Ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը որոշեց ներգրավվել սիրիական հակամարտությանը

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց, թե ինչո՞ւ հենց հիմա Ռուսաստանը որոշեց ներգրավվել սիրիական հակամարտությանը:

Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի միջամտությունը պայմանավորված է երկու կարևոր գործոններով՝ ներսիրիական, արտասիրիական.

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բաշար ալ Ասադի վարչակարգը զգալիորեն զիջել էր իր դիրքերը հակառակորդ կողմին՝ թե իսլամական պետությանը, թե հակակառավարական այլ խմբավորումներին: Այիսնքն՝ նրա հիմնական ուժերը դուրս էին բերվել երկրորդական կարևորություն ունեցող շրջաններից և վարչակարգի դիրքերն ավելի էին ամրացվել ստրատեգիական կարևորություն ունեցող շրջաններում՝ մայրաքաղաք

Դամասկոսի շրջանում և ծովափնյա Լաթաքիա-Տարտուս շրջաններում, որտեղ ներկայումս տեղակայված են ռուսական օդային ուժերը: Առաջին պատճառը հենց սա է, որ ռուսական դաշնակիցը Սիրիայում զգալիորեն թուլացել էր»:

Իսկ արտաքին պատճառներն, ըստ արաբագետի, երկուսն են.

«Նախ՝ ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծման շրջանում է, իսկ Կրեմլի դիրքերն այնքան էլ ուժեղ չեն: Այս հակամարտությունից (Ղրիմը չհաշված) Ռուսաստանը բավականաչափ կորցրած է դուրս գալիս: Սեփական հանրության և միջազգային որոշ ուժերի` հնարավոր անդրադարձը ուկրաինական հակամարտության հետ կապված Ռուսաստանի դիրքորոշմանը մեղմելու նպատակով Ռուսաստանը միանգամից մտավ Սիրիա:

Հաջորդ կարևոր պատճառը պայմանավորված է վերջին շրջանում Եվրոպային պատուհասած միգրացիոն ճգնաժամով: Միգրացիոն ճգնաժամը խնդիրներ է առաջացրել Միացյալ նահանգների և Եվրոպայի միջև: Այիսնքն՝ Եվրոպան ԱՄՆ-ից ավելի ակտիվ ներգրավվածություն էր պահանջում Սիրիական հակամարտությանը: Իսկ առարկայական ներգավվածությունն իր հերթին ենթադրելու էր առավել ակտիվ գործողություններ:

Արևմուտքի ծրագիրը նախատեսում էր միաժամանակ կրկնակի հարված՝ մի կողմից իսլամական պետությանը, մյուս կողմից՝ սիրիական իշխանություններին: Այս դեպքում ակնհայտ էր, որ սիրիական վարչակարգի դեմ արտաքին լուրջ գրոհ է սկսվելու : Հենց սրանով պայմանավորված Ռուսաստանը միջամտեց Սիրիական հակամարտությանը»:

Արմեն Պետրոսյանը նաև պարզաբանեց, թե ի՞նչ փոխվեց Սիրիայում ու տարածաշրջանից դուրս Ռուսաստանի միջամտությունից հետո: Ըստ նրա՝ նախ ռազմադաշտում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան.

«Ռուսական և սիրիական բանակային ստորաբաժանումները, լիբանանյան «Հիզբալլահի» զորամիավորումները, ինչպես նաև՝ իրանական առանձին խմբավորումներ անցան համակարգված գրոհի: Այսինքն՝ սիրիական ռազմադաշտում ակնհայտ փոփոխություններ արձանագրվեցին:

Ռուսաստանի ներգրավվածությունը խառնեց այն բոլոր ծրագրերը, որոնք ունեին արևմտյան և տարածաշրջանային մի շարք պետություններ Սիրիայում; Առաջինը Թուրքիան էր, որը Սիրիայի հյուսիսի հետ կապված իր ծրագրերն ուներ: Նաև փորձում էր Հալեպում խնդիրներ լուծել, ընդդիմանում էր հյուսիսում քրդական միավորների ստեղծմանը և այլն: Հաջորդը՝ Ծոցի արաբական մյուս պետություններն էին, որոնք բավականին լուրջ ծրագրեր ունեին՝ կապված Սիրիայի հետ:

Եվ, բնականաբար, ԱՄՆ-ի ու նրա գլխավորած կոալիցիայի ծրագրերը ևս ձախողվեցին: Այսպիսի խառնաշփոթ իրավիճակ է ներկայումս Սիրիայում, որտեղ դեռևս մենք տեսնում ենք ռուսական օդուժի և սիրիական բանակի լայնամասշտաբ հարձակումը և հակառակ ճամբարում ներգրավված ուժերի սպասողական որոշակի դիրքորոշումը, որոնք սպասում են ու փորձում հասկանալ ինչի՞ կարող է հանգեցնել Ռուսաստանի ներգրավվածությունը»:

Տեսանյութեր

Լրահոս