Վարչապետ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկային

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային:

Ողջունելով հյուրին՝ վարչապետն արժևորել է հավատով և աշխարհընկալմամբ միմյանց կապված հայ և չեխ ժողովուրդների հոգևոր փոխհարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Պրահայի «Սուրբ  Հոգի» եկեղեցին  Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին փոխանցելու, ինչպես նաև չեխահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ Պրահայի հավատավոր հայ համայնքի համար չափազանց կարևոր և նշանակալից է հայրենիքից հեռու սեփական եկեղեցի ունենալը, ինչը կարևոր նշանակություն ունի հայի ինքնության պահպանման գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործի և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայում տեղի ունեցած միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:

Kardinal3 Kardinal9 Kardinal2 Kardinal8 Kardinal4

Կարդինալ Դոմինիկ Դուկան շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և կարևորել միջեկեղեցական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: Ըստ Կարդինալ Դուկայի, միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեն հոգևոր կապերը: Կարդինալը նշել է, որ տպավորված է հայկական հոգևոր արժեքներով և մշակույթով: Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը, կարևորել տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում կապերի խորացումը:

Kardinal7 Kardinal6 Kardinal5 Kardinal1

Հայանպաստ գործունեության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառում­ների իրականացմանը գործուն մասնակցության համար Կարդինալ Դոմինիկ Դուկան պարգևատրվել է ՀՀ վարչա­պետի հուշամեդալով:

Տեսանյութեր

Լրահոս