«Հայաստանում քաղաքականությունն էլիտար խաղ է, որը ղեկավարները հարմարեցնում են իրենց կարիքներին». Թոմաս դե Վաալ
Ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը երեկ ծավալուն հոդված է հրապարակել «Քարնեգի»-ում, որտեղ անդրադարձել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Ստորև ներկայացնենք հոդվածը մասնակի կրճատումներով:
Թոմաս դե Վաալը գրում է, որ դեկտեմբերի 6-ին կայացած շատ վիճահարույց հանրաքվեից հետո Հայաստանը փոխեց կառավարման պետական կարգն ու շատ շուտով կվերածվի նախագահական կառավարման երկրից՝ խորհրդարանական երկրի:
Բայց ավելի շատ մարդիկ իրենց ուշադրությունը դարձնում են կարճաժամկետ քաղաքականությանը, քան հանրաքվեի երկարաժամկետ հետևանքներին, ինչը շատ զարմանակի է:
Հանրաքվեում ընդունված նոր Սահմանադրությունը նախորդ՝ 2005 թվականի Սահմանադրական բարեփոխումների զանգվածային վերակառուցումն է՝ միայն երկու պահպանված հոդվածներով: Չկար անհրաժեշտություն նման մեծ փոփոխության:
Ինչպես հետխորհրդային տարածքի շատ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում, քաղաքականությունը էլիտար խաղ է, որը ղեկավարները հարմարեցնում են իրենց կարիքներին, ու հասարակության անդամները սոսկ ականատեսի դերում են:
Այս պարագայում նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանրաքվե անցկացնելու ակնհայտ դրդապատճառն այն էր, որ ինքը հնարավորություն ունենա փոխել խաղի կանոնները, ինչը նրան հնարավորություն կտա ապահովել իր սեփական քաղաքական գոյատևությունը:
Անցած 5 տարում քաղաքական էլիտան փոխել է Սահմանադրությունները Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում: Նախագահ Իլհամ Ալիևը հետևեց կենտրոնաասիական պետությունների և Բելառուսի օրինակներին՝ չեղյալ հայտարարելու նախագահական ժամկետի սահմանափակումները, ինչը նրան թույլ տվեց նախագահական երրորդ ժամկետում պաշտոնավարել:
Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլին փոխեց Սահմանադրությունը՝ սահմանափակելու նախագահի հնարավորությունները, երբ նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը մոտենում էր իր ավարտին: 2012-ին նա պարտվեց Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, ու նրա ուժը փլուզվեց:
Հիմա՝ Հայաստանում, Սարգսյանը փորձում է նմանատիպ մանևր կատարել՝ ապահովելու իր քաղաքական ապագան 2018 թվականի նախագահական ժամկետի ավարտից հետո:
Փոփոխված Սահմանադրությունը Սարգսյանին հնարավորություն է տալիս մնալ հասարակական կյանքի վերևում այնքան ժամանակ, որքան կցանկանա՝ մնալով կա՛մ որպես վարչապետ, կա՛մ խորհրդարանի նախագահ:
2018-ից հետո Հայաստանը կունենա նոր նախագահ՝ արարողակարգային ուժով, ով կընտրվի յոթ տարով։ Գործադիր ուժը կկենտրոնանա վարչապետի ձեռքում, ում կընտրեն համամասնական ընտրակարգով ընտրված 101 անդամ ունեցող խորհրդարանի անդամները:
Նշվում է, որ նոր Սահմանադրության առավել վիճելի կետը 89-րդ հոդվածն է, որը սահմանում է, որ, եթե ընտրություններում ոչ մի կուսակցություն չի կազմում խորհրդարանական մեծամասնություն, ապա հնարավոր է՝ անցկացվի երկրորդ փուլ:
Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող որոշ քննադատներ, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պնդում են, որ վտանգավոր է, քանի որ մեծ է միակուսակցական կառավարման ստեղծման վտանգը:
Վաալը հոդվածում գրում է, որ տեղի չեն ունեցել հասարակական քննարկումներ Սահմանադրական փոփոխությունների մասին: Նշվում է, որ հարցումները ցույց են տվել, որ մարդիկ շատ քիչ գիտելիք ունեն ու չեն հասկանում փոփոխությունների իմաստը, իսկ հարցվածների 71 տոկոսը հավատացած էր, որ հանրաքվեում նախագիծը հավանության կարժանանա՝ անկախ այն բանից, թե ինչպես է անցել քվեարկությունը:
Ցինիզմի հիմքեր եղել են, նշում է Վաալը: ԵԽ ԽՎ՝ 3 անդամից բաղկացած պատվիրակությունը քննադատել է հանրաքվեն՝ մատնանշելով ոչ ճշգրիտ ընտրացուցակները, աղճատված մեդիադաշտը, ընտրակաշառքների, կարուսելների գոյության փաստը, ընտրողների նկատմամբ գործադրված ճնշումները:
Փորձագետ Թոմաս դե Վաալը, սակայն, նշում է, թե սխալ կլիներ Հայաստանի հասարակությանը բնորոշել՝ որպես «պասիվ»: «Ոչ»-ի շարժումը, թեև այդքան ուժ չուներ հակազդելու իշխող էլիտային՝ կասեցնելու փոփոխությունները, սակայն բավական աղմուկ է բարձրացրել:
ԶԼՄ-ները բազմաթիվ հրապարակումներ են արել ընտրակեղծումների մասին:
Նման քննադատությունը վկայում է այն մասին, որ, երբ Սարգսյանի պաշտոնավարումը 2018-ին ավարտվի, նա ու նրա թիմը եթե փորձեն պահել իշխանությունը, կարող են դիմակայության հանդիպել:
Կարճաժամկետ դինամիկան անհանգստացնող է, սակայն երկարաժամկետ ապագայում Սարգսյանը կարող է յուրաքանչյուրի նկատմամբ բարեհաճ գտնվել:
Ավելի մեծ հեռանկարում փոքրիկ, պրոֆեսիոնալներ ունեցող Հայաստանը, որը, չնայած թուլացել է արտագաղթի հետևանքով, ավելի համապատասխանում է կառավարման խորհրդարանական ձևին, քան ներկայիս ուղղահայաց գործադիր իշխանությանը։