Օհանավանի Սբ. Հովհաննավանք եկեղեցում այցելուների կյանքը վտանգված չէ
Օհանավան համայնքում գտնվող 4-13 դդ. թվագրված Սբ. Հովհաննավանք եկեղեցին տեղակայված է Քասախի կիրճի աջ եզրին՝ քարանձավի վրա: Քարանձավն իրականում փլված է, իսկ եկեղեցի այցելող հավատացյալների կյանքը՝ վտանգված: Այս մասին ունեցած լուրերը ճշտելու նպատակով 168.am-ն այցելեց Արագածոտնի մարզի Օհանավան համայնք, որտեղ և գտնվում է Սբ. Հովհաննավանք եկեղեցին: Մենք տեղում հանդիպեցինք և զրուցեցինք նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հետ: Նրա ուղեկցությամբ շրջայց կատարեցինք եկեղեցու տարածքում և ներսում: Իրականում եկեղեցին ուներ բարեկարգ արտաքին տեսք և պատշաճ ներքին հարդարանք: Այնուամենայնիվ, Տեր Գարեգին քահանա Արսենյանը մեզ բացատրեց խնդրի էությունը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:
– Տեր հայր, ի՞նչ վիճակում է ներկա պահին գտնվում Օհանավանի Սբ. Հովհաննավանք եկեղեցին:
– Սբ. Հովհաննավանքի վանական համալիրը վերջին անգամ վերանորոգության է ենթարկվել Սովետական Միության տարիներին՝ 60-ականների վերջին: Անշուշտ, վերանորոգչական աշխատանքների ընթացքին բացթողումներ և վրիպակներ եղել են: Ժամանակին այստեղ մեծ վերամբարձ կռունկ կար տեղադրված, որը կարող էր վանքի այցելուների համար վտանգավոր լինել և Արագածոտնի թեմի միջոցներով տեղափոխվեց եկեղեցու տարածքից: Պետք է նշեմ նաև, որ եկեղեցու տարածքում կային գոյացած աղբակույտեր, որոնցից տարածքը մաքրվել է: Նորոգչական աշխատանքների ընթացքին բաց էր թողնվել 4-րդ դարին պատկանող Սբ. Կարապետ եկեղեցին, և արձանագրությունները լիարժեք կերպով չէին վերականգնվել: Եկեղեցու տարածքում կարելի էր գտնել արձանագրության մասնիկներ…
– Եկեղեցու մայր քարե՞րը նկատի ունեք:
– Փոքրիկ բեկորներ նկատի ունեմ: Սբ. Հովհաննավանքում իրավիճակը հատկապես փոխվեց այն բանից հետո, երբ ՀՀ Կառավարության 2001թ. հուլիսի 9-ի N 616 որոշմամբ վանական համալիրն անհատույց, անժամկետ իրավունքով հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 4-րդ դարի եկեղեցու տանիքը վերանորոգվեց, պատուհանները փոխվեցին, նախկին անմխիթար վիճակում գտնվող դռները փոխարինվեցին ընկույզի փայտից ձեռքի աշխատանքով փորագրված գեղեցիկ դռներով, եկեղեցին ապահովվեց ծիսական նշանակության գույքով, և այլն: Ամենակարևոր ձեռքբերումն այս ամենում եղավ այն, որ այստեղ հոգևոր ծառայության համար հոգևորական նշանակվեց:
– Սբ. Հովհաննավանքը տեղակայված է քարանձավի վրա, որը, մեր ունեցած տվյալներով՝ այս պահին փլված է (Քասախի կիրճի աջ եզրին): Արդյո՞ք վտանգված չէ եկեղեցի մտնող հավատացյալների կյանքը:
– Անշուշտ, աղոթողների կյանքը վտանգված չէ, և դա ընդգրկում է եկեղեցու միայն մի հատվածը, ավելի կոնկրետ՝ ավանդատան հատվածը, որ կառուցված է փոքրիկ քարանձավի վրա: Մեր իմաստուն նախնիները, որ կառուցել են այս հրաշալի պատմական եկեղեցին, այդ հատվածն ավելի շուտ ծառայեցրել են՝ որպես ճանապարհ: Հետևաբար՝ այդ քարանձավային հատվածն ավելի շուտ ճանապարհ է, քան որևէ հավատացյալի համար լուրջ վտանգի աղբյուր:
– Այս պահին ի՞նչ միջոցներ են նախատեսված, և ի՞նչ աշխատանքներ են իրականացվում քարանձավը վերականգնելու համար:
– Ուզում եմ տեղեկացնել, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը շինարարական բնույթի յուրաքանչյուր աշխատանք իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համխորհուրդ: Տվյալ եկեղեցու հետ կապված վերանորոգչական աշխատանքներ իրականացնելու համար պետք է նախագծային աշխատանքներ կատարվեն:
– Ե՞րբ է նախատեսվում անել դա:
– Եթե Աստված օրհնի՝ առաջիկայում, երբ Մշակույթի նախարարությունում և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ճարտարապետաշինարարական բաժնում կհաստատվեն նախագծային աշխատանքները, արդեն բարերարների առկայության պայմաններում ևս փուլ առ փուլ կիրականացվեն վերականգնման աշխատանքները:
– Նշեցիք Մշակույթի նախարարության մասին. ըստ տեղեկությունների՝ նախարարությունը Սբ. Հովհաննավանք եկեղեցու վերանորոգման աշխատանքների նպատակով գումար է դուրս գրել: Դուք գիտեի՞ք այս մասին:
– Սբ. Հովհաննավանք եկեղեցու վերանորոգման աշխատանքների՞ նպատակով:
– Այո:
– Ես ներկա պահին չեմ տիրապետում նման տեղեկատվության, բայց եթե Ձեր կողմից փաստեր տրամադրվեն, ապա ես կուսումնասիրեմ այդ հարցը:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ Սբ. Հովհաննավանք եկեղեցին ընդգրկված է ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (պետ. ցուցիչ` 2.212.17): ՀՀ Կառավարության 2001 թ. հուլիսի 9-ի N 616 որոշմամբ Սբ. Հովհաննավանքն անհատույց, անժամկետ հանձնվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եկեղեցու պահպանությունն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: