Քարին տակում տարեցտարի ծնելիության աճ է գրանցվում. համայնքի ղեկավար
ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին տակ համայնքն ունի 660 բնակիչ, որից 130-նն ապահովված են մշտական աշխատանքով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Քարին տակի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը և ավելացրել, որ գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, անասնապահությունը և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակումը:
«Դպրոցում սովորուն է 103 աշակերտ, մանկապարտեզ էլ հաճախում 28 երեխա: Այսօրվա դրությամբ գյուղի հիմնախնդիրը մանկապարտեզի նոր շենք ունենալն է: 2016 թվականի սկզբից արգենտինահայ բարերարների և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կսկսվի մանկապարտեզի տիպային նոր շենքի կառուցումը:
Մեկ տարվա ընթացքում այն ավարտին կհասցվի, և կունենանք արդի չափանիշներին համապատասխան հարմարավետ շինություն: Ի դեպ, գյուղի ճանապարհների մի մասը վերանորոգվել է, և պատրաստվում ենք սալահատակման աշխատանքներ սկսելուն»,-ասել է Մ. Առուշանյանը՝ նշելով, որ գյուղն ունի նաև գրադարան ու բուժկետ: Խոսելով գյուղի ձեռքբերումների մասին՝ համայնքի ղեկավարը հավաստել է, որ վերանորոգվել է գյուղի դպրոցը և մարզադահլիճը, կառուցվել համայնքային կենտրոն, ավարտին հասցվել գյուղի փողոցների գիշերային լուսավորումը:
«Գյուղը գազաֆիկացված է. ունենք նաև շուրջօրյա ջրամատակարարում: Ի դեպ, վերջերս էլ կառուցվել է կենտրոնական կոյուղագիծ,-նշել է Մ. Առուշանյանը և ընդգծել,-որպես հերոսական գյուղ՝ ԼՂՀ կառավարությունն միշտ ուշադրություն է դարձնում մեր գյուղին վերաբերող բոլոր խնդիրնրին»:
Անդրադառնալով բազմազավակ ընտանիքների և գյուղում ծնելիության աճին՝ համայնքի ղեկավարը ասել է նաև, որ 1992 թվականից առ այսօր ունցել են 268 ծնունդ: «2008 թվականին Արցախում կայացած Հայկական մեծ հարսանիքն իր դրական ազդեցությունն է թողել քարինտակեցիների վրա. այս տարի արդեն դպրոց է հաճախել 13 երեխա, որը վերջին 4-5 տարվա ընթացքում աննախադեպ փաստ է մեզ համար,-մանրամասնել է Մ. Առուշանյանը և ավելացրել,- ի դեպ, գյուղում ունենք 4-5 երեխա ունեցող 15 ընտանիք, 6 երեխա ունեցող՝ 3:
ԼՂՀ պետական բյուջեյի միջոցների հաշվին նրանց մի մասի համար բնակարան է կառուցվել. այդ գործընթացը լինելու է շարունակական»: Համայնքի ղեկավարը ուրախությամբ է փաստել, որ իրենց գյուղում արտագաղթ չի եղել ու չկա. միայն պատերազմից հետո 10-15 ընտանիք տեղափոխվել է Շուշի, այն էլ՝ բնակարան և աշխատանք չունենալու պատճառով: