի կյանքի մասին՝ հավատքի առումով, թե հավատքից ելնելով կամ մղումներից ելնելով՝ ինքն ինչ արարքների է պատրաստ և ինչ գործողությունների կարող է գնալ»,- ասաց Ե. Սարգսյանը՝ նշելով, որ ցանկանում են մեղադրանքի կողմից հիմնավոր պատճառաբանություն ստանալ այս կապակցությամբ, որպեսզի հասկանան` նրանց մասնակցությունը կարո՞ղ է օբյեկտիվ լինել: Նա նշեց, որ խնդրում են սպառիչ պատասխան տալ հարցին, ինչից հետո պարզ կլինի՝ արդյոք մեղադրողի դեմ բացարկ ունե՞ն, թե՞ ոչ:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ միգուցե այն ժամանակ, երբ դատախազը մերժում էր իրենց միջնորդությունը, ուներ որոշակի ապացույցներ և ձևավորված կարծիք, որի հիման վրա նման մերժել է բողոքը:
«Ընդ որում, նշեմ, որ խնդիրը շատ կարևոր է, որովհետև համենայն դեպս ինձ համար՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, ամբողջ նախաքննության ընթացքում բաց հարցեր էին մնում: Այո՛, հասկացանք, որ անձը հանցագործություն է կատարել, այո՛, սպանության ինչ-որ դրդապատճառներ եղել են, բայց երբ հարցը հասնում է նրան, թե ինչ պատահեց այն բանից հետո (ես պետք է ներողություն խնդրեմ իմ վստահորդներից, բայց պետք է ստիպված լինեմ դատավարության ընթացքում որոշ, միգուցե նաև ցավալի մտքեր արտահայտել), երբ մեծահասակների սպանությունը կատարվեց, և հարցը հասավ արդեն մանկահասակ երեխաներին, առավել ևս 6 ամսական երեխայի սպանությանը (եթե նույնիսկ իր մեջ վախ կար, որ մեծահասակները գուցե աղմուկ բարձրացնեն), ի՞նչ պատահեց, որ այն պայմաններում, երբ զենքի մեջ դեռ փամփուշտներ կային, ինքը երեխայի սպանությունը կատարեց սվին-դանակով: Այս հարցի պատասխանը հնչեց այն ժամանակ, երբ մենք ծանոթացանք գործի նյութերին և հասկացանք, որ բացի այն, որ մեզ համար արդեն պարզ էր՝ նա որոշակի առողջական խնդիրներ ունի, շատ լուրջ խնդիր առաջ եկավ՝ անձը սատանիստ է: Սրանով արդեն մենք ստացանք ամեն ինչի պատասխանը:
Իրականում սատանիստական գաղափարներ ունեցող անձը կարող է և սվին-դանակով մորթել 6 ամսական երեխային, որպեսզի իր տիրոջը, ինչպես ինքը նշում է՝ «ես քեզ կհանձնեմ մի քանի կին և տղամարդ», ինչը մենք տեսնում ենք արդեն կատարված փաստով՝ մի քանի կին, մի քանի տղամարդ, դեռ ավելին՝ նաև մանկահասակ երեխաներ»,- ասաց Լ. Սահակյանը՝ նշելով, որ սա շատ կարևոր հանգամանք է, որը գալիս է լրացնելու այն բոլոր շարժառիթները, որ նա ունեցել է: Փաստաբանն ասաց, որ պարզվել է՝ սատանիստների խումբ է ձևավորված եղել, որոնց հարցաքննելու դեպքում միգուցե նոր հանգամանքներ պարզվեն: Նա նշեց, որ ակնկալում է մեղադրողի պատասխանը՝ հասկանալու համար՝ արդյոք բացարկ կներկայացնե՞ն, թե՞ ոչ:
Նա նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի` ակնկալում էր, որ մեղադրողի դերում կլիներ ՀՀ գլխավոր դատախազը. «Ես ակնկալում եմ, որ գլխավոր դատախազը գոնե հաջորդիվ մեղադրանքը կպաշտպանի, որովհետև սա ՀՀ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն նշանակություն ունեցող գործ է»:
Գործով մեղադրող Գևորգ Գևորգյանն ասաց, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Պերմյակովն Ավետիսյանների տուն է մուտք գործել ավազակային հարձակում կատարելու նպատակով, ընտանիքի անդամներին սպանել՝ ավազակությամբ զուգորդված: «Դա հաստատվել է ինչպես` Պերմյակովի, այնպես էլ` նրա հարազատների ցուցմունքներով»,- ասաց նա: Ե. Սարգսյանն էլ միջնորդեց, որպեսզի դատարանը կամ մեղադրողը գործողություններ ձեռնարկեն՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրենց նշած հանգամանքների վերաբերյալ նյութեր կան, թե՞ ոչ: Դատավորն ասաց, որ հարցին կանդրադառնան հաջորդ փուլում:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ դատարանում դատավարության մասնակիցների համար նախատեսված անձանց շարքում ներկա են նաև զինվորական համազգեստներով, ռետինե մահակներով զինված անձինք, ովքեր օտարերկրացիներ են: Նա հարց հնչեցրեց՝ կա՞ որևէ հիմնավորում նրանց` դատական նիստերի դահլիճում լինելու վերաբերյալ:
Դատավորն ասաց, որ ամբաստանյալ Վ. Պերմյակովը դատապարտյալ է և պատիժ է կրում ՌԴ կալանատանը, նրա անվտանգությունն ապահովվում է նաև նրանց կողմից: Ա. Սաքուցն էլ հարց հնչեցրեց, թե հիմնավոր ի՞նչ վտանգ կա՝ Վ. Պերմյակովի անձի հետ կապված, որ թույլ է տրվում այդ անձանց մասնակցությունը: Դատավորն էլ ասաց, որ նրանք դատավարության մասնակիցներ չեն: Սաքունցն էլ ՀՀ դատական օրենսգրքից ելնելով՝ միջնորդեց նիստերի դահլիճից հեռացնել զինվորական համազգեստով այդ անձանց, քանի որ դատարանի կողմից որևէ իրավական հիմնավորում չի ներկայացվել և չի կարող ներկայացվել նրանց՝ այստեղ գտնվելու վերաբերյալ:
Լ. Սահակյանն ասաց, որ իրենց համար անընդունելի է դատարանի այն պատճառաբանությունը, որ զինվորները պետք է այստեղ գտնվեն, քանի որ Վ. Պերմյակովը գտնվում է ՌԴ կալանատանը. «Ինքը հիմա կալանատանը չէ: ՀՀ դատարանում է գտնվում: Մենք էլ կալանատանը չենք, այլ ՀՀ դատարանում ենք»: Նա նշեց, որ դատավարությունը դռնբաց է, հետևաբար՝ ռուս զինծառայողները կարող են ներկա գտնվել նիստին, սակայն նրանք իրավունք չունեն գտնվելու այն տարածքում, որտեղ գտնվում են դատավարության մասնակիցները:
Նա նշեց, որ ՀՀ ոստիկաններ կան, ինչը նշանակում է, որ անվտանգության խնդիր էլ չկա. «Մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է ռուս զինծառայողներն այստեղ գտնվեն»: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ Վ. Պերմյակովը հանդիսանում է ՌԴ դատապարտյալ, և դատարանի պահանջով նրան ապահովում են դատական նիստին:
«Հայտարարում եմ, որ ՀՀ դատարանում դատավորի կողմից կոպտորեն խախտվում է ՀՀ դատական օրենսգիրքը: Ավելին, Դուք հենց հիմա Ձեր հայտարարությամբ ամրագրեցիք, որ դատավարության մասնակիցներից մեղադրյալի նկատմամբ պահպանող կամ նստող գործառույթներ իրականացնում են ոչ իրավասու անձինք»,- ասաց Ա. Սաքունցը՝ նշելով, որ սա անթույլատրելի է և դատական իշխանության անկախության կոպիտ ոտնահարում է, իսկ նման պայմաններում դատավարությունը շարունակելը խիստ խնդրահարույց է:
Երեկ դատական նիստը հետաձգվեց հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությամբ: Նշելով, որ ծանոթ չէ քրեական գործի նյութերին՝ նա ժամանակ խնդրեց դրանց ծանոթանալու համար: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ամբաստանյալ Վ. Պերմյակովի պաշպանական իրավունքը որևէ կերպ սահմանափակելու նպատակ չունեն, քանի որ փաստաբանը նոր է ներգրավվել, պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի նա ծանոթանա քրեական գործին:
Լ. Սահակյանը ևս չառարկեց միջնորդության դեմ, սակայն դատարանին խնդրեց հաջորդ դատական նիստին նորմալ պայմաններ ապահովել. «Պայմանները, որոնք ստեղծված են այժմ, նորմալին նույնիսկ մոտ չեն, որովհետև սրանք աշխատանքային պայմաններ չեն: Շատ դեպքերում Ձեր խոսքը մեզ ընդհանրապես լսելի չէ, առավել ևս` լսելի չէ դահլիճին, Պերմյակովի խոսքի մասին ընդհանրապես չխոսեմ: Երբ տեսնում ենք, թե ինչ պայմաններում է աշխատում թարգամանիչը, դա ընդհանրապես պայման չէ, որ ստեղծել եք թարգմանչի համար, նորմալ պայմաններ ստեղծեք նաև մեզ համար:
Դատարանը կարող է շատ որոշումներ ընդունել, արտագնա նիստեր անել, բայց յուրաքանչյուր արտագնա նիստ դատարանն այնպիսի պայմաններում պետք է անի, որպեսզի նորմալ պայմաններ ստեղծված լինեն ինչպես` դատավարության մասնակիցների համար, անպես էլ` ապահովեն նորմալ, հրապարակային դատավարությունը, որովհետև մենք նաև տեսնում ենք, թե ինչ պայմաններում են աշխատում լրագրողները: Այդ պայմաններում աշխատելն ուղղակի անհնար է»: Դատական նիստը հետաձգվեց մինչև 2016թ. հունվարի 18-ը:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«168 ԺԱՄ»