Գյուղոլորտի թաքնված «հմայքը»
Ծանոթներիցս մեկը, ով լրջորեն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նորմալ հաջողություններ ունի (արտադրանքն արտահանում է անգամ եվրոպական երկրներ) վերջերս մի բան պատմեց։ Արտերկրից կոնկրետ բուսատեսակի մեծ պատվեր է ունեցել։ Քանի որ սեփական հողատարածքը բավարար չի եղել արտադրանքը ստանալու համար, դիմել է ՀՀ մարզերից մեկի գյուղացիներին։ Առաջարկել է ցանել տվյալ բուսատեսակը, և հավաստիացրել, որ շուկայականից 30%-ով բարձր գնով կգնի։ Ինքն էլ ապահովել է սերմերն ու տնկիները։
Միակ պայմանը եղել է հետևյալը` ոչ մի քիմիկատ չի կարելի օգտագործել։ Այսինքն` եվրոպական պատվիրատուին անհրաժեշտ է եղել էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Համաձայնության են եկել և սկսել են աճեցնել։ Բերքը հավաքելուց հետո մի խմբաքանակ ուղարկել են Եվրոպա` փորձաքննության։ Ու պարզվել է, որ պրոպամոքարբ հիդրոքլորիդ քիմիկատի առկայությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի նորման։ Ընդ որում, տվյալ բուսատեսակի պարագայում այս քիմիկատի օգտագործումը պարզապես մոլորություն է, քանի որ այն ոչ մի օգուտ չի տալիս։ Գյուղացիները, բնականաբար, հերքել են, որ իրենք քիմիկատ են խառնել հողին։ Պատվերը, բնականաբար, «ջրվել է»։
Ինչո՞ւ հիշեցինք այս ամենը։ Որովհետև պաշտոնական վիճակագրությունը հերթական անգամ ներկայացրել է մակրոտնտեսական ցուցանիշներն ու երկնիշ` 11,3% աճ գրանցել գյուղատնտեսության ոլորտում։ Այն, որ գյուղոլորտի թվերը, մեղմ ասած, կասկածելի են, նորություն չէ։ Օրինակ, Գյուղնախարարությունը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որ Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում կարտոֆիլի բերքն ընթացիկ տարում բավական առատ է, և գյուղացիները հեկտարից մոտ 600 ցենտներ բերք են ստանում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի մեր գործընկերը միանգամայն տեղին հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի Պարենի միջազգային կազմակերպության (FAO) տվյալներով` գյուղտեխնոլոգիաներով հայտնի, ոլորտում իսկապես առաջատարը համարվող Հոլանդիայում մեկ հեկտարից ստանում են մոտ 45 տոննա կարտոֆիլ, և դա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում։ Այսինքն` ակնհայտ է, որ մեր թվերը խիստ ուռճացված են։
Սակայն խնդիրը միայն ցուցանիշների մեջ չէ։ Նշածս օրինակում գործարարը խմբաքանակն ուղարկել էր Եվրոպա և դրա համար վճարել բավականին մեծ գումար (չհաշված ժամանակը)։ Պատճառն այն է, որ Հայաստանում փաստացիորեն չկա լաբորատորիա, որին եվրոպական երկրներում վստահում են։ Նույն խմբաքանակը տարբեր լաբորատորիաներում փորձաքննության ենթարկելու դեպքում կարող են ստացվել մեկը մյուսից մի քանի անգամ տարբերվող արդյունքներ։
Եվ երրորդ։ Տեղեկացվածության բացակայության թե անելանելիության պատճառով` գյուղատնտեսական բերքի արտադրությամբ զբաղվող մեր հայրենակիցներն ակտիվ կերպով չարաշահում են քիմիկատների օգտագործումը։ Օրինակ, նույն պրոպամոքարբ հիդրոքլորիդը մարդկանց և մեղուների համար 3-րդ կարգի վտանգավորություն ունեն։
Պեստիցիդների, պարարտանյութերի և գյուղատնտեսության մեջ օգտագործվող այլ քիմիկատների խնդիրը միայն Հայաստանում չէ, որ սուր է դրված։ WWF-ի տվյալներով` վերջին 50 տարիների ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողերում օգտագործվող թունաքիմիկատների քանակն աճել է 26 անգամ։ Ընդ որում, դրանց մեծ մասի արդյունավետությունը խիստ կասկածելի է, իսկ վնասը` ակնհայտ։ Այսինքն` քիմիկատը կարող է արդյունավետ լինել վնասակար միջատների դեմ պայքարում, սակայն, միևնույն ժամանակ, էական վնաս պատճառել մարդու և կենդանիների առողջությանը։ Ի տարբերություն թունաքիմիկատների` պարարտանյութերն անմիջականորեն թունավոր չեն։ Սակայն դրանց առկայությունը քաղցրահամ ջրերում ազդում է սնուցիչ նյութերի համակարգի վրա և, որպես հետևանք` փոփոխությունների ենթարկում կոնկրետ էկոհամակարգերի տեսակային կազմը։
Այս ամենը վաղուց հայտնի է բոլորին։ Տարբերությունն այն է, որ զարգացած երկրներում թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը նորմալ վերահսկվում է։ Իսկ Հայաստանում, անգամ ամենահեղինակավոր տեղական լաբորատորիայի փորձաքննությունից հետո, վստահ չենք կարող լինել, թե մեր կերած մրգի կամ բանջարեղենի մեջ ինչ տեսակի ու ինչ քանակի թույն կա։ Պարզ բան է, եթե մի երկրում գյուղացիները կարող են նախարարին հավատացնել, որ մեկ հեկտարից ավելի շատ կարտոֆիլ են ստանում, քան Հոլանդիայում, ապա նույնկերպ կարող են համոզել հասարակ սպառողին, որ արտադրանքն էկոլոգիապես մաքուր է։
Ամենազարմանալին այն է, որ այս մասին գրեթե չի խոսվում։ Օրինակ` մեր բնապահպանները նախանձելի հետևողականությամբ պայքարում են հանքավայրերի դեմ։ Սակայն դժվար է հիշել մի դեպք, որ նույն նախանձախնդրությամբ վեր հանեին գյուղատնտեսության ոլորտում վտանգավորություն ներկայացնող խնդիրները։ Իսկ խնդիրներն այստեղ հաստատ պակաս չեն։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության համաձայն` 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ամբողջ հողային ֆոնդի 68.8%-ը (2 մլն 45700 հա) բաժին է ընկնում գյուղատնտեսական նշանակության հողերին։
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի մակերեսն ընդամենը 36 500 հա է` 56 անգամ քիչ։ Այդ թվում` կոնկրետ հանքարդյունաբերության համար օգտագործվող հողերի մակերեսն ավելի փոքր է։
Այսինքն` բավականին դժվար է ասել` ո՞ր ոլորտն է ավելի շատ վնասում Հայաստանի շրջակա միջավայրը` հանքարդյունաբերությո՞ւնը, թե՞ անբարեխիղճ եղանակով իրականացվող գյուղատնտեսությունը։
Ի դեպ, գյուղատնտեսությամբ չափից դուրս շատ ոգևորված և ոլորտն իդեալականացնող բնապահպաններին, կարծում ենք, կհետաքրքրեն նաև WWF-ի այս տվյալները։ Աշխարհի մասշտաբով` գյուղատնտեսությունը քաղցրահամ ջրի խոշորագույն սպառողն է։ Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում երկրագնդի մատչելի քաղցրահամ ջրի պաշարի 70%-ը։ Համեմատության համար նշենք, որ արդյունաբերությանը բաժին է ընկնում 23%-ը։
Սննդի խոշոր արդյունաբերություն ունեցող շատ երկրներ (ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Ավստրալիա և Իսպանիա) շատ մոտ են ջրային պաշարների սպառման սահմանագծին։ Գյուղատնտեսությունն անվտանգ չէ նաև մեկ այլ «մոդայիկ» խնդրի` կլիմայի գլոբալ տաքացման առումով։ Նույն WWF-ի տվյալներով` գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների 14%-ը։ Աղբյուրներն են` պարարտանյութերը, կենդանիները, սավաննաների այրումը և այլն։ Օրինակ, բրնձի արտադրությունը մեթան գազի խոշորագույն աղբյուրներից մեկն է։
Այնպես որ, չի կարելի ամեն ինչ ծայրահեղացնել` մի ոլորտը ձգտել հավասարեցնել զրոյի, իսկ մյուսը` իդեալականացնել։ Խնդիրներ ամեն տեղ էլ կան։ Ուղղակի պետք է ամեն ինչ արվի պատասխանատու և բարեխիղճ եղանակով։