Բաժիններ՝

Ներմուծման անկումը էական ճնշում կգործադրի 2016թ. բյուջեի եկամուտների վրա

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ այս տարի կտրուկ նվազել է ներկրումների ծավալը՝ թե՛ առաջին անհրաժեշտության սպառման, թե՛ երկարատև սպառման ապրանքների գծով, օրինակ՝ ձեթի ներմուծումը կրճատվել է 91%-ով, շաքարավազը՝ մոտ 40%, նվազել են կենցաղային տեխնիկայի և շատ այլ ապրանքների ներմուծումը:  «2016թ-ին եկամուտների ձևավորման վրա այս գործոնը կշարունակի էական ճնշումներ գործադրել»,- ասաց Ա.Ալավերդյանը:

Փոխնախարարը մատնանշեց տնտեսական իրողության մեջ մի քանի «օբյեկտիվ» փոփոխություններ, որոնք հաջորդ տարիներին ևս էական ազդեցություն կունենան բյուջեի եկամուտների վրա, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլոտն աճում է, բայց հարկային եկամուտների աճ չի բերում, քանի որ այս ոլորտն ազատված է ԱԱՀ-ից, շահութահարկից և եկամտահարկից:

Աճում է զվարճությունների և վիճակախաղերի ոլորտը, սակայն դրանք էլ հարկվում են հաստատագրված վճարով: Նույն կերպ՝ կացության և հանրային սննդի ապահովման գծով աճ կա, բայց ամբողջ հանրային սնունդը կրկին հարկվում է հաստատագրված վճարներով: Ա.Ալավերդյանի խոսքով՝ նույն իրավիճակն է հանքագործության և մի քանի այլ ոլորտներում:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ անցած տարի ասում էին, թե շատ տնտեսվարողներ պաշարներ են կուտակում ԵՏՄ-ին անդամակցության հետ կապված, և հետաքրքրվեց, թե արդյոք ձեթի սպառո՞ւմն էլ է նվազել 91%-ով: Նրա դիտարկմամբ՝ առաջին անհրաժեշտության ու երկարատև սպառման ապրանքների նվազման հետ մեկտեղ բանկերում ավելացել են ավանդները. «Տպավորություն է, որ սպառողը փորձում է հիմնականում կուտակել»:

Կարդացեք նաև

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ ձեթի ներկրման 91% անկումը վերաբերոմ է երրորդ երկրներին. «ԵՏՄ-ին անդամակցելուց մեր տնտեսվարողների մեծագույն առավելութուններից մեկն այն է, որ ներկրումների համար մաքսային արժեքը վճարում են 1-2 ամիս անց: Երբ ասում ենք, որ ձեթի ներմուծումները կրճատվել են, դա վերաբերում է երրորդ երկրներից ներկրումներին»:

Ըստ նրա՝ բյուջետային մուտքերի ամփոփումը գնահատում են տվյալ ամսին, որի մեջ ԵՏՄ-ից եկած ապրանքները դերակատարություն չունեն և դեկտեմբերին ամփոփման ժամանակ չեն ունենա. «Բայց քանի որ մենք անդամագրվել ենք ԵՏՄ-ին և տնտեսության մեջ լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում, հիմա շատ ապրանքներ ձեռնտու է ներկրել ԵՏՄ-ից, ոչ թե երրորդ երկրներից: Իսկ ԵՏՄ-ից ձեթ ներկրվում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս