Լիքը «ոչ»-եր, շատ «այո»-ներ
Սահմանադրության փոփոխությունների՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ` քաղաքական ու քաղաքացիական ուժերը կարծես որոշակիացրել են իրենց դիրքորոշումներն ու կողմնորոշվել՝ «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարում են: Սակայն երկու ճամբարներում էլ ուժերը շարունակում են մասնատված հանդես գալ, և ռեսուրսների միավորումը թվում է գրեթե անհնարին:
Ուշագրավ է, որ «այո»-ի թևում քաղաքացիական ներկայացուցիչներ չկան, խորհրդարանական ուժերից զատ, փոփոխություններին կողմ են հաշված թվով քաղաքական կուսակցություններ, մասնավորապես՝ ԱԺՄ-ն ու ՍԴՀԿ-ն: Զուտ թվային առումով, կարելի է ասել, որ «ոչ»-երի ճամբարում ուժերը գերակշռում են. այստեղ են թե՛ քաղաքացիական նախաձեռնությունների, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի մեծ մասը, այդ թվում՝ ԱԺ-ում ներկայացված ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: ՕԵԿ-ը, թեև ԱԺ-ում հանրաքվեի անցկացման նախագծին դեմ քվեարկեց, սակայն, ինչպես հայտարարվել է, անդամներն ազատ են ընտրության հարցում:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացին երեկ բոյկոտ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ըստ վարչության անդամ Ալեն Սիմոնյանի՝ դա Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված «կեղծ» օրակարգ է, որի մեջ իրենք չեն մտնելու: Սակայն հանրաքվեին մասնակցության հարցում ՔՊ անդամներն ազատ են, իսկ անձամբ Ալեն Սիմոնյանը դեմ է քվեարկելու:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) դեռևս չի հստակեցրել «այո»-ի քարոզարշավին իր մասնակցության մարտավարությունը: «168 Ժամի» հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ դեռ բավականաչափ ժամանակ կա, քաղխորհրդի հետ կքննարկեն և քարոզարշավին մասնակցության ձևը կընտրեն:
Անդրադառնալով թե՛ «այո»-ի և թե՛ «ոչ»-ի ճակատներում առկա ուժերի մասնատվածությանը, Ն.Զոհրաբյանը դա միանգամայն նորմալ համարեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ «այո»-ի ճամբարում նորմալ է, որ առանձին քարոզարշավ տանի, իսկ «այո»-ները միմյանց հասցեին, չեմ լսել, որ վարկաբեկիչ հայտարարություններ անեն, գոնե այս փուլում՝ ի տարբերություն «ոչ»-ի ճամբարի, որ այնտեղ տեսնում ենք մի քանի ճակատ, մի քանի ֆրոնտ, մարդիկ, ովքեր իրար ուղղակի չեն հանդուրժում, մարդիկ, ովքեր մի հարթակում կամ մի սեղանի շուրջ նստել չեն կարող: Բայց դա բացարձակապես իրենց գործն է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունը և, ի վերջո, վերջնական վճիռը, վերջնական խոսքն ասելու է հանրությունը՝ դեկտեմբերի 6-ին»:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը սահմանադրական փոփոխությունների «այո»-ի լայնամասշտաբ քարոզչությունը, ամենայն հավանականությամբ, սկսելու է նոյեմբերից: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հայտնեց, որ նախատեսում են մարզային այցելություններ, հանդիպումներ քաղաքացիների հետ, իսկ մինչ այդ հեռուստատեսային քարոզչություն են իրականացնում և կուսակցական շարքերում հստակ ներկայացնում են սեփական տեսակետները:
Ճամբարներում ուժերի մասնատվածությունն Ա.Մինասյանը ևս նորմալ գնահատեց, քանի որ 2 ճամբարներում էլ տարբեր քաղաքական և գաղափարախոսական հայացքներ կրողներ են. «Սա ևս մեկ անգամ հաստատում է այն պնդումը, որ տիտղոսային ընդդիմություն և իշխանություն ջրբաժանով չի անցնում «այո»-ի և «ոչ»-ի ջրբաժանը: «Այո»-ի ճակատում հանդես են գալիս թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես որ «ոչ»-ի ճամբարում կան ընդդիմության կամ քաղաքական չեզոք դիրք ունեցող, կամ առանձին դեպքում` նաև իշխանության ներկայացուցիչներ: Եվ դա, բնականաբար, բերում է նրան, որ «այո»-ի և «ոչ»-ի քարոզչությունը տարբերվում է, նույն «այո»-ի մեջ իշխանությունն իր «այո»-ն հիմնավորում է` այլ հիմքեր նկատի ունենալով, ՀՅԴ-ն՝ որպես մեր սկզբունք և հավատամք, որ կառավարման համակարգի փոփոխությունն ու սահմանադրական փոփոխությունները կբերեն երկրի ավելի ժողովրդավարացման և զարգացման իրական հնարավորությունների ստեղծմանը: Կան նաև այլ «այո» ասողներ, որոնց հիմնավորումներն այլ են, և «ոչ»-ի մեջ էլ կա նման տարբերակում»:
«Ոչ»-երի ճամբարում 2 հիմնական բևեռ է ձևավորվել՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և «Չեք անցկացնի» նախաձեռնությունը: Վերջինս ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ համաձայնություն է ձեռք բերել «ոչ»-ի միասնական կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու մասին: Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարել է, որ խորհուրդը կհամակարգի հանրաքվեի հետ կապված և՛ քարոզչական աշխատանքները, և՛ հանրաքվեի քվեարկության վերահսկողության հարցերը: Ըստ նրա՝ հաշվի է առնվել, որ խմբակցությունները տեղամասերում ունեն հանձնաժողովի անդամներ, նաև ունեն եթերաժամանակի հնարավորություն, ինչը ևս կօգտագործվի: Միաժամանակ, Դ.Հովհաննիսյանը նշել է, որ հանուն շարժման հաղթանակի` դրամահավաք են իրականացրել, և այդ միջոցներով, չի բացառվում, որ վճարովի եթերաժամանակ ձեռք բերեն, այսինքն՝ կիրառել են բոլոր թույլատրված միջոցները՝ հաղթանակի հասնելու համար:
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ՀԽ-ն ինքը «Չեք անցկացնի» նախաձեռնությանը միացել է հենց առաջին օրվանից և ողջունել ու ողջունում են միավորման բոլոր ջանքերը: Այդ նպատակով հոկտեմբերի 21-ին կայանալու է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շնորհանդեսը, որտեղ կխոսվի նաև սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերի` հնարավոր միավորման հեռանկարի մասին: Մեր դիտարկմանը, որ «ոչ»-ի տարբեր ուժերի միմյանց հանդեպ անհանդուրժողականությունն «այո»-ականները որպես սեփական հաղթանակ են դիտարկում, Գ. Չուգասզյանը պատասխանեց, որ հակառակ ճամբարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի փորձի տորպեդահարել այդ միավորումը, և ամեն տեսակ «վայրահաչություն այս օրերին մենք կլսենք».
«Դա նորություն չի և մեզ բացարձակապես չի մտահոգում»: Նա շեշտեց, որ քաղաքական ուժերը նախագահական ընտրությունների չեն պատրաստվում, որպեսզի մրցակցեն իրար հետ, այլ սահմանադրական փոփոխություններին ընդառաջ՝ գնում են ընդհանուր ճակատով, և սա բացառիկ հնարավորություն է ընդդիմադիր ուժերի միավորման համար:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը կարծում է, որ «այո»-ի ճամբարում մասնատվածությունը վտանգավոր չէ, որովհետև «այո»-ի ճամբարը կազմակերպում է քվեարկություն և հաղթում, իսկ ահա «ոչ»-ի ճամբարում խնդրահարույց է, որովհետև չի հաջողվում մեկտեղել ուժերը, չի հաջողվում ավելի արդյունավետ քարոզչություն ծավալել, առավելագույնս օգտվել օրենքով թույլ տրված քարոզչամիջոցներից: Համենայն դեպս, ըստ նրա, բնակչությանը չի պարզաբանվում, թե ինչի մասին է այս ամենը: Ա.Ենոքյանի գնահատմամբ, նաև դրանց շտաբները բավականին իրարից տարանջատված են, չկա միասնականություն, ավելին՝ չկա միասնականություն նաև խնդիրներում:
Ա.Ենոքյանի կարծիքով՝ «ոչ»-ի ճամբարում ուժերը չեն հասցնի միավորվել, քանի որ չափազանց տարբեր խնդիրներ են առաջ քաշում, և շատ մեծ են տարաձայնությունները: Ա.Ենոքյանի կարծիքով՝ կարելի էր այդ տարբեր խնդիրներն ունենալով հանդերձ` միավորվել «ոչ»-ի շուրջ, բայց նման միտում կարծես թե չկա: Ա.Ենոքյանը նշեց, որ այս մասնատվածությունը կբերի նրան, որ «ոչ»-երը չեն կարողանա ոչ միայն արդյունավետ քարոզչություն կազմակերպել, այլև չեն կարողանա արդյունավետ կերպով հետևել հանրաքվեի ամբողջ ընթացքին: