Բաժիններ՝

Բրունո Շուլց «Առասպելը և իրականությունը»

Իրականության հիմքում իմաստն է: Անիմաստն անիրական է: Իսկ իրականության ուզածդ մասնիկ ողջ է այն բանով, որ մտնում է ինչ-որ համընդհանուր իմաստի մեջ: Վաղնջական տիեզերածնությունները դա համանման էին արտահայտում` ի սկզբանե Բանն էր: Չանվանվածը գոյություն չունի: Անվանել իրը` կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին: Առանձին, խճանկարային խոսքը` ավելի ուշ ժամանակների արտադրանք է, տեխնիկայի ծնունդ: Նախասկզբնական բառը ստվերի պես հածում էր աշխարհի իմաստի վրա, եւ մեծ, համընդհանուր ամբողջություն էր: Այժմյան գործածության մեջ բառը` միմիայն բեկոր է, ինչ-որ հինավուրց, համընդգրկուն, միասնական առասպելաբանության մնացուկ: Այստեղից էլ` նրա ձգտումն առ վերականգնում, մինչեւ նախնական իմաստի լիալրումը: Բառն ապրում է այն բանով, որ հազարավոր թելերով պրկվում է մեկում, հանց առասպելական վիշապի հատված մարմինը, որի մասերը միմյանց են փնտրում համաշխարհային գիշերվա մեջ: Բառի հազարադեմ ու միասնական օրգանիզմը հատվել էր առանձին բառերի, հնչյունների, առօրյա խոսքի եւ արդեն այդ նոր, գործնական կարիքների համար հարմարեցված ձեւով հասել էր մեզ՝ որպես փոխըմբռնման միջոց: Բառի կյանքը, նրա զարգացումը փոխադրել էին այլ ուղիներ, դեպի կենցաղային գործնականությունը, ենթարկել էին այլ օրենքների: Սակայն ամեն անգամ, երբ գործնականության խստաշունչ հրամայականները ինչ-ինչ պատճառներով թուլանում են եւ ճնշումից ազատ խոսքը թողնուոմ են ազատ, վերադարձնելով վաղեմի իրավունքները` նրան մեկեն համակում է ետդարձի տենչը, եւ բառը ձգտում է վերականգնել նախկին կապերը, վերադառնալ դեպ իմաստի լիությունը: Բառի այդ տենչն առ հարազատ օրրանը, նրա կարոտն առ վերադարձ, դեպի բառային նախահայրենիքը, կոչում են հենց բանաստեղծություն:

Պոեզիան` բառերի միջեւ եղած իմաստի կարճ միացումն է, նախնադարյան առասպելների ակնթարթային համբարձումը:

Օգտվելով գործածության մեջ եղած բառարանից, մենք մոռանում ենք, որ դա սոսկ հին ու հավերժական պատմությունների բեկորներն են, որ մենք, հանց բարբարոսներ, մեր տների վրա ենք նետում հնամենի աստվածների քանդակների եւ ռելիեֆների կտորտանքները: Մեր հասկացություններից նույնիսկ ամենասթափները` առասպելների եւ հին պատմությունների հեռավոր ածանցյալներն են: Մեր գաղափարների մեջ դույզն-ինչ բան չկա, ինչը չի սերում առասպելաբանությունից, եւ ինչը փոխակերպված, խեղված, ձեւափոխված առասպել չի: Ոգու նախասզբնական գործը` հեքիաթներ պատմելն է, «պատմություններ» արարելը: Մարդկային իմացության շարժիչ ուժն այն հավատն է որ ի վերջո այն կգտնի աշխարհի վերջնական իմաստը: Եվ փնտրում է այն, միմյանց վրա արհեստական բեմահարթակներ ու անտառներ բարձելով: Սակայն այդ բոլոր շինանյութերը մի անգամ արդեն օգտագործվել են` դրանք միեւնույն մոռացված եւ հետո մասնատված «պատմություններն են»: Պոեզիան ըմբռնում է կորուսյալ նշանակությունները, բառերը վերադարձնում է նախնական տեղը, համակցում է դրանք, ենթարկվելով հին իմաստին: Բանաստեղծի խոսքն ինչ-որ կերպ հիշում է իր ճշմարիտ էությունը, ծաղկում եւ զարգանում է առանց պարտադրանքի, իր իսկ օրենքներով, վերականգնում է վաղեմի ամբողջությունը: Այդ իսկ պատճառով պոեզիան` առասպելաստեղծանում է, նրա խնդիրը աշխարհի մասին առասպելները վերստեղծելն է: Տիեզերքի առասպելարարումը դեռեւս լրման չի հասել: Պարզապես այդ գործընթացն իմացության ընթացքով կանգնեցվել էր եւ քշվել էր եզրահուն, ուր ոչինչ արդեն չի հիշեցնում նրան նախկին կողմնորոշիչների մասին: Սակայն իմացությունը` նույնպես աշխարհի մասին առասպելի կանգնեցումն է` առասպելը թաքնված է նրա յուրաքանչյուր օղակում, այնպես որ մարդը չի կարող առասպելի սահմաններից անդին գնալ: Պոեզիան գնում է դեպի աշխարհի իմաստը դեդուկտիվ կերպով, anticipando, եւ համարձակորեն, մի ցատկով կրճատում է ճանապարհը, մոտեցնելով հեռավորը: Իսկ իմացությունը մոտենում է նրան ինդուկտիվորեն, քայլ առ քայլ, մտապահելով փորձի ողջ պաշարը: Սակայն պոեզիայի ու իմացության նպատակը նույնն է:

Մարդկային ոգին հոգնություն չի ճանաչում, առասպելների շնորհիվ կյանքին ձայն պարգեւելով, շրջապատն իմաստավորելով:

Իմաստը սկիզբն է, որը մարդ ներմուծում է գոյության մեջ: Այն անվերապահ տրվածն է եւ ոչ մի կողմնակի բանից դուրս չի բերվում: Ինչու ենք մենք իմաստ տեսնում այս կամ այն բանի մեջ, անհնար է հիմնավորել: Իսկ իմաստի ներմուծումն աշխարհ` խոսքից անբաժանելի է: Մարդկային խոսքը` բնազանցության օրգան է: Եվ այդուհանդերձ, ժամանակի ընթացքում ցանկացած խոսք կարծրանում է, տեղի է տալիս, կորցնում է նոր իմաստ բերելու ընդունակությունը: Բանաստեղծը բառերին վերադարձնում է այդ հաղորդունակությունը, դրանք այլ կերպ համակցելով եւ կարճ միացում կազմակերպելով: Մաթեմատիկական սիմվոլները բառը դուրս են բերում դեպի նոր հորիզոններ: Փոխաբերությունը` նախնական խոսքի եւս մեկ ածանցյալն է, խոսքի, որն այն ժամանակ նշան չէր, այլ առասպել, ասք, հենց իմաստը:

Մենք առտնին խոսքն իրականության ստվերն ենք համարում, նրա կրկնակը: Ավելի շուտ, ընդհակառակը, իրականությունն է բառի ստվերը: Եվ փիլիսոփայությունը, ըստ էության, այլ բան չէ, քան բանասիրություն` խորը, ստեղծագործական ներթափանցում բառի մեջ:

1936թ.

Ողբերգական ազատությունը (հատվածներ)

Ի՞նչ է պատմությունը: Ո՞վ կգուշակի նրա բարյացակամության հանելուկը, նրա գթածությունների գաղտնիքները: Մեզ հայտնի չեն նրա եւ նրա հերոսի միջեւ մեկուսի խաղարկվող խորհրդածեսերը, հայտնի չեն ծածուկ բանակցությունները, նրանց միավորող գաղտնիքները: Գուցե՞ դա սիրահարի եւ նրա ընտրյալի գաղտնիքն է: Քանիսին է նա զանց առնում անտարբեր, քանիսի վրա նույնիսկ հայացք չի նետում, ասես գրքի էջեր թերթելիս, եւ անսպասելիորեն կանգ է առնում ինչ-որ մեկի վրա, հանկարծ սրատեսություն ձեռք բերելով, կրքով բռնկված: Նրա սիրեցյալների ժամը կարճ է, նրանց վիճակված է մնալու սոսկ այնքան, որքան հնչում է խոսքը, որը նրանք կարողացել են ճչալ ի պատասխան նրան:

Քանզի նրանք բավեցին մեն մի խոսքի համար, նրանց ողջ կյանքը մարեց լոկ մի հնչյունում նրա գաղտնիքի տան մեջ:

Հայացք նետել վիթխարի, երկինք բռնող, առասպելի պատկերին եւ ընթերցել նրանում, գուշակել եւ կանխատեսել, թե ինչ է անրջվում այնտեղ, դեռեւս անուն չառած: Խնամքով կորզել արմատի հետ ամպի ծոցից, բառերի ուռկանում որսալ այն, որ առկայծում էր այդ թաքուցյալ լիցքերում, ազատ, հածող էներգիայում, եւ միաժամանակ չկտրել առասպելի պորտալարը, ժամանակից շուտ չառնել այն որոշակի, խիստ կառուցաձեւի մեջ: Չէ՞ որ առասպելի հատակը անշուշտ պիտի գնա առ անհասկանալին, անբառելին, առասպելը, որպեսզի ողջ մնա, պիտի բնավորվի ակունքներում, որ անհասանելի են հայացքին:

Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ
2010թ.
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս