Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը կարող է մոդել դառնալ մյուս երկրների համար
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանը։
Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների, ոլորտի լուսաբանման համար 2015 թ. անցկացվելիք մրցանակաբաշխության և այլ հարցերի մասին տեղեկատվություն։
Նիստի ընթացքում տեղեկացվել է, որ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2016-2018 թթ․ ազգային ծրագիրը շուտով կներկայացվի խորհրդի քննարկմանը։ Վ․ Կաժոյանը հայտնել է, որ Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի, դասվում է առաջին խմբի երկրների շարքին: Ընդ որում, տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ դասվել է առաջին խմբին։ Հայաստանը նույնատիպ հաջողություններ է գրանցել նաև Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) տարեկան զեկույցում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր ելույթում նախ և առաջ շնորհավորել է խորհրդին ձեռք բերած հաջողությունների համար՝ ևս մեկ անգամ կարևորելով ՀՀ կառավարություն և ՀԿ-ների համագործակցությունը: Դեսպանը նշել է, որ այդ առումով Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար:
Խորհուրդը որոշել է մրցանակաբաշխության սկիզբը հայտարարել 2015 թ․ նոյեմբերի 2-ը, իսկ արդյունքներն ամփոփել` մեկ ամիս անց: Նիստում քննարկվել են նաև այլ հարցեր։