Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը

Եվ այսպես, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն է ստանձնում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նա 2016թ. փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան` այդ պաշտոնում փոխարինելով Վիկտոր Խրիստենկոյին:

Այդ մասին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Այսօր օրակարգում ներառված էր 15 հարց: Մենք այդ բոլոր հարցերը քննարկեցինք: Մենք որոշում կայացրինք այն մասին, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Մենք նաև որոշում ենք կայացրել, թե ով է Վիկտոր Խրիստենկոյից հետո գլխավորելու մեր հանձնաժողովը: Նա Տիգրան Սարգսյանն է` Հայաստանի նախկին վարչապետը»։

Այս լուրը հրապարակվելուց անմիջապես հետո սկսվեց ակտիվ քննարկում` իսկ ինչո՞ւ հենց Տիգրան Սարգսյանը։ Ճիշտ է` այնպես չէ, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն ամբողջովին անսպասելի էր կամ անտրամաբանական։

Նախ` տվյալ կառույցը գլխավորելու հերթը Հայաստանինն էր, և, այսպես թե այնպես, ԵՏՄ գործուղվողը պետք է լիներ հայաստանյան ներկայացուցիչներից մեկը (պաշտոնյա, փորձագետ կամ գործիչ)։ Ու այս առումով, երբ նայում ենք, թե ում կարելի էր ուղարկել այդ պաշտոնին, որը լիներ և՛ նորմալ մասնագետ, և՛ կիրթ, և պետական համակարգում փորձ ունեցող ու ներկայանալի, ապա ընտրության հնարավորությունն ի սկզբանե այնքան էլ մեծ չէր։ Խրիստենկոն էլ իր հերթին` ասել էր, որ Տիգրան Սարգսյանը շատ ժամանակ է հատկացրել եվրասիական ինտեգրմանն ու եղել է Հայաստանի անդամակցության լոկոմոտիվը:

Ու չնայած այս ամենին` սոցցանցերում քննարկումները շարունակվում են` ինչո՞ւ, այնուամենայնիվ, Տիգրան Սարգսյանը, և ի՞նչ խնդիր է նրա առջև դրվելու։ Իհարկե, ով էլ լիներ նրա փոխարեն` նույն հարցերը հնչելու էին։ Սակայն նախկին վարչապետի պարագայում տարակուսանքն ավելի մեծ է, քանի որ նա դեմ էր Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը, բացահայտ հայտարարում էր այդ մասին, և Վիկտոր Խրիստենկոյի հետ հեռակա բանավեճի մեջ էր մտնում` ապացուցելով ՀՀ անդամակցության տնտեսական աննպատակահարմարությունը։

Օրինակ, 2012 թվականի ապրիլին «Կոմերսանտին» տված հարցազրույցում Տ.Սարգսյանն անիմաստ էր համարել Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը` ընդհանուր սահմանների բացակայության հիմնավորմամբ։ «Մենք պետք է անցնենք հարևան երկրի տարածքով և երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծում իրականացնող սուբյեկտների գործընթացի թեթևացումը: Փոխարենը` մենք կստանանք միայն նոր խնդիրներ` կապված մաքսային տուրքերի և հարկերի բարձրացման հետ: Տնտեսագիտական տեսանկյունից դա աննպատակահարմար է»,- ասել էր նա: Նույն միտքը նա կրկնել էր մի քանի ամիս անց` 2012-ի նոյեմբերին, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։

Այս հիմնավորումներին հետևեց Խրիստենկոյի պատասխանը, որ ընդհանուր սահմանների բացակայությունը խոչընդոտ չէ։ Որից հետո Տ.Սարգսյանը նոր հիմնավորում առաջ քաշեց։ «Խոսքը միայն ընդհանուր սահմանների բացակայության մասին չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, և որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ:

Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»,- 2013 թվականի փետրվարին ասել էր Տիգրան Սարգսյանը` «Մոսկովսկիե Նովոստիին» տված հարցազրույցում։ Հետո եկավ սեպտեմբերի 3-ը, և հայտարարվեց, որ Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանն ու ԵԱՏՄ կազմավորմանը։ Նախկին վարչապետը ստիպված էր հաշտվել այդ իրողության հետ։ Ու 2013թ. հոկտեմբերի 1-ին` Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, Տիգրան Սարգսյանը հիմնարար նշանակություն է տվել Հայաստանի որոշմանը` մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին։

«…Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է: Դրա հետևում մի կողմից` կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»,- ասաց նա:

Ասելը` ասաց, բայց քչերն էին հավատում, որ Տիգրան Սարգսյանն անկեղծորեն ոգևորված է այդ անդամակցությամբ։ Իսկ ավելի ուշ, երբ նա նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, արդեն վերջնականապես արմատավորվեց այն համոզմունքը, որ Տիգրան Սարգսյանն անուղղելի արևմտամետ է։

Իսկ հիմա` ԵԱՏՄ…

Շատերը հումորով նշում են, որ միգուցե հենց իր նախնական դիրքորոշման համար են ռուսներն ընտրել Տիգրան Սարգսյանին։ Ասել է թե` դու մեզ խանգարում էիր, դու էլ մեզ կօգնես։ Բայց սա, իհարկե, լուրջ չէ։ Կարծիքներ են հնչում նաև, որ հնարավոր է` Տ.Սարգսյանի թեկնածությունը տեղավորվում է ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրման տրամաբանության մեջ։ Այսինքն, լինելով փորձառու ֆինանսիստ, ով կանգնած է եղել դրամի ներդրման ակունքներում և երկար ժամանակ պատասխանատու է եղել ՀՀ դրամավարկային քաղաքականության համար, Տ. Սարգսյանը կարող է այս գործը գլուխ բերել։ Այս տեսակետի կողմնակիցներն ասվածը հիմնավորում են ՀՀ կայուն և վստահելի բանկային համակարգով, որի կայացումը պայմանավորում են Տ. Սարգսյանի դերակատարությամբ։

Ոմանք էլ ավելի առաջ են ընկել և արդեն Տիգրան Սարգսյանին տեսնում են ՀՀ ապագա նախագահի կամ վարչապետի պաշտոնում։

Ինչևէ, նրա նշանակումն այս պաշտոնին ցույց տվեց, որ քաղաքականության մեջ իրոք ոչինչ չի կարելի բացառել։ Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց ուղիղ 6 տարի` 2008 թվականի ապրիլից 2013 թվականի ապրիլը։ Ու չնայած նրան հաջողվեց որոշ լուրջ փոփոխություններ ներդնել (ԱՊՊԱ-ն, բիզնեսի գրանցման դյուրացումը, կուտակային կենսաթոշակային համակարգը և այլն), նրա գործունեությունն ավելի շատ քննադատողներ կգտնվեն, քան գովաբանողներ։ Տիգրան Սարգսյանի օրոք Հայաստանի տնտեսությունը 2009 թվականին անկում ապրեց ու այդպես էլ մինչ օրս ուշքի չի գալիս այդ հարվածից։ 2008թ. վերջին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 3 տրիլիոն 650 միլիարդ դրամ, 2013թ. վերջին` 4 տրիլիոն 266 միլիարդ դրամ։

Սակայն դոլարային արտահայտությամբ հակառակ պատկերն է. 2008-ի վերջին` 11.7 միլիարդ դրամ, 2008-ի վերջին` 10.4 միլիարդ դրամ։ Այսինքն` Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության մինչճգնաժամային մակարդակին։ Նրա օրոք ներդրումները նվազեցին, արտաքին պարտքը բազմապատկվեց (2008թ. ՀՀ արտաքին պարտքը շուրջ 1.5 միլիարդ դոլար էր (ՀՆԱ-ի 13.2%-ը), 2013թ. վերջին` շուրջ 4 միլիարդ դոլար)։ Նրա օրոք ՀՀ-ից հեռացավ 250 հազար քաղաքացի։

Այնպես որ, դժվար է ասել` ինչ կհաջողվի անել նախկին վարչապետին ԵՏՄ-ում, որն այսօր իսկական տնտեսական ճահճի մեջ է։ Միգուցե նրան հաջողվի օգնել այս կառույցին` ոտքի կանգնել։ Միգուցե հակառակը` նպաստի, որ այն արագ քայքայվի և փլուզվի։ Ժամանակը ցույց կտա։

Տեսանյութեր

Լրահոս