«Վիրահայոց թեմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սա իրավամբ կարող ենք համարել Հայաստանից դուրս ամենահին թեմը». Վիրահայոց թեմի առաջնորդ
Վերականգնված Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի (Բերդի Մեծ եկեղեցին) վերաբացմանն ընդառաջ՝ օրերս 168.am-ը Թբիլիսիում հանդիպեց և զրուցեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, ում համար առաջիկայում վերաբացման պատրաստվող եկեղեցու վերականգնումը բացառիկ նշանակության իրադարձություն է:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում թեմի առաջնորդն ընդգծեց, որ այս իրադարձությունը ոգևորող և խթանիչ դեր է ունենալու վիրահայոց հոգևոր և մշակութային կյանքի համար.
«Մենք ունենում ենք, չէ՞, երազանքներ, բայց երբ այդ երազանքներից որևէ մեկն իրականացման մեջ գերազանցվում է, դա լրիվ ուրիշ զգացողություն է: Այսպես է արդեն իսկ վերականգնված Սբ. Գևորգ եկեղեցու այսօրվա ձեռքբերումը, որն ինձ համար պատմական իրադարձություն է, և ես հիմա անչափ հուզված եմ խոսում այդ մասին»,- ասում է թեմի առաջնորդը: Բացի վերականգնված Սբ. Գևորգ եկեղեցու մասին զրույցից (մանրամասները՝ առաջիկայում), լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վիրահայոց թեմի առաջնորդն անդրադարձավ թեմի ստեղծման պատմությանը:
Սրբազանը պատմեց, որ ավելի քան 300 տարի Վրաց և Հայ եկեղեցին ապրել և գործել են միևնույն եկեղեցու կազմի մեջ: Երկար տարիներ այստեղ եկեղեցական արարողությունները կատարվել են երկու լեզվով, և դա հատկապես ժամանակին Սբ. Շուշանիկի հրահանգն էր, որ վերաբերում էր հաստատապես երկու եկեղեցիներին էլ: Ավելի ուշ՝ Դավիթ Շինարարի օրոք թեմն ավելի ինքնուրույն կարգավիճակ է ստանում, թեև Դավիթ Թագավորի ժամանակ էլ եկեղեցական պաշտոնական արարողությունների ընթացքում, ըստ Սրբազանի, մի կողմում կանգնում էր վրաց պատրիարքը, մյուսում՝ Վրաստանի Հայոց թեմը:
Խորհրդայնացումից առաջ թեմը վերանվանվել է «Վրաստանի և Իմերեթիայի թեմ», որի մեջ էր մտնում նաև այսօրվա Գանձակի շրջանը: Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմեց, որ եղել են նաև այնպիսի ժամանակներ, երբ տեղի Նորաշեն եկեղեցին ենթարկվել է Հաղպատի վանքի վանահորը, ով համատեղությամբ վարել է Թբիլիսիի մի շարք վանքերի առաջնորդի պաշտոնը: Վրաստանում հոգևոր և եկեղեցական կյանքը նոր շունչ է ստացել Ներսես Աշտարակեցու ժամանակաշրջանում, ով հայտնի էր Ներսիսյան վարժարանի հիմնադրմամբ. «Իհարկե, եթե մենք նայենք միայն անցյալի փառքին, ապա իրավամբ այդ փառքի հզորության տակ միշտ կորացած կմնանք: Մենք կողմ ենք նայելու՝ դեպի ապագան»,- նշեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հանդիպման ընթացքում Սրբազանն անդրադարձավ նաև թեմում առկա խնդիրներին և ձեռքբերումներին: Խոսելով Վիրահայոց թեմի առանձնահատկությունների մասին՝ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դրանք բաժանեց մի քանի ուղղվածությունների. «Վիրահայոց թեմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սա իրավամբ կարող ենք համարել Հայաստանից դուրս ամենահին թեմը: Վրաստանի հետ, որպես բարեկամ քրիստոնյա երկիր, դարեր շարունակ այնքան ներդաշնակված ենք եղել մեր եկեղեցիներով, մեր ժողովրդի ապրելակերպով և կենցաղով, որ երբեմն, երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ ենք մենք էստեղ այսքան թվով եկեղեցիներ կառուցել, պատասխանը մեկն է լինում՝ պարզապես այդ դարաշրջանում թե´ մենք, թե´ իրենք չենք համարել՝ սա՝ Վրաստան, նա՝ Հայաստան:
Կարծես այս ողջ տարածքը բոլորի ընդհանուր տունը լիներ, որտեղ տարբեր ազգության մարդիկ ապրել ու արարել են հանգիստ, ստեղծագործ կյանքով: Մենք այս տարածքում հիմնել ենք եկեղեցիներ, դպրոցներ, բարեսիրական կառույցներ, քաղաքին նվիրել ենք հիվանդանոց, թատրոններ, այսինքն՝ ընդունել ենք՝ ինչպես մեր հարազատը: Մյուս առանձնահատկությունն այն է, որ վրաց եկեղեցու հետ կողք կողքի հազարամյակներով Վիրահայոց թեմը յուրահատուկ կամուրջ է հանդիսացել Սբ. Էջմիածնի և վրաց պատրիարքարանի միջև: Այսօր էլ կարելի է ասել, որ Վիրահայոց թեմը շարունակում է պահպանել այդ ֆունկցիան»:
Ըստ թեմի առաջնորդի՝ խնդիրները թեմի ներսում և թեմից դուրս, անշուշտ, շատ են. «Բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից հիմնականն ու առավել ցավոտը եկեղեցիներին է վերաբերում: Դրանցից ոմանք, կարծես թե, դեռևս լուծման կարիք ունեն: Առաջնայինը վերամկրտության հարցն է: Վրաց Ուղղափառ եկեղեցու և նրանց ներկայացուցիչների կողմից որդեգրած մոտեցումն այն է, ըստ որի՝ իրենց ընտանիքի եկեղեցիների, այսինքն՝ ռուս, հույն, վրաց, ռումինական կողմից կատարված մկրտություններից բացի, ուրիշ եկեղեցու մկրտություն նրանք չեն ճանաչում, լինի՝ կաթոլի՞կ, ղպտի՞, թե՞ հայ եկեղեցի, հակառակ նրան, որ առաքելահաստատ եկեղեցիները, բոլորն անխտիր, ուղղափառ եկեղեցի են, որովհետև հաստատվել են առաքյալների կողմից: Սա բավական տհաճություններ է պարունակում, հատկապես՝ խառնամուսնությամբ ընտանիքների պարագայում:
Այսօր տասնյակ ընտանիքներ սպասում են, որ այս հարցին ինչ-որ կերպ որևէ լուծում գտնվի, որպեսզի պսակադրվեն, կամ մկրտեն իրենց երեխաներին: Դժբախտաբար, տարիներ շարունակ այս հարցն այդպես էլ որևէ լուծում չի ստանում: Հետևաբար, անխուսափելիորեն սա երկրի ներսում սոցիալական բնույթի շատ լուրջ խնդիրներ է առաջացնում, և այս մասին տեղից բարձրաձայնում ենք ոչ միայն մենք՝ տեղի հայերս, այլև՝ տեղացի կաթոլիկները, Վատիկանի ներկայացուցիչն ու այլ եկեղեցիների ներկայացուցիչներ նույնպես, որոնք գործող կրոնական համայնքներ ունեն այստեղ: Հաջորդ լուրջ հարցը վերաբերում է եկեղեցիների վերադարձման խնդրին: Այս ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք Վրաստանի իշխանությունների հետ: Մենք նրանց ենք ներկայացրել թվով 20 եկեղեցու ամբողջական փաթեթ՝ ներառյալ պատմությամբ, արխիվային նյութերով, քարտեզներով, հին ու նոր լուսանկարներով, և հիմա սպասում ենք առաջիկա զարգացումներին, որտեղ կքննարկվի այդ եկեղեցիների մեզ վերադարձման հարցը: Երբ բարձրաձայնում ենք այս կամ այն եկեղեցու պատկանելության հարցը, տեղում սկիզբ է առնում վիճահարույց մի իրավիճակ, թե տվյալ կառույցը ո՞ր եկեղեցուն է պատկանում՝ հայկակա՞ն, թե՞ վրացական:
Սա արդեն դառնում է խնդիր: Իրականում իրենք չունեն որևէ պատմական հիմք՝ հաստատելու իրենց պնդումները: Չզարմանաք, եթե ասեմ, որ իրենք Սբ. Գևորգն էլ են իրենցը համարում: Արդեն 10 օր կլինի, իրենց եմ ուղարկել մեր պատմաբանների կողմից պատրաստված բոլոր նյութերը, որոնք վկայում են այն մասին, որ սա բուն հայկական եկեղեցի է, ու խնդրել ենք, որ իրենք էլ իրենց փաստարկներն ուղարկեն: Մինչև այսօր քար լռություն է, ու պատասխան իրենց կողմից չի էլ լինելու, դրանում կարող եք համոզված լինել»:
Թե որն է այսօրինակ նկրտումների պատճառը, բացահայտ հայկական կամ այլ կրոնական համայնքի պատկանող եկեղեցիները սեփականը համարելու պնդումները, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատասխանեց. «Կան որոշ մարդիկ, թեև ես չէի ուզենա այդ կարծիքը տարածել բոլորի վրա, ովքեր ցանկանում են հայությանն այս հողի վրա ներկայացնել ոչ բնիկներ, և այն, ինչ կառուցվել է 18-19-րդ դարից առաջ, արդեն որոշ մարդկանց մոտ ներքին անհանգստությունների տեղիք է տալիս: Ինչևէ, մենք այս խնդիրների շուրջ աշխատում ենք իշխանությունների հետ, ընդ որում, աշխատում ենք շատ հանգիստ, բայց չպետք է մոռանալ, որ օրթոդոքս երկրներում որքան էլ որ կա պետական քաղաքական իշխանություն, այդ պետությունները, այնուամենայնիվ, համարվում են կրոնական երկրներ և իրենց հոգևոր պետերի խոսքը երբեք ոտնատակ չեն տալիս»:
Այն հարցին, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ինչ մոտեցում է որդեգրել այս պարագայում, Սրբազանը պատասխանեց. «Մայր Աթոռի ու մեր թեմի դիրքորոշումները բացառապես նույնն են: Այն ամենը, ինչ կառուցվել է Խորհրդային Միությունից առաջ, ամբողջը պետք է վերադարձվի մեր եկեղեցուն: Ի դեպ, սա միայն մեր կամ Մայր Աթոռի մոտեցումը չէ: Երկու տարի առաջ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն որոշում կայացրեց, որով Վրաստանին հորդորվում էր վերադարձնել Խորհրդային տարիներից առաջ և այդ շրջանում առգրավված կրոնական հաստատությունները, իսկ այն կառույցները, որոնք ենթակա չեն վերադարձման, պետք է ստանան նյութական փոխհատուցում: 2014-ից սկսած վրացական իշխանությունները 4 կրոնական համայնքներին՝ մուսուլմանական, Հրեական Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիներին, մասնակի նյութական փոխհատուցում են տրամադրել:
Բանը նրանում է, որ 2002 թ. վրաց իշխանությունները վրացական պատրիարքարանին մնայուն կերպով մեծ ֆինանսական միջոցներ են հատկացնում, և հասավ մի օր, երբ նրանք որոշեցին այդ գումարից փոխհատուցման կարգով որոշ միջոցներ տրամադրել կրոնական մյուս կառույցներին: Սկսյալ 2014-ից՝ մեր եկեղեցուն հատկացվել է 300.000, և 2015թ.-ին՝ 600.000 լարի: Թեև այդ գումարներն այնքան էլ շատ չեն, չհաշված նաև այն, որ դրա 20 տոկոսը հետ է վերադարձվում պետական բյուջե, այնուամենայնիվ, դրանք տնօրինվում են հիմնականում համայնքի և եկեղեցական խնդիրների բարելավման՝ հոգևոր դասի պահպանման, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների կոմունալ ծախսերի համար:
Անդրադառնալով այն հարցին, թե այս պահին Թբիլիսիում վերակառուցման ենթակա քանի՞ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող եկեղեցիներ կան, թեմի առաջնորդը պատասխանեց. «Ծայրահեղ ծանր վիճակում հիմնականում միայն չգործող եկեղեցիներն են: Ծանր վիճակում է գտնվում նաև Նորաշեն եկեղեցին, որ մասնակիորեն հովանավորվել է Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամի կողմից, և այսօր արդեն ամրացվում են այդ եկեղեցու հիմքերը: Թեև դրանից հետո եկեղեցին ևս կարիք կունենա խնամքի: Այնտեղ նույնպես, ինչպես Սբ. Գևորգ եկեղեցում Հովնաթանյանների վրձնին պատկանող բարձրարժեք որմնանկարներ կան, որոնք վերականգնման պետք ունեն: Մյուսը Սբ. Նշան եկեղեցին է, որ խնամքի կարիք ունի, բայց քանի դեռ չվերադարձված եկեղեցիների շարքում է, ոչինչ անել այս պահին հնարավոր չէ:
Ծանր վիճակում է գտնվում նաև Հավլաբարի Երևանցոց Սբ. Մինաս եկեղեցին, որի տանիքը փլված է, բայց պատերը կանգուն են: Իհարկե, Թբիլիսիից դուրս՝ Կախեթի շրջանում ևս կան այդպիսի եկեղեցիներ, բայց դրանք նույնպես, ցավոք, դեռևս մեր ձեռքում չեն: Այս պահի դրությամբ՝ մենք վրացական իշխանությունների հետ աշխատում ենք փաստացի գործող տաճարների վերադարձման հարցով:
Տաճարները փաստացի, իրավաբանորեն մեզ հանձնելու գործընթացը շարունակվում է, և դրական միտում կա: Արդեն իսկ հետ է վերադարձվել իսլամական համայնքին պատկանող 70 մզկիթ, գործընթացի մեջ է դեռ 240 մզկիթի վերադարձման պրոցեսը, հրեական համայնքին է վերադարձվել մոտ 10 սինագոգ, ինչ խոսք, հարյուրավոր տաճարներ վերադարձվել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն, իսկ մյուս կրոնական համայնքները՝ Հայ Առաքելական, Կաթոլիկ, գերմանական լյութերական մկրտական եկեղեցիները դեռևս սպասում են իրենց հարցի լուծմանը»,- ասաց հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Տեղեկացնենք, որ Վիրահայոց թեմն ընդգրկում է Վրաստանի տարածքը։ Թեմի առաջնորդանիստը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին է: Վիրահայոց Թեմը համախմբում և գլխավորում է Վրաստանի տարածքում գործող եկեղեցիները, առաջնորդում հայ քրիստոնյա համայնքը, ներկայանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Եկեղեցու ենթակայության ներքո: Վիրահայոց թեմի կազմի մեջ մտնում են Թբիլիսիի, Ջավախքի, Աջարիայի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում գտնվող համայնքները, գործող և չգործող եկեղեցիները:
Ներկայումս Վիրահայոց թեմը վրաց իշխանություններից պահանջում է վերադարձնել մինչև խորհրդային իշխանության հաստատվելը Վրաստանի տարածքում եղած 442 հայոց եկեղեցիները, որոնք այսօր ավերվել ու փլատակների են վերածվել, որոնց տարածքի վրա այլ օբյեկտներ են կառուցվել, որոնք վրացականացվել են և գործում են որպես Վրաց Ուղղափառ Եկեղեցու տաճարներ: Վիրահայոց թեմը պահանջում է վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ,Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցիխեի Սուրբ Նշան եկեղեցին։