«Հայկական կողմերի ոչ արժանապատիվ պահվածքը նպաստում է ռուս-ադրբեջանական սեպարատ բանակցություններին ԼՂ-ի շուրջ»

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանի հետ

– Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքականությունը մեղմորեն տարածվում է դեպի Հարավային Կովկաս։ Խոսվում է Ստեփանակերտի օդանավակայանն իբրև թե ԻՊ-ի դեմ պայքարում օգտագործելու մասին, ՀՕՊ կովկասյան միասնական համակարգ է ձևավորվում, որով Ռուսաստանը թույլտվություն է ստանում օգտագործել ՀՀ օդային տարածքը, ռուս-թուրքական հարաբերություններն են հայտնվում ճգնաժամի շեմին, իսկ Ադրբեջանը նույնիսկ աջակցում է ռուսական գործողությանը Սիրիայում, ապա խոսում ԵՏՄ անդամակցության մասին, և այս ամենի ֆոնին` հրապարակ է վերադառնում հողերի հանձնման թեման։ Ի՞նչ իրավիճակ է ստեղծվում Ղարաբաղյան հակամարտության շուրջ, ըստ Ձեզ։

– Ադրբեջանի հետ մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը Ստեփանակերտի օդանավակայանը չի օգտագործի։ Սակայն նման հնարավորության մասին հայտարարելն անգամ խիստ անպատասխանատու քայլ էր։ Ռուսներին հաճոյանալու մոլուցքով տառապողների սովորական գործելաոճն է. հաշվի չառնել ո՛չ Հայաստանի, ո՛չ ԼՂՀ-ի շահերը, ո՛չ էլ անվտանգության ռիսկերը։ Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությունը վերջինիս դարձրել է ահաբեկչության պոտենցիալ թիրախ. նույնը սպառնում է ռուսական արկածախնդրությանը մասնակցել համաձայնողներին։ Այս համատեքստում Հայաստանում ռուսական լրացուցիչ ուժերի, մասնավորապես` օդուժի տեղակայման հնարավորությունը ևս մտահոգություն է առաջացնում, քանի որ անվտանգության ռիսկերը կավելանան նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի տարածքից որոշակի գործողություններ իրականացնելու դեպքում։

Վերոնշյալը պետք է նաև հաշվի առնվի` ՀՕՊ կովկասյան միասնական համակարգի խնդրին անդրադառնալիս։ Ռուսական այս հերթական նախագծի վտանգավորության աստիճանը գնահատելիս` պետք է նաև այլ կարևոր հանգամանք հաշվի առնել։ Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի պարզաբանման` ՀՕՊ համակարգի ստեղծումը կհանգեցնի նրան, որ բացի 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերից և ավիացիայից, որոշ գործողությունների մեջ կարող են ներգրավվել նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը։ Սակայն դա անհնար կլինի` առանց Վրաստանի օդային տարածքն օգտագործելու։ Այսինքն, սա ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովելու, այլ` ավելի շատ Վրաստանի նկատմամբ ճնշման լրացուցիչ պատրվակ ստեղծելու համար է արվում` ինչը հղի է տարածաշրջանում լարվածության աճով։

– Ավելի ուշագրավ է ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը տարածվեց Բակո Սահակյանի մեկնաբանությունից հետո, որոնց միջև շատերը կապ գտան։ Ըստ Ձեզ` ի՞նչն է անհանգստացրել համանախագահներին, և ո՞վ էր հայտարարության հասցեատերը։

– Ինչպես ԵԽ ԽՎ զեկույցի վերաբերյալ հայտարարությունը` բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակից դուրս չբերելու անհրաժեշտության մասին, վերջին հայտարարությունը ևս նույն տրամաբանությամբ է առաջնորդվում, և, հավանաբար, նույնպես ընդունվել է ԱՄՆ-ի առաջնորդության շնորհիվ։ Հայտարարության հասցեատերը, ըստ իս, հայկական կողմերն են, որոնց անհեռատես և ոչ արժանապատիվ պահվածքը մեծապես նպաստել է թե՛ ոչ նպաստավոր զեկույցի ի հայտ գալուն, թե՛ Ռուսաստանին միակողմանի գործողությունների հնարավորության վերաբերյալ հույս ներշնչելուն` ինչը, իր հերթին, նպաստում է ռուս-ադրբեջանական սեպարատ բանակցություններին։

– Այսօր Ռուսաստանին ձեռնտու է օգտվել իրավիճակից և ամրացնել իր դիրքերը Ղարաբաղո՞ւմ, թե՞ աշխատել Մինսկի խմբում` պահպանելով հակամարտության ներկայիս դինամիկան ու մինչ այս իր ունեցած դերակատարությունը։

– Մինսկի խմբում ՌԴ դերակատարությանը վտանգ, այսպես թե այնպես, չի սպառնում, սակայն Մոսկվան բաց չի թողնի միակողմանի գործողությունների իրականացման որևէ առիթ` դրա առաջացման դեպքում։ Այս առումով հայկական կողմերի ղեկավարությունը պետք է որոշակի հետևություններ անի, քանի որ ռուսամետությունը և ինքնիշխանությունից աստիճանաբար հրաժարվելը` հօգուտ ՌԴ-ի, կարող է անուղղելի հետևանքների հանգեցնել։

– Այս իրավիճակում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները ջերմանում են, տեսնում ենք համագործակցություն տարբեր հարցերում, այդ թվում` սիրիական հակամարտության, ապա` տարածքների վերադարձի թեման է ակտիվ մտցվում շրջանառության մեջ` տպավորություն ստեղծելով, թե ինչ-որ գործարք է նախապատրաստվում, հատկապես, երբ ռուսաստանյան թերթերից մեկը գրեց, որ Լավրովի ՀՀ այցի նպատակն այս հարցի շուրջ բանակցությունները շարունակելն էր։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Կարող եմ պարզապես կրկին շեշտել. եթե նման գործարք ի հայտ գա, մեղքը հայկական կողմերի ղեկավարությանն է լինելու։

– Ըստ Ձեզ` ի՞նչ լծակներ ունի Հայաստանը ռուսական առաջարկները չընդունելու համար։ Արևմուտքի՞ց այս հարցում ինչ աջակցություն կարելի է ակնկալել։

– Նախևառաջ` պատրաստակամություն չունի։ Դա է բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը։ Սակայն մասնավորապես ԼՂ կարգավորման գործընթացի համատեքստում հնարավոր է բարելավել Մինսկի խմբում, ԵԽ ԽՎ-ում, այլ հարթակներում կատարվող աշխատանքը` ԵԽ ԽՎ պատվիրակության կազմը փոխելով, հատուկ աշխատանքային խումբ ձևավորելով, և այլն։ Ինչ վերաբերում է աջակցություն ստանալուն` դրա համար նախ` պետք է աշխատանք կատարվի, բանակցություններ վարվեն, պետք է վստահելի գործընկեր լինելու ունակությունն ապացուցվի` հատկապես վերջին տարիներին ռուսական շահերը սպասարկելու գրեթե անսպառ պատրաստակամության ցուցադրումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս