Բաժիններ՝

Ինչու է նվազել ներմուծումը

Գաղտնիք չէ, որ այս տարվա ընթացքում ներմուծումը մեր երկրում կտրուկ անկում է ապրել։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ ներմուծված ապրանք-ծառայությունների մաքսային արժեքը կազմել է 2 միլիարդ 361.7 միլիոն դոլար։ Դա 26.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Համեմատության համար նշենք, որ արտահանումը նույն ժամանակահատվածում նվազել է 0.9%-ով։

Լա՞վ է սա, թե՞ վատ։ Տեսակետներ են հնչում, որ ներմուծման շեշտակի անկումը բարելավում է մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը։ Այսինքն` բացասական սալդոն փոքրանում է։ Սակայն մյուս կողմից` ներմուծման անկումը բացասաբար է ազդում հարկային մուտքերի վրա։ Եվ վերջապես` հաճախ նշվում է, որ ներմուծման անկումը վկայում է բնակչության գնողունակության անկման մասին։ Այսինքն` ՀՀ սպառողները սկսել են ավելի քիչ սպառել, և դրանում ոչ մի լավ բան չկա։

Սակայն վերջերս տնտեսական բլոկի մեր պատասխանատուներից մեկը մասնավոր զրույցում նշեց, որ ներմուծման անկումն ամենևին չի խոսում սպառման ծավալների անկման մասին, և տեղի է ունեցել պարզապես գների անկման հետևանքով։ Այսինքն` ՀՀ սպառողները գնում են գրեթե նույն չափով ապրանքներ, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Այդպե՞ս է դա արդյոք։

Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկել ոչ միայն ներմուծված ապրանքների գումարային արժեքները, այլև դրանց քանակությունը` բնեղեն արտահայտությամբ։ Պարզ ասած` այդ տվյալներով հնարավոր է հաշվել գների փոփոխության ազդեցությունն ու ներմուծման իրական փոփոխությունը։

nermucum-axyusak

Այդ տվյալները հնարավոր է գտնել միայն ՀՀ ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության տեղեկագրերում։ Սակայն Մաքսայինն առայժմ հրապարակել է միայն առաջին կիսամյակի ցուցանիշները։ Այնպես որ, դիտարկենք առաջին կիսամյակի տվյալները (դրանց դինամիկան էապես չի տարբերվում հունվար-սեպտեմբերից)։

Եվ այսպես, ըստ մաքսային ծառայության տվյալների` 2015 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 592.6 միլիոն դոլարի ապրանք-ծառայություններ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծման ծավալը 2 միլիարդ 80 միլիոն դոլար էր։ Այսինքն, ըստ մաքսային տվյալների, ներմուծումը կես տարվա կտրվածքով նվազել է 487.3 միլիոն դոլարով կամ 23.4%-ով։

Նշված 1 մլրդ 592.6 միլիոն դոլարի ներմուծումը ներառում է 1302 անուն ապրանքներ։ Դրանց մաքսային արժեքների և բնեղեն քանակների համեմատությունը նախորդ տարվա հետ ցույց է տալիս, որ իրոք տեղի է ունեցել ներմուծվող ապրանքների էական գնանկում։ 1302-ից 742-ի դեպքում գներն էապես նվազել են։

Մի քանի օրինակ բերենք առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցուցանիշներից (այսինքն` արտահանման հիմնական հոդվածների)։ Ամենախոշոր խումբը բնական և հեղուկ գազն է։ Այս տարվա առաջին կիսամյակում ներմուծման ծավալը կազմել է 254.1 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 287.4 միլիոնի դիմաց։

Բնեղեն արտահայտությամբ` գազի ներմուծումը նախորդ տարվա 1376.9 մլն խմ-ից նվազել է մինչև 1309.2 մլն խմ։ Ինչպես երևում է աղյուսակից, նախորդ տարի 1000 խմ-ի մաքսային արժեքը կազմել է միջինում 208.7 դոլար, այս տարի` 194 դոլար։ Այսինքն` 7%-ով պակաս։

Նավթի և նավթամթերքի գինը նվազել է 29.3%-ով, ավտոմեքենաներինը` 7%-ով, ցորենինը` 23.6 %-ով, դեղամիջոցներինը` ավելի քան 72%-ով։

Սա նշանակում է, որ, եթե այս տարի ներմուծված ապրանքները ներմուծվեին նախորդ տարվա գներով, ապա ներմուծման ընդհանուր արժեքն ավելի մեծ կլիներ։
Ըստ մեր հաշվարկների, եթե գները մնային անփոփոխ, ապա ներմուծման ծավալը կկազմեր 2 մլրդ 83.5 մլն դոլար (1 մլրդ 592.6 դոլարի փոխարեն)։ Այսինքն` 23%-անոց անկման փոխարեն` կունենայինք ներմուծման աճ։ Փաստորեն, ներմուծման անկումն իրո՛ք պայմանավորված է գների նվազմամբ։

Սակայն նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ՀՀ բնակչության գնողունակությունը չի ընկել։ Իհա՛րկե ոչ։ Որովհետև մաքսային արժեքների անկման տարբերությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Օրինակ` դեղամիջոցների 72%-անոց գնանկումը ոչ թե ուղղակիորեն նշանակում է, որ մարդիկ նույն դեղամիջոցներն ավելի էժան են գնել, այլ` որ նախապատվությունը սկսել են տալ ավելի էժան դեղերին։

Ամեն դեպքում, ցանկացած ցուցանիշի անկման մեջ որևէ ուրախալի բան չի կարող լինել։ Իսկ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը պետք է նվազի ոչ թե` ներմուծման անկման, այլ` արտահանման իրական ու զգալի աճի հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս