«Երևանյան Մայդանը դատապարտված է տապալման». Արմեն Բադալյան
168.am-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանը:
– Պարոն Բադալյան, երեկ սկսվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նստացույցի մեկնարկին Ժիրայր Սէֆիլյանն ազդարարեց սկսված հեղափոխության մասին, որի ընթացքում օգտագործվեց բավականին ռադիկալ հռետորաբանություն այնպիսի ձևակերպումներով, ինչպիսիք են՝ «մահ ռեժիմին», «արյուն», «շենքեր գրավել»: Ըստ Ձեզ, ի՞նչ ներուժ ունի այս շարժումը, եթե հաշվի առնենք այն, որ նստացույցի առաջին օրը Ազատության հրապարակում գիշերել է մոտավորապես 3 տասնյակ մարդ:
– Առաջին անգամ չէ, որ արմատական հռետորաբանություն է հանրահավաքների ժամանակ կիրառվում է, որովհետև 2007թ. աշնանը, երբ սկսվեցին ակտիվ քաղաքական գործընթացները, այն ժամանակվա ընդդիմադիր ուժը՝ ՀՀ առաջին նախագահի շրջապատը, համեմատաբար արմատական հռետորաբանություն օգտագործել է և ոչ միայն ինքը, ընդդիմադիր այլ ուժեր ևս վերջին մի քանի տարվա ընթացքում: Սա ընդունված տեխնոլոգիա է, որի նպատալկը մեկն է` մոբիլիզացիոն խթան իրենց կողմնակիցների համար, որը նրանց կմղի որոշակի գործողությունների: Նույնիսկ կարող ենք ասել, որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ արմատական հռետորաբանությունն այն աստիճանի խթան չի հանդիսանում, որպեսզի հասարակությունը դուրս գա և փողոցային ակտիվ պայքար մղի: Այո, հանրահավաքների գնում են, երթերի մասնակցում, բայց երևանյան Մայդանի ներուժ չկա և դա ոչ թե ներկայիս հռետորաբանության ազդեցիկության պակասի հետևանքով է, այլ նրա, որ պարզապես Հայաստանում Մայդանի ներուժ չկա, որպեսզի փողոցային գործողությունների միջոցով իշխանափոխություն տեղի ունենա: Ակտիվ, ագրեսիվ ելույթներ են ունենում, սակայն դա արդյունք չի տալիս և չի տա, ինչպես նախկինում:
– Այսինքն` նստացույցի, երթերի, հանրահավաքների այս փուլի շարունակությունը և՞ս այնպիսին է լինելու, ինչպիսին նախկին շարժումների ելքերն էին:
– Մայդանն ունի իր պարտադիր գործոնները, որոնք պետք է աշխատացվեն: Առաջին հերթին պետք է լինի արտաքին քաղաքական տեսանելի աջակցություն, երկրորդ` աջակցող կողմը պետք է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ տրամադրի, երրորդ` պետք է լինի վստահություն ներշնչող քաղաքական միավորում, որը կկարողանա իր ետևից հասարակությանը տանել: Այսինքն` այդ ուժը պետք է կազմակերպչական և մարդկային լուրջ ներուժ ունենա: Չորրորդ` պետք է պահանջներ դրվեն: Այս պահի դրությամբ որևիցե պահանջ դրված չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ ուժին, այնտեղ մարդ-կուսակցություններ, մարդ-կազմակերպություններ են, անհասկանալի նախաձեռնություն, որ չգիտես՝ այդ նախաձեռնությունում քանի հոգի կա, կազմակերպություն, որը խոստանում է, որ 100-ամյակն առանց ռեժիմի պետք է լինի, բայց 100-ամյակն անցավ, իսկ ռեժիմը մնաց, որից հետո մեկ կամ մի քանի ամսով կտրվեց քաղաքական գործընթացներից, ապա կրկին հայտնվեց, կուսակցություն, որը Հայաստանում խոստանում է իշխանափոխություն անել, բայց նույնիսկ խմբակցություն չի կարողանում կազմակերպել և հասկանալ` ով ում բարեկամն է:
Ինչքան էլ նրանք փորձեն արմատականություն քարոզել, ինչքան էլ արմատական հռետորաբանություն կիրառեն, չունեն մարդկային ռեսուրս, որպեսզի կարողանան իրենց նպատակներին հասնել, առավել ևս, երբ Հայաստանում այդ մարդկային ռեսուրսը չի մնացել: Տեղի ունեցողը իշխանափոխության չի հանգեցնելու, լինելու է այնպես, ինչպես նախորդ բոլոր նման գործողություններին, սակայն սա, ի տարբերություն նախորդների, լրացուցիչ ազդակ կհանդիսանա, որպեսզի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ մարդիկ գնան և լրացուցիչ զանգվածով դեմ քվեարկեն: Այսինքն` այս գործողությունները կարող են արմատականացնել տրամադրությունները և խթան հանդիսանալ «Ոչ»-ի գործողությունները հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Իշխանություն հասնելու ճանապարհին, այո, կհիասթափեցնեն, սակայն ն նպաստավոր դեր կկատարեն «Ոչ»-ի քարոզարշավի համար:
– «Մահ», «արյուն» ձևակերպումներն իրականում կարելի ՞ է դիտարկել, որպես խաղաղ անհնազանդության հռետորաբանություն:
– Խաղաղ անհնազանդություն է, եթե դու կարողանում ես շենքերը գրավել, եթե գրավման գործողությունների ժամանակ արյուն չի թափվում, եթե արյունը թափվում է, այն դադարում է խաղաղ լինելուց:
– Այսինքն` եթե արյան մասին է խոսվում, ենթադրվում է, որ կարո՞ղ է լինել նույնիսկ արյուն իշխանափոխության ճանապարհին:
– Շատ բան կարող են ասել: Եթե Մայդանն ուսումնասիրում են, չպետք է միայն արտաքին տեսքն ուսումնասիրեն, իսկ էությունն արդեն նշեցի, թե ինչ հանգամանքների առկայության դեպքում կարող է տեղի ունենալ: Հայաստանում այդ պայմանները գոյություն չունեն, այլ բան է, եթե դրսից ինչ-որ մի երկիր, կենտրոն խիստ շահագրգռված լինի ՀՀ-ում Մայդան իրականացնելու, ապա բնականաբար ինքը կարող է իր հետ դրսից մարդ բերել այստեղ ինչ-ինչ գործողությունների համար: Բայց ես չեմ կարծում՝ կա որևիցե մի երկիր, որն այստեղ կցանկանա փողոցային մարտերի միջոցով իշխանափոխություն իրականացնել, առավել ևս երբ անհասկանալի է, թե իշխանափոխությունից հետո ինչ է տեղի ունենալու և ով է իշխանության գալու կամ ովքեր են այդ ուժերի թիկունքում կանգնած: Այսինքն` Մայդանն իր էությունն ունի, եթե դու փորձում ես նմանակել, դու ընդամենը ստանում ես դրա խոտան տեսակը: Ուստի ինչքան էլ փորձեն ասել,թե շենքեր են գրավելու, ՀՀ-ում դրանք տեղի չեն ունենա: Դա տեղավորվում է միայն իրենց կողմնակիցներին մոբիլիզացնելու կտրվածքով: Չեմ ասում, թե այդ մարդիկ PR-ով են զբաղված, նրանք մտածում են այս ճանապարհով հաջողության հասնել, բայց այս ճանապարհով նրանք հաջողության չեն հասնի: Նրանց գործողույթունները նպաստում են «Այո» և «Ոչ» կողմերի սև և սպիտակ լինելուն: Այդ կտրվածքով դրական են այս գործողություները:
– Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը կմիանան «Ոչ»-ի հավաքին Ազատության հրապարակում` հույս հայտնելով, որ պայքարը կշարունակվի միասնական ընդդիմությամբ: Սա ևս, ըստ Ձեզ, հասարակությանը տեղից չի շարժի՞:
– Քարոզարշավը հասարակությանը տեղից շարժել է, քարոզարշավն իր նպատակին հասել է: Նրանք, ովքեր համաձայն են՝ գնալու են կողմ են քվեարկելու, ովքեր դեմ` դեմ: Այսքանը, սրանից ավել հասարակությունը պատրաստ չէ: Իշխանության համար այս հարցը կենաց մահու հարց է դարձել, քանի որ հասկանում է, որ նույնիսկ գումար տալով գուցե շատերը «Ոչ» ասեն, իսկ հասարակության վերջին քննությունն է, որը տապալելուց հետո նա կդառնա պարզապես մարզային բնակչություն:
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ