Ի՞նչ է ուզում Ռոբերտ Քոչարյանը
Հայաստանի քաղաքական համակարգի ամենալուրջ խնդիրներից մեկը, եթե ոչ՝ ամենահիմնականը, պատասխանատվության բացակայությունն է ու հիշողության կորուստը: Մարդիկ կարող են երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցնել, այդ ընթացքում հանցավոր գործողություններ կատարել կամ ցուցաբերել անգործություն, հետո հեռանալ պաշտոնից ու ոչ միայն՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու վայելել կյանքը, այլ ժամանակ առ ժամանակ դատողություններ անել այլոց թերությունների մասին:
Երևույթ, որը տարածված է մեզանում: Այս երևույթի ամենավառ արտահայտողներից մեկն էլ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով, բացի ինքնահարցազրույցներից, ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս նաև այլ՝ որպես կանոն, օտարերկրյա լրատվամիջոցների, ու երբեմն՝ սուր, երբեմն՝ դիվանագիտական ձևակերպումներով քննադատում գործող իշխանությանը:
Օրերս Ռ. Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերությանը, որում տեղ-տեղ՝ սուր, տեղ-տեղ՝ մեղմ քննադատություններ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների, վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Միանգամից ասենք՝ Ռ. Քոչարյանի բոլոր քննադատությունները տեղին են, արդարացի են և հիմնավոր: Բայց նա խոսում է այնպիսի արատավոր երևույթների մասին, որոնց հիմքերը դրվել ու զարգացվել են նաև իր իշխանության տարիներին, շատ դեպքերում՝ անձամբ իր մասնակցությամբ:
Հասարակության ապատիա, քաղաքական վերնախավի ու ընդդիմության վարկաբեկվածություն, Ռուսաստանից վասալային կախվածություն… նա խոսում է այնպես, կարծես 20-ամյա բացակայությունից հետո նոր է վերադարձել Հայաստան ու սրտի անհուն կսկիծով կիսվում է իր տպավորություններով:
Բայց գրեթե առանց բացառության՝ բոլոր արատավոր երևույթները, որոնց մասին խոսում է Ռ. Քոչարյանը, նաև իր իշխանության ծնունդն են, գործող իշխանությունն էլ՝ իր իշխանության օրգանական շարունակությունը՝ թե ֆիզիկապես, թե գործելաոճի առումով: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Քոչարյանը կամ որևէ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյա չպետք է ընդհանրապես հրապարակավ կարծիք հայտնի:
Իհա՛րկե ոչ:
Ցանկացած ոք ունի խոսքի ազատության իրավունք, որը, Ռ. Քոչարյանի իշխանության օրոք, ի դեպ, ոտնահարվում էր տասնապատիկ ավելի շատ ու կոպտորեն, քան հիմա: Բայց, երբ առանց սեփական սխալները խոստովանելու, խոսում են նաև այդ սխալների արդյունքում արմատացած ու խորացած արատավոր երևույթների մասին, առաջին միտքը որ գալիս է, վերաբերում է քաղաքական բարոյականությանը:
Ռ. Քոչարյանի հարցազրույցից կարելի է տասնյակ հետևություններ անել, փորձել գտնել ներքին ու արտաքին տարբեր բևեռներին ուղղված զանազան ուղերձներ: Այդ հարցազրույցում կա ամեն ինչ, բացի ազնվությունից ու պատասխանատվությունից: Նա իր իշխանության տարիներին ամեն ինչ արել է ընդդիմությանը ոչնչացնելու համար, հիմա խոսում է ընդդիմության թուլության կամ բացակայության բացասական ազդեցության մասին: Նա իր պաշտոնավարման տարիներին Ռուսաստանին է հանձնել Հայաստանի գրեթե բոլոր ռազմավարական օբյեկտները, այսօր խոսում է վասալային մտածողության անթույլատրելիության մասին:
Ի՞նչ է, այսպիսով, երկրորդ նախագահը հասկացնում գործող նախագահ Սերժ Սարգսյանին, քննարկման այլ նյութ է: Ակնհայտ է միայն այն, որ Քոչարյանն իշխանություն, իշխանությանը գոնե մաս կազմելու հնարավորություն է ուզում, որը ստանալու հեռանկար Սերժ Սարգսյանից, ըստ ամենայնի, չի տեսնում: