Երվանդ Զախարյանն արհամարհո՞ւմ է Վարդան Այվազյանին
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում գործող «Նաիրիտի» հարցերով ենթահանձնաժողովը մատնվել է հարկադիր պարապուրդի: Անցած տարի նոյեմբերին ստեղծված այս ենթահանձնաժողովը, որը ղեկավարում է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ստիպված է ամիսներ շարունակ սպասել, թե երբ վերջապես «Նաիրիտ» գործարանի մասնագետների մշակած ծրագիրը կհասնի իրեն: Այս ծրագիրը գործարանը պետք է ուղարկեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որն էլ ուղարկեր ԱԺ: Որոշ տեղեկություններով՝ ծրագիրը նախարար Երվանդ Զախարյանին մի անգամ արդեն ուղարկվել էր: Վարդան Այվազյանը մի քանի անգամ դիմել է կառավարությանն ու գործարանի ղեկավարությանը՝ պահանջելով վերջապես ներկայացնել ծրագիրը, սակայն, չնայած խոստումներին, մինչ օրս այդ չարաբաստիկ ծրագիրն Այվազյանին այդպես էլ չի հասել:
Ենթահանձնաժողովն արդեն ուսումնասիրել է Համաշխարհային բանկի աուդիտի եզրակացությունը, որում նշված է, թե «Նաիրիտի» վերագործարկման համար անհրաժեշտ է 250 մլն դոլար: Սա լուրջ խոչընդոտ է, որը հաղթահարել չի հանդգնի ոչ մի ներդրող: Առավել ևս, որ դեռևս լուծված չեն կուտակված պարտքերի և Միջպետական բանկից գործարանի բաժնետոմսերի վերադարձի խնդիրները: Վերջինս, ի դեպ, կառավարության հերթական չիրականացված խոստումներից է:
Հայտնի է, որ գործարանի մասնագետների մշակած առաջին ծրագրում վերագործարկման համար պահանջվում էր 60 մլն դոլար: Ու եթե համեմատենք, ՀԲ-ի 250 մլն ներդրումների ետ վերադարձի համար պահանջվում է 20 տարի, իսկ 60 մլն-ի համար՝ 5 տարի, և այս դեպքում առավել հավանական է, որ ներդրողները կհետաքրքրվեն այդ առաջարկով: Բայց քանի որ գործարանի մասնագետների ծրագիրը մոլորվել է «Նաիրիտ»-նախարարություն-ենթահանձնաժողով ճանապարհին, ապա Վարդան Այվազյանի ենթակայության տակ գտնվող մասնագետները համեմատելու բան էլ չունեն և չեն կարող եզրակացություն տալ:
Ենթահանձնաժողովը պետք է նիստեր գումարեր առնվազն ամիսը 2 անգամ, իսկ գրավոր եզրակացությունը ներկայացներ մինչև «ԱԺ ընթացիկ գումարման հաջորդ նստաշրջանի ավարտը»: Ենթահանձնաժողովը ստեղծվել էր ԱԺ 6-րդ նստաշրջանի ժամանակ, իսկ հիմա արդեն 8-րդն է ընթանում: Այսինքն՝ ժամկետները վաղուց սպառվել են, բայց աշխատանքն այդպես էլ արված չէ: Ավելին՝ սեպտեմբերի վերջին նախատեսված «Նաիրիտի» շուրջ խորհրդրանական լսումները նույնպես չկայացան: Պարզ չէ՝ ենթահանձնաժողովը դեռ շարունակելո՞ւ է գործել, թե՞ դե յուրե այլևս իրավասու չէ որևէ բան անել:
«Նաիրիտի» ճակատագրով շահագրգիռ փոքրաթիվ մարդկանց ջանքերով ռուս ներդրողները կրկին հետաքրքրվել են երբեմնի քիմիական հսկայով: Սակայն սպասումներին առավել իրական տեսք տալու համար անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների գործուն աջակցությունը՝ բաժնետոմսերի ու պարտքերի հետ կապված: Ներդրողներին առավել կշահագրգռեր նաև «Նաիրիտի» վերաբերյալ օրենքի ընդունումը, սակայն հայտնի չէ, թե ինչու է նախարար Երվանդ Զախարյանը համառում ու պնդում, թե դրա կարիքն ամենևին չկա: