«Սխալ է, որ «այո»-ի և «ոչ»-ի պայքարն ընթանում է քաղաքական հարթության մեջ»
«Երեք գործոններ կան, որ դրդապատճառ կարող են լինել սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար՝ հանրության պահանջ, միջազգային հանրության պահանջ, ուժերի քաղաքական կամք. այս նոր Սահմանադրության առաջանալու պահանջը հիմնականում առաջացել է միջազգային հանրության պահանջով»,- կարծում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին՝ կարծիք հայտնեց, որ այս գործընթացը նախաձեռնվել է 2012-2013 թվականների «տապալված ընտրությունների և իշխանության յուրացման» պատճառով:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ի համար այս գործընթացն իշխանության մեջ լինել-չլինելու հարցն է լուծում: Այն, որ այս գործընթացն արվում է, որպեսզի վերականգնեն 2012-13 թվականների «տապալված» իրավիճակը, ըստ Ա. Ղուկասյանի՝ ցույց է տալիս նաև այն փաստը, որ Սահմանադրության հանրաքվեի մասին որոշումը զուգորդվեց ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ բանակցելու մանդատ տրամադրելու որոշման հետ:
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանն էլ նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակը լինել-չլինելու հարցը բավականին «նուրբ մասնագիտական» խնդիր է: Ըստ նրա՝ որպես խիստ մասնագիտական խնդիր՝ հանրությունը չի կարող օբյեկտիվորեն զգալ փոփոխությունների անհրաժեշտությունը և դրա պահանջը ներկայացնել:
«Իմ մասնագիտական կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն իր ժողովրդավարական արժեքներով կարելի է գնահատել որպես առաջընթաց՝ գործող Սահմանադրության համեմատ: Իմ խորին համոզմամբ՝ այսօր և՛ մեր պետության, և՛ իշխանության առջև թիվ մեկ մարտահրավերն է՝ կարողանալ կրել սահմանադրական փոփոխություններով առաջարկված արժեհամակարգը: Եթե նրանք չկարողանան կրել այդ արժեհամակարգը, ապա այդ Սահմանադրությունից որևէ ակնկալիք չենք կարող ունենալ»,- նշեց Վ. Այվազյանը:
Մասնագետի կարծիքով՝ երբ ձևավորվում են «այո»-ի և «ոչ»-ի ճակատները, սխալ է, որ այդ պայքարն ընթանում է քաղաքական հարթության մեջ: Ըստ նրա՝ այդ ճակատները մասնագիտորեն պետք է հիմնավորեն իրենց տեսակետները, այլ ոչ թե հիմնավորեն՝ այս կամ այն ուժի դիրքորոշումներից ելնելով. «Սահմանադրական փոփոխությունների հեղինակները պնդում են, որ իրենք վերարտադրվելու նպատակ չեն հետապնդում, իսկ քննադատողները քննադատում են ցանկացած դրույթ, որը կարող է փոքրիշատե նպաստել ՀՀԿ-ի հաջողոթյուններին»:
Ա. Ղուկասյանը նշեց, որ շատ հարցեր կան, որոնք հենց մասնագիտական դիսկուրսում էլ չունեն պատասխաններ. «Օրինակ՝ ՀՀ-ն ԵՏՄ անդամ պետություն է, ԵՏՄ-ի բարձրագույն մարմնում Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացնի պետության ղեկավարը: Ըստ առաջարկվող Սահմանադրության՝ Հայաստանի նախագահը չունի իրավասություն՝ ներկայացնելու երկիրը միջազգային կառույցներում՝ բացառությամբ մի քանի կոնկրետ գործառույթների: Այսինքն՝ մենք ունենք կոնկրետ իրավիճակ, որը հարց է առաջացնում՝ ՀՀ-ի նախագահը ԵՏՄ-ի Բարձրագույն խորհրդում ո՞ւմ է ներկայացնում՝ ինքն իրե՞ն, նախագահի աշխատակազմի՞ն, թե՞ առհասարակ ոչ մեկին: Կամ՝ Հայաստանը մասնակից է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին ԵԱՀԿ հովանու ներքո, այսօրվա ֆորմատը հիմնված է նախագահների բանակցությունների հիման վրա: ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները կարող են դա իրականացնել, հիմա դա ինչպես՞ է լինելու»,- հարցադրում արեց նա: