Բաժիններ՝

Հեռուստատեսությանը խելացի մարդիկ պետք չեն. media.am

media.am-ի փոխանցմամբ՝ մշակութային սոցիոլոգ, կինոգետ, «Կինոարվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր Դանիիլ Դոնդուրեյն այն հազվադեպ մասնագետներից է, ով հեռուստատեսության մասին գիտի ամեն ինչ և նույնիսկ ավելին։ Արդեն երկար տարիներ նա ուսումնասիրում է հեռուստատեսության բազմաշերտ ազդակներն ու դրանց ներգործությունը հեռուստադիտողների վրա։

Նա վստահ է, որ գրեթե բոլորը թերագնահատում են հեռուստատեսության կոդերն ու նշանակությունը։ Եվ կարծես լուռ համաձայնել են, որ հեռուստատեսությունը կարելի է անտեսել ու հանել մարդկանց օրակարգից։ Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է։ Հեռուստատեսային բովանդակությունը լսարանին թելադրում է վարքագծային նորմեր, որոնք էլ հաջող օգտագործում են իշխանությունները` որոշ հարցերում մոբիլիզացնելով, իսկ որոշներում` մարելով զանգվածային վախերն ու ձգտումները։ Ըստ Դանիիլ Դոնդուրեյի` խնդիրն այն է, որ քիչ են փորձագետները, որոնք կարող են «կարդալ» ու վերլուծել էկրանից փոխանցվող ուղերձները։ Ինչը հատկապես անհրաժեշտ է Ռուսաստանում, որտեղ հեռուստադիտումներն առաջնային զբաղմունք են։

– Դուք ասում եք, որ հեռուստատեսությունը մեծ դեր ունի։ Արդյոք այդ իրավիճակը հիմա չի՞ փոխվում ինտերնետի զարգացմանը զուգահեռ։

– Ռուսաստանի քաղաքացիների 88%-ը հեռուստատեսությունը համարում է տեղեկատվություն ստանալու գլխավոր աղբյուր, ընդ որում` հարցվողներից շատերն օգտվում են նաև ինտերնետից, բայց, այնուամենայնիվ, գլխավոր աղբյուր են համարում հեռուստատեսությունը։ Աշխարհի սոցիոլոգներն առանձնացրել են 500 զբաղմունք, որոնք հատուկ են բոլորին` սկսած քնից, վերջացրած ձեռագործությամբ։ Այսինքն` այն ամենը, ինչից կազմված է մարդու կյանքը։ Եվ պարզվեց, որ զբաղմունքի բացարձակ առաջատարը Ռուսաստանում հեռուստադիտումն է։ Դա նշանակում է, որ այդ 500 զբաղմունքներից ոչ մեկը (աշխատանքը գրասենյակում, երեխաների հետ շփումը, ժամանցի տեսակները և այլն) չի խլում այնքան ժամանակ, որքան հեռուստացույցի առջև նստելը։

Կարդացեք նաև

Հեռուստադիտումների հետ չի կարող մրցել անգամ քունը։ Եվ եթե Դուք կամ Ձեր ծանոթն ասում է, որ ընդհանրապես հեռուստացույց չի դիտում, դա նշանակում է, որ իր մայրը կամ տատիկը եռակի շատ են դիտում։ Ասենք` կիրակի օրը հեռուստացույցի առջև ոչ թե` 7, այլ` 10-11 ժամ են անցկացնում։ Հեռուստաարտադրանքի սպառողների մեծամասնությունը կանայք են։ Միայն սերիալները (այդ գլխավոր մշակութային արտադրանքը) օրական դիտում է 105-107 միլիոն մարդ։

Հավատացնում եմ Ձեզ, ոչ մի այլ զբաղմունք կամ գործունեություն համեմատվել անգամ չի կարող այս ցուցանիշի հետ, դա ահռելի թիվ է։ Իսկ անցյալ տարի մեծացավ հեռուստադիտման օրական ծավալը` 3 ժամ 57 րոպեից` դառնալով 4 ժամ 20 րոպե (այս ցուցանիշը վերաբերում է 4 տարեկանից բարձր ՌԴ բոլոր քաղաքացիներին)։ 2014-ին լրատվական ու վերլուծական հաղորդումների դիտման վրա մարդիկ ծախսել են 600-900 ժամ ավելի, այսինքն` օրական 34-40 րոպե ավելի են դիտել հեռուստացույց։ Եվ դիտել են լուրեր։ Ստացվում է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի մեկ տարվա ընթացքում մեկ ամիս վատնել է հեռուստատեսության վրա։ Միայն պատկերացրեք` մեկ ամիս…

– Կարելի՞ է ասել, թե ինչից և երբ սկսվեց Ռուսաստանի համատարած «հեռուստականացումը»։

– Իհարկե, մարդիկ միշտ էլ շատ էին դիտում հեռուստացույց, բայց քանի որ ալիքները լրջորեն սկսեցին զբաղվել վախերով, վտանգներով ու մոբիլիզացիայով, հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակն ավելացավ (իմ նշած մեկ ամիս գումարածը)։ Մարդիկ սկսեցին ավելի շատ դիտել ոչ թե սերիալները (միշտ էին դիտում), այլ լրատվական ծրագրերը։

– Լուրերի թողարկումները կարծես նույնպես սերիալներ են։ Թրիլլերներ` կառուցված սերիալային, շարունակական սխեմայով։

– Այո, շատերի համար լուրերը սերիալներ են։ Ի վերջո, բոլոր մարդիկ ապրում են իրենց վախերով։ Ներքին կամ ցուցադրվող, հարազատ թե ատելի, միևնույն է, դրանք վախեր են։ Եվ հեռուստատեսությունը սովորեց ղեկավարել ու խտացնել այդ վախերը։ Ռուսական հեռուստատեսությունն աննախադեպ և հզոր միջոցներով ձևափոխեց Ռուսաստանի ողջ իմաստային տարածքը։ Իհարկե, դա պատրաստվում էր դեռ 2013-ից, երբ բողոքի ցույցեր տեղի ունեցան Մոսկվայում, բայց կիզակետին հասավ 2014-ին։ Ուզում եմ շեշտել` հեռուստատեսությունը ոչ թե ապրանք է ստեղծում, այլ բովանդակություն։ Անգամ ավելի կոպիտ կասեմ` հեռուստատեսությունը արտադրում ու պատրաստում է զանգվածային պատկերացումներ կյանքի մասին։ Իսկ դա մարդկության գլխավոր արտադրությունն է։ Ոչ մի այլ ոլորտ չի կարող համեմատվել հեռուստատեսության հետ, և ինտերնետը դեռ երկրորդական դերում է։

– Զանգվածային պատկերացումները պատրաստվո՞ւմ են, թե՞ ինքնաբուխ են ձևավորվում։

– Պատրաստվում են այնպես, ինչպես, ասենք, իմ ձեռքի գրիչը։ Այդ պատկերացումները ստեղծվում են վիրտուալ աշխարհում ու սպառվում առօրյայում։ Դրանք ամեն ինչի մասին են` Ռուսաստանի, դրա նախագահի, Ամերիկայի, այն մասին, թե ինչպես ենք ապրելու, պատերազմելու, սնվելու, քաղցելու և այլն։ Հեռուստատեսությունը զանգվային լրատվամիջոց չէ, անգամ զանգվածային հաղորդակցման միջոց չէ, այլ այդ ամենը` գումարած գլխավոր մշակութային մատրիցաների ու կոդերի պատրաստումը, որոնցով լսարանը գնահատում է ինքն իրեն ու իրեն շրջապատող աշխարհը։ Նաև ապագայի մոդելներ է գծում ու վարքագծային պրակտիկաներ գործի դնում։ Հասկանո՞ւմ եք, հեռուստատեսությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան տնտեսությունը։ Հեռուստատեսության տարածած մշակութային մատրիցան, օրինակ, թույլատրում է կոռուպցիան։

Կաշառք վերցնելու համար անգամ կարելի է գնդակահարել, բայց դա, միևնույն է, չի փոխի իրավիճակը, քանի որ մշակութային մատրիցան թույլատրում է կաշառքը (մասնավորապես` չինովնիկներին)։ Դա փոխանցում են հեռուստահաղորդումները, թոք-շոուները, սերիալները։ Ռուսաստանի մշակութային մատրիցան սերտ կապված է կրիմինալի ու բանտային կյանքի հետ, և պատահական չէ, որ քարոզվում է, թե կարևորը «հասկացությամբ ապրելն» է։ Այսինքն` ոչ թե օրենքով, այլ` բանտի դրվածքի համաձայն։ Եվ դա աշխատում է, քանի որ բոլորին պարզ ու հասկանալի է բացատրում կյանքի մեխանիզմները` ի տարբերություն խրթին բազմահատոր օրենքների հազարավոր կետերի, ենթակետերի, դրույթների, և այլն։

– Ինչպիսի՞ զանգվածային պատկերացումներ է ամրապնդում ռուսական հեռուստատեսությունը։

– Լավ գիտեք, որ մեզ համար պատմականորեն սարսափելի բառ է եղել «ֆաշիզմը», անգամ ավելի սարսափելի, քան հայհոյանքը։ Իսկ հիմա ամեն անգամ էկրանից լսում ենք` կիևյան ֆաշիստներ, լիբերալ-ֆաշիստներ, ֆաշիստները` Ռադայում…
Այդ բառի սեմիոտիկ նշանակությունը տեղաշարժվել է։ Ու մարդկանց մոտ ենթագիտակցաբար պատկերացում է ստեղծվել, որ բառի իմաստն արդեն կապված չէ հաղթահարված գերմանական ֆաշիզմի հետ։ Այն արդեն բոլորովին այլ տեղում է։ Ընդհանրապես շատ կարևոր է մեդիայում օգտագործվող ու անընդհատ կրկնվող բառերի ընտրությունը։ Տեսեք, տոնեցիք Հայրենական պատերազմում հաղթանակը, բայց շատ քչերը նկատեցին, որ հիմա չի խոսվում պատերազմի մասին, անգամ այդ բառը չի ասվում։

Ասվում է միայն` հաղթանակ։ Իսկ դադարելով խոսել պատերազմի մասին` մենք անտեսում ենք հաղթանակի երկու կարևորագույն բաղադրիչները։ Առաջինը` զոհերն են (ովքե՞ր են զոհվել, ո՞վ է սպանել` մե՞նք, թե՞ գերմանացիները, ինչպե՞ս է տեղի ունեցել, ի՞նչ գնով)։ Իսկ երկրորդ բաղադրիչը, իմ կարծիքով, ճակատագրական է Ռուսաստանի ներկայի համար. մենք միշտ ապրել ենք «Միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով, բայց հիմա այս հայտնի տողը բացառվել է։ Ջնջվել է ուղեղներից։ Այլևս այդպես չէ, մենք ենթագիտակցաբար համաձայն ենք պատերազմի և պատրաստ ենք պատերազմելու։ Իհարկե, դա արվում է նրբանկատորեն, հաղորդումների ու թոք-շոուների միջոցով։ Դա տեխնոլոգիա է։

Այս ամենը շատ լուրջ տրանսֆորմացիաներ է ծնում։ Եվ հիմքում զանգվածային պատկերացումների ստեղծման թերագնահատումն է։ Դրանցից մեկը, օրինակ, անվստահությունն է։ ՌԴ 71%-ը համարում է, որ չի կարելի վստահել մյուսներին, իսկ 49%-ը` որ կարելի է վստահել միայն սեփական ընտանիքին։ Իսկ ինչպե՞ս կարելի է ազատ տնտեսական մրցակցություն ունենալ ու աշխատել գործընկերների հետ, երբ բնակչության մեծամասնությունը չի վստահում։ Դա տապալման դատապարտված համակարգ է, որը սկիզբ է առնում մշակութային ուղերձ-ազդակներից։

Մարդիկ ոչ միայն չեն ֆիքսում, այլև ուշադրություն չեն դարձնում այս բազմահարկ ու բազմաշերտ աշխատանքին, որը կատարում են մամուլն ու լրագրողները։ Լրագրողներն առաջադրանքներ են ստանում` ինչի մասին խոսել, ինչի մասին լռել, ինչպես մատուցել։ Ասենք` մեր մշակութային մատրիցան այնպես է հնարվել, որ պետությունը դարձել է երկրի, հայրենիքի, ժողովրդի, լեզվի, մշակույթի հոմանիշը։ Եվ եթե դու դեմ ես այս պետությանը, ուրեմն դեմ ես ամեն ինչին, այդ թվում` նաև լեզվին։ Մի քանի տվյալներ էլ մեջբերեմ. 72%-ը գտնում է, որ կարելի է հանրային եթերից չհնչեցնել այն տեղեկատվությունը, որը վնասում է պետությանը։ Այսինքն` կարելի է լռել։ 42%-ը կարծում է, որ կարելի է փակել սահմաններն ու պաշտպանել պետությունը ենթադրյալ թշնամիներից։ Փաստորեն, մարդկանց գիտակցության մեջ չի ամրապնդվել գրաքննության վերացումն ու սահմանների բացումը։

– Երևի հեռուստատեսությունից սթափվելու հատուկ ծրագիր է պետք։ Ի՞նչը կարող է օգնել։

– Սթափ ընկալմանը հիմնականում նպաստում է երկու նախապայման։ Տեղեկատվություն մատուցողները պետք է կորցնեն իրենց վարպետությունն ու տրամաբանությունը և անցնեն չափը։ Այդ դեպքում լսարանը կսկսի կասկածել, որ ամեն ինչ այնքան էլ կարգին ու ճիշտ չէ։ Երկրորդը` մարդիկ պետք է հանկարծ տեսնեն տարբերությունը, որպեսզի ի հայտ գա կոգնիտիվ դիսոնանսը, ու իրենք զգան, որ տրված ինֆորմացիան միանշանակ չէ, և հարկավոր է ինքնուրույն գլուխ հանել դրանից։ Բայց ռուսական հեռուստատեսությունը սովորել է մարել կոգնիտիվ դիսոնանսը։ Հասկանում եք, մարդը պարզապես ի վիճակի չէ երկար ժամանակ ստանալ իրարամերժ տեղեկություն մեկ առարկայի, երևույթի կամ իրադարձության մասին։

Անպայման պիտի գերադաս համարվի տեսակետներից մեկը, այլապես չես հասկանա, թե ինչ վարքագծային նորմերով է պետք ուղղորդվել։ Ռուսական ալիքներին հետաքրքրում է միայն ռուսական լսարանը։ Եվ այդ պատճառով էլ ալիքները պարտադրված են ցանկացած իրադարձություն տեղադրել այնպիսի համատեքստում, որը կբացատրի ռուսներին, թե ինչ է կատարվում։ Ընդ որում` կբացատրի միանգամից ու մեկընդմիշտ։ Հեռուստատեսությունը չի կարող թույլ տալ, որ լսարանը վարանի կամ կասկածի։ Կասկածը հատուկ է խելացի մարդկանց, իսկ խելացի մարդիկ ալիքներին հարկավոր չեն, քանի որ կասկածը ենթադրում է միտք, վերլուծություն և, ի վերջո, հարցեր։ Իսկ երբ մարդու մոտ հարց է ծագում, նա փորձում է հավելյալ ինֆորմացիա որոնել, համեմատել, հասկանալ…

Ռուսական հեռուստատեսությունն ամեն ինչ անում է, որ լսարանը հավատա միանգամից։ Եվ եթե ռուսական ալիքները ոչ թե` կոպիտ, այլ` նրբորեն ու խելացի են աշխատում, կարողանում են ցանկացած նպատակի հասնել։ Ուզում եմ շեշտել, որ, իհարկե, ժողովուրդը հիմար չէ, թող չստեղծվի տպավորություն, թե մարդիկ լիակատար ապուշներ են։ Պարզապես նրանց ուղեղների լվացման ուղղությամբ ահռելի ու մանրակրկիտ աշխատանք է տարվել` կոգնիտիվ դիսոնանսը վերացնելու համար։ Եվ հիմա արդեն պարզ է. մարդկանց մոտ վարքագծային նորմերը տեղաշարժվել են։ Օրինակ` երբ որևէ տեղ կրակում են, սկսում ես հուզվել ու կարեկցել։ Երբ կրակում են ամեն օր, շարունակում ես կարեկցել ու հուզվել, բայց ոչ այդքան ակտիվ։ Իսկ երբ սկսում են սպանել ու զորք մտցնել, այլևս չես հուզվում։ Ես կոպիտ եմ խոսում, իրականում դա շատ նուրբ է արվում։ Արարիչ-հեղինակներն անգամ սարսափի մեջ են, քանի որ անհայտ է, թե որն է ելքը։ Ռազմական ելք չկա, երևի միակ ելքը քաղաքական է, բայց դա էլ այս ռեժիմի պարագայում գրեթե անհնարին է։

Հարցազրույցը` ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ
Լուսանկարը` ՍՈՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ
media.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս