«Սա իշխանությունը պահելու կամ երկարաձգելու նոր մեխանիզմ է». Հայկ Մարտիրոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ խորհրդարանական մոդելին անցումը միանշանակ անհրաժեշտություն է, և այդ առումով սահմանադրական փոփոխությունների նախագծի գաղափարը դրական է, բայց այն, ըստ նրա՝ ներկայացված տեսքով, լրջագույն թերություններ ունի ու Սահմանադրություն դառնալու արժանի նախագիծ չէ:
Նրա գնահատմամբ՝ նախագծում կան հոդվածներ ու կետեր, որոնք ուղղակի պետք է օրենսդրությամբ կարգավորվեին, բայց մտցվել են Սահմանադրություն, ինչով դրանց վերամշակումը կամ լավացումը դարձել է շատ ավելի դժվար. «Կան, իհարկե, որոշ աբսուրդ ու ծիծաղելի կետեր, ինչպես, ասենք՝ հանցանք կատարած անձի պատժի հիմքը նրա մեղքն է, որը նույնն է, եթե ասենք, որ մայր կոչվելու նախապայմանը երեխա ունենալն է: Այսինքն՝ ինչ-որ աբսուրդ ձևակերպումներ կան, որոնք Սահմանադրության մեջ չպետք է տեղ ունենան: Շատ կետեր կան, որոնք հակասական են, իսկ որոշ ինստիտուտներ ուղղակի ավելորդ են, մեծացնում են պետական ապարատը, բարդացնում կառավարումը:
Օրինակ՝ խորհրդարանական պետություններում պետք չէր ուղղակի վերցնել և կապկել, ասենք, այն երկրների խորհրդարանական մոդելները, որտեղ կա նախագահ, որովհետև Հայաստանում անհասկանալի կարգավիճակ է տրվել ու ընդհանրապես կարելի էր նախագահ չունենալ: Նախագահ չունեն լավագույն դեմոկրատիաներ համարվող Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, նշված տեղերում վարչապետներն իրենց գործերը վարում են խորհրդարանի հետ միասին: Սահմանադրական դատարանի ու զուգահեռ՝ Վճռաբեկ դատարանի գոյությունը ևս ավելորդ է, պետք է լիներ մեկ դատարան՝ Գերագույն դատարան: Դրա լավագույն օրինակը կա ԱՄՆ-ում, որը քննում է և՛ սահմանադրական հարցեր, և՛ քաղաքացիական, և՛ քրեական կարևորագույն հարցերը, որոնք ունեն սահմանադրական կամ պետական նշանակություն»:
Հ. Մարտիրոսյանը նկատեց՝ պաշտոնական Երևանը միշտ սիրում է մտածել՝ մենք լիակատար դեմոկրատիա ենք, և, ըստ նրա՝ այդ պատկերը պահելու ու միաժամանակ իշխանությունը իշխող ուժերի ձեռքում պահելու համար անհրաժեշտ էր, որպեսզի համակարգը փոխվեր. «Այլ տարբերակ արդեն չկար, որովհետև արդեն անգամ իշխանությունն ինքն իր մասին կդադարեր մտածել՝ որպես դեմոկրատական իշխանության: Վստահ եմ, որ սա իշխանությունը պահելու կամ երկարաձգելու նոր մեխանիզմ է, և կարծում եմ՝ այդ հաշվարկը կամ մտադրությունը երկարաժամկետ առումով իրեն չի արդարացնի: Սա այն համակարգն է, որն ինչ-որ պահի հնարավորություն կտա իշխանական ուժերի կամ ընդհանրապես ուժերի վերաբաշխում և վերադասավորում անել, քանի որ ընդհանրապես պառլամենտական համակարգերում նման բաները գրեթե անխուսափելի են: Այսինքն՝ պառլամենտական համակարգում շատ ավելի դժվար է կառավարել այն մեթոդներով, որոնցով կառավարվել է Հայաստանի Հանրապետությունը վերջին 25 տարիների ընթացքում»:
Նրա կարծիքով՝ ինչ-որ պահի գործադիր իշխանության ղեկավարը դուրս կգա այլ կողմնակի վերահսկողությունից և կսկսի խաղալ ինքնուրույն. «Բացառված չէ նաև, որ խորհրդարանում ներկայացված պատգամավորներն իրենք ներքին շարժում կազմակերպեն և կատարեն իշխանափոխություն՝ ձևավորելով նոր ուժեր կամ լուծարման բերելով խորհրդարանը»:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե կիսապատերազմական կամ պատերազմական երկրներում պառլամենտական համակարգը կարող է վտանգավոր լինել, նա մատնանշեց Իսրայելի օրինակը՝ ասելով. «Իսրայելը ստեղծման օրվանից գտնվում է պատերազմի մեջ ու խորհրդարանական պետություն է, բայց հրաշալիորեն լուծում է իր առջև դրված խնդիրները: Այսինքն՝ այն մտայնությունը, թե մեզ պետք են դիկտատորներ, միակ տղամարդիկ, շատ չոր գործիչներ, ղեկավարներ և միանձնյա որոշողներ երկրում, չափազանց սխալ է, որովհետև, վերջիվերջո, հաղթելու շանսեր ավելի շատ ունեն դեմոկրատական երկրները, քան ոչ դեմոկրատական երկրները: Այս առումով՝ կարծում եմ, որ այդ մտավախությունները լիովին անտեղի են: Բայց խնդիրն այն է, որ նման համակարգի անցնելիս մենք պարտավոր ենք ունենալ լավ Սահմանադրություն, ոչ թե մի Սահմանադրություն, որն ունի բազում թերություններ, որոնք վերացնելու համար երկար ժամանակ և քաղաքական լուրջ կամք է պահանջվելու»: