ԵՏՄ-ում Հայաստանը ստանձնեց պարտավորություն, բայց դրա դիմաց ոչինչ չի ստանում. Ստեփան Գրիգորյան

«ԵՏՄ մտնելով՝ ստանձնեցինք պարտավորություն, բայց դրա դիմաց բան չենք ստանում: Շատ հետաքրքիր ու նոր երևույթ է աշխարհում, քանի որ, օրինակ, եթե պետությունները դառնում եմ ԵՄ անդամ, ստանձնում են պարտավորություն, բայց միաժամանակ ստանում են ինչ-որ բան: ԵՏՄ-ն սպեցիֆիկ կազմակերպություն է, որտեղ Հայաստանը ստանձնեց պարտավորություն, բայց դրա դիմաց ոչինչ չի ստանում: Դրա մասին պետք է մտածել: Մենք մտածում էինք, որ ԵՏՄ անդամակցությունը մեզ հնարավորություն կտա բավական մեծ շուկա մտնել, բայց անդամակցումից հետո այդ շուկան փակվեց մեր առջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նա նկատեց, որ թեկուզ Հայաստանը չստորագրեց ասոցացման պայմանագիրը, այնուամենայնիվ, Եվրոպան շարունակում է մեզ հետ աշխատել. «Չփակեցին դռները մեր առջև: Կարծում եմ՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու շանս ունենք: Քանի որ ԵՏՄ-ում Հայաստանի սպասելիքները չարդարացան, այդ է պատճառը, որ Հայաստանը մեծ եռանդով նորից ուզում է Եվրոպայի հետ աշխատել: Հասկանալի է, որ աշխատանքի մակարդակը չի լինի այնպիսին, ինչպիսին կարող էր լինել ասոցացման պայմանագրի դեպքում, բայց, այնուամենայնիվ, շատ դրական է, որ մենք նորից ուզում ենք Եվրոպայի հետ ակտիվ աշխատել»:

168.am-ի հարցին՝ Ռուսաստանը չի՞ խոչընդոտի Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խորացմանը, նա պատասխանեց. «Կարող է խոչընդոտել: Բայց երկրորդ մանդատը տվեցին, անլուրջ կլինի բանակցություններ վարել ու ասել, որ այս անգամ էլ չենք ստորագրում: Այստեղ երկու երաշխիք կա, որ այնուամենայնիվ կստորագրվի: Առաջին երաշխիքը կապված է իրոք լուրջ խնդիրների հետ, որոնց առնչվեց  Հայաստանը՝ դառնալով ԵՏՄ անդամ: Օրինակ՝ մեր առևտուրը Ռուսաստանի հետ հենց անդամակցությունից հետո 2-2.5 անգամ անկում ապրեց, շատերը դա կապում են ինչ-որ ճգնաժամի հետ, բայց Ռուսաստանն արդեն 25 տարի է ՝ տնտեսական ճգնաժամի մեջ է, դրա հետ կապված չէ, այլ՝ հենց մեր անդամակցության հետ: Պարզ է, որ դա երաշխիք է, որ Հայաստանը Եվրոպայի հետ պայմանագիր կստորագրի: Եվ երկրորդ՝ կարծում եմ, որ այնուամենայնիվ ճիշտ կլինի Ռուսաստանի հետ զուգահեռ կոնսուլտացիաներ վարել, անկեղծ ասել՝ ինչ ենք անում, որ այնպես չստացվի՝ վերջին պահին իրենք ինչ-որ բան իմանան, դժգոհ լինեն, սկսեն ճնշումներ գործադրել: Այս երկու մեխանիզմները թույլ կտան ինչ-որ բան ստորագրել»:

Տեսանյութեր

Լրահոս