Տիգրան Սարգսյանի նշանակումը նաև ստատուսի խնդիր էր. Ստեփան Գրիգորյան
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ խորհուրդ տվեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ելնելով՝ երկար մտածել, մինչ պառլամենտական համակարգին անցնելը. «Դրական ու բացասական կողմերը մի կողմ թողնենք, բայց նման իրավիճակում համակարգային փոփոխություն կատարելուց առաջ պետք է ուղղակի մտածել: Բոլոր պառլամենտական համակարգերը պետք է անկայուն լինեն, եթե ուզում ես դրականը վերցնել: Պե՞տք է մեզ նման համակարգ այսպիսի իրավիճակում, դժվարանում եմ ասել: Կայուն երկրներում շատ կարևոր է ապակայունացնող գործոնը, որը կոչվում է պառլամենտական համակարգ, հիմա դա կիրառել Հայաստանում այսպիսի տարածաշրջանային իրադարձությունների օրոք, ճիշտ չէ»:
Խոսելով Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնը ստանձնելու որոշման մասին որոշման, Ս.Գրիգորյանն ասաց, որ նրա թեկնածությունը բոլորին բավարարեց. «Առաջին հերթին՝ Ռուսաստանին, որովհետև նա դիտվում է որպես մարդ, որը Եվրոպայի հետ հաջող աշխատել, համագործակցել է ու այստեղ կարող է հանդիսանալ ինչ-որ կամուրջ: Ես այդ կոնտեքստում եմ դիտում: Պատկերացրեք, եթե նորից ռուսական ներկայացուցիչը շարունակեր պաշտոնավարել այդ դիրքում. պարզ է, որ ոչ մի դինամիկա չէր լինի: Բացի այդ՝ ռոտացիայի սկզբունքի համաձայն այդ տեղը տրվեց Հայաստանին, և Հայաստանը պարզ է, որ պետք է առաջարկեր նախկին վարչապետի կարգի մարդու: Հայաստանը չէր կարող առաջարկել նույնիսկ խելոք, բայց այլ տիպի մարդու, այստեղ ստատուսային խնդիրներ կան»: