Ռուսական փողերի վերջը

Էդ մեր պապերի ժամանակ էին աշնանը ճտերին հաշվում: Հիմա աշունը փող հաշվելու ժամանակն է: Որովհետև եկող տարվա պետական բյուջեն հենց աշնանն են ընդունում: Ժամանակների փոփոխվելու հետ բարքերն էլ են փոխվել: Հիմա ուրիշի փողերը հաշվելն առաջվա նման ամոթ բան չէ: Հատկապես, եթե խոսքը գնում է Ռուսսաստանի փողերի մասին: Գիտեմ` շատերը կզարմանան` հարցնելով. «Էդ երբվանի՞ց հարազատ Ռուսաստանի պետբյուջեն օտար փող դարձավ մեր համար»:

Հարցնողները, հարկավ, զարմանալու տեղ ունեն: Ի վերջո, ամեն տարի մեր պետբյուջեի հետ համադրելի ծավալով (համարյա կեսի չափով` կամ մի քիչ ավելի, կամ պակաս) Ռուսաստանից տրանսֆերտ կոչվածն ենք ստանում: Պաշտոնական վիճակագրությունն այս տարի մեղմիկ ակնարկում էր տրանսֆերտների կրճատման մասին:

Պատճառը պարզ էր` էներգակիրների գներն ընկնում են, և Ռուսաստանի տնտեսության վիճակը լավ չէ: Մեղմ ասած: Բայց այն, ինչ հոկտեմբերի 27-ին հատարարեց ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, միջնադարյան բառապաշարով ասած` վախճանաբանության շարքից էր: Հապա կարդացեք. «Ռուսաստանի պահուստային ֆոնդի համար 2016թ. կարող է վերջինը լինել»: Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ նույն ՌԴ ֆինանսների նախարարությունը հունիսի սկզբին հայտարարում էր, որ պահուստային ֆոնդի միջոցները կբավականացնեն մինչև 2018թ.:

Փորձագիտական վերլուծություններ էին արվում, որ էներգակիրների գները մինչ այդ կաճեն, ու Ռուսաստանը կխուսափի տնտեսական կոլապսից: Հունիսին հայտարարվում էր, որ պահուստային ֆոնդից ընդամենը 900 մլրդ ռուբլի է ծախսվել: Բուն պահուստների ծավալը հայտարարվել էր 4,7 տրիլիոն ռուբլի: Բայց ՌԴ ֆինանսների նախարարը հոկտեմբերի 27-ի խոսքում արդեն այլ թվեր նշեց:

Ըստ նրա` «2015-ին պահուստային ֆոնդն արդեն կրճատվել է կիսով չափ», և, եթե երկիրը շարունակի այս տեմպերով ծախսել, ապա «հետագայում նման ռեսուրսներ չի ունենա»: Ռուսական տնտեսության իրական, ասել կուզի` եկամտաբեր հատվածը շարունակում է էներգակիրների արտահանումը: Վերջին երկու տարում նավթի գինը համաշխարհային շուկայում համարյա երեք անգամ նվազել է:

Սակայն 2015թ առաջին կիսամյակում ՌԴ բյուջեի մուտքերի 45 տոկոսն ապահովվել է նավթի արտահանումից: Նույնքան անմխիթար վիճակում են գազի արտահանումից ստացված ու սպասվող մուտքերը: ՈՒկրանական լրատվամիջոցները գրում են, որ 2016-ի համար ՌԴ-ից այդ երկիրը գազ ներմուծելու է հազար խմ-ն` 146,5 դոլարով: Այսինքն` շատ ավելի էժան` քան Հայաստանը: Երկու-երեք տարի առաջ եվրոպական երկրները գազի հազար խմ-ի համար «Գազպրոմին» վճարում էին 400 դոլարից ավելի: «Գազպրոմի» փորձագետների տվյալներով` 2016-ին արևմտյան երկրները գազի դիմաց վճարելու են 235-242 դոլար: Այս հաշվարկները հրապարակվեցին ամռան վերջում: Բայց դրանք ևս չափազանցված դուրս եկան: Արևմտյան մամուլի տվյալներով` ռուսական գազի գինն ավելի մոտ է լինելու 200 դոլարին:

Սրանք առայժմ փորձագիտական տվյալներ են: Միակ հրապարակված փաստն այն էր, որ նախորդ տարի համաշխարհային էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների ցանկում «Գազպրոմը» չորրորդն էր: Մինչդեռ ներկա դրությամբ այն նահանջել է չորրորդ տասնյակ: Ռուսաստանի իշխանությունները մի կողմից` չեն թաքցնում տնտեսական «տհաճ» վիճակագրությունը, մյուս կողմից՝ փորձում են որևէ կերպ կառավարել աղետալի դարձող ճգնաժամային իրավիճակը: Պետդումայում բյուջետային քննարկումների ժամանակ ֆինանսների նախարարն առաջարկեց ավելացնել կենսաթոշակային շեմը: ՌԴ-ն պահպանել է կենսաթոշակային տարիքի 1932թ. ընդունված ստալինյան որոշումը: ՌԴ-ում կանայք կենսաթոշակ ստանում են 55 տարեկանից, տղամարդիկ` 60:

(Հայաստանում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար սահմանված է 63 տարին): 150 մլն-ից պակաս բնակչություն ունեցող Ռուսաստանի տնտեսության համար թոշակառուների թիվը տարեցտարի դառնում է անտանելի: Ենթադրվում է, որ 2015-ի վերջում 43,5 մլն թոշակառու կլինի:

Փաստորեն, ՌԴ բնակչության մեկ երրորդը թոշակառու է: Մոտ մեկ ամիս առաջ Ռուսաստանի տնտեսության մասին խոսելիս` ԱՄՆ նախագահը ծաղրեց, որ այն համադրելի է Իսպանիայի տնտեսության հետ: Իսկապես էլ մոտ 146 մլն բնակչություն ունեցող ՌԴ-ի ՀՆԱ-ն ծավալով հավասար է Իսպանիայի 47-48 մլն բնակչության արտադրած ՀՆԱ-ին: Այսօր դժվար է ասելը, թե ինչ իրական ազդեցություն կթողնի սիրիական պատերազմը Ռուսաստանի տնտեսության վրա: Փորձագիտական տվյալներով` պատերազմի մեկ օրն արժենում է առնվազն 2,5 մլն դոլար: ՌԴ ֆինանսների ու ԿԲ նախագահի գնահատականներով` դրանք մեծ ծախսեր չեն. օրական այդքան ծախսվում է ռազմական խոշոր զինավարժությունների ժամանակ:

Բայց զինավարժությունները տասն օրից ավելի չեն տևում, իսկ այս պատերազմի վերջը չի երևում: ՌԴ ԿԲ-ն ֆինանսների նախարարի ելույթի հաջորդ օրը հայտարարեց, որ տարեվերջին սպասվում է ռուբլու արժեզրկման նոր փուլ: ՌԴ տնտեսությունում կատարվող գործընթացները հայելային անդրադարձ են ունենում մեր տնտեսության վրա: (Դիտարկեք ու կտեսնեք, որ նույն տեմպով նվազում է ՀՀ պահուստային ֆոնդը):

Մեր արտահանողներն անցած տարվա վերջից պնդում են, որ հայկական ապրանքները ՌԴ-ում մրցունակ չեն, որովհետև ռուբլու արժեզրկման ծավալը համադրելի չէ մեր դրամի արժեզրկման հետ: Բացի արտահանումից, մեր տնտեսության համար խիստ կարևոր է նաև ՌԴ-ում արձանագրվող աշխատավարձերի անկման տենդենցը: 2014թ.
ՌԴ-ում որակյալ աշխատուժի վարձավճարները համադրելի էին Չեխիայի և Լեհաստանի ցուցանիշներին:

Մինչդեռ, ըստ ռուս փորձագետների` դրանք այսօր համադրելի են բելառուսական և ղազախական աշխատավարձերի հետ: (Ռուս փորձագետները, իհարկե, առանձնահատուկ ընդգծում են, որ աշխատավարձերն իրենց երկրում ավելի բարձր են, քան Ուկրաինայում): Դա իրենց համար գուցե և, հիմնավոր մխիթարություն է, բայց, միևնույն է շատ կոշտ անդրադառնալու է մեր տնտեսության վրա` բացասական հնարավոր բոլոր հետևանքներով:

Տեսանյութեր

Լրահոս