HRW-ը կոչ է արել Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին Բաքվից պահանջել դադարեցնել բռնաճնշումները
Human Rights Watch-ը Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոմիտեին է ներկայացրել Ադրբեջանում տիրող վիճակի մասին հուշագիր, որը այդ երկրում տիրող իրավիճակի մասին հաշվետվություն է ներկայացնում, հայտնում է contact.az-ը:
HRW-ի մամլո հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը շարունակում է անհանգստություն հարուցել, իշխանությունները շարունակում են կոշտ բռնաճնշումները ընդդեմ կառավարության քննադատների, քաղաքական ակտիվիստների ու ընդդիմադիրների:
«Ձերբակալվածներն ու կալանավորվածները ենթարկվում են կտտանքների, ինչը հակասում է երկրի՝ Կտտանքների արգելման մասին կոնվենցիայի շրջանակում ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Դրա հետ կապված, HRW-ն իր խորհրդատվություններն է ներկայացրել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությունների առաջ բարձրացնել բռնաճնշումների դադարեցման փաստն ու պահանջել ազատել Լեյլա ու Արիֆ Յունուսներին, Իլգար Մամեդովին, Ինտիգամ Ալիևին ու մյուս քաղբանտարկյալներին: