Բաժիններ՝

Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից. «Yell Extreme Park»-ի պարզաբանումը

Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։ Այս մասին պարզաբանում է տարածել «Yell Extreme Park»-ը` անդրադառնալով երեկ գրանցված միջադեպին։

Օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Ընկերությունից հայտնում են, որ իրենց աշխատակիցներն առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան։

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
Տեղեկացվում է, որ դեպքից անմիջապես հետո դադարեցվել են ռոլլեր լայնով թռիչքները։

«Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։ «Յելլ Էքստրիմ Պարկում» առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,- հայտնում են ընկերությունից։

Ընկերությունից հավաստիացնում են նաև, որ աշխատակիցներն անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս