«Ես և Սերգեյը «ամուսնալուծությունների» վտանգավոր տարիքին դեռ չենք մոտեցել». Նարեկ Մարգարյան
Նարեկ Մարգարյանը կարողանում է հումորի լեզվով խոսել քաղաքական և սոցիալական ամենասուր և ամենաարդիական հարցերի շուրջ: Էլ ո՞վ, եթե ոչ՝ մասնագիտությամբ լեզվաբան, «Արմքոմեդի» հաղորդման համահեղինակ և հաղորդավար Նարեկ Մարգարյանը, շատ լավ գիտի խոսքի ուժն ու ազդեցությունը մարդու վրա:
– «Արմքոմեդին» դասվում է այն հաղորդումների շարքին, որ ուզում ես դիտել «առաջին ձեռքից»՝ առանց սպասելու կրկնությանը կամ համացանցում հայտնվելուն: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է գրավում հեռուստադիտողին Ձեր հաղորդման մեջ:
– Եթե փորձեմ առանձնացնել մեր հաղորդման գլխավոր «ֆիշկան», ապա, իմ կարծիքով, դա այն է, որ հաղորդումը և՛ ժամանցային է, և՛ տեղեկատվական: Այսինքն՝ հեռուստադիտողը միանգամից երկու նապաստակ է «սպանում»: Գիտեմ մարդկանց, ովքեր ավանդական լուրերից նախընտրում են մեր հաղորդման ձևաչափը, ինչը, անշուշտ, ոգևորիչ է:
– Հեռուստատեսային հաղորդավարների դուետները հազվադեպ են երկար դիմանում հայկական եթերում: Ո՞րն է Ձեր և հաղորդման համահեղինակ և վարող Սերգեյ Սարգսյանի «միասնության» գաղտնիքը:
– Դե՛, մենք «ամուսնալուծությունների» վտանգավոր տարիքին դեռ չենք մոտեցել: Ընդամենը 2013-ից ենք հեռուստաեթերում: Բայց ասեմ, որ գաղտնիքը նրանում է, որ մենք շատ ավելի վաղուց ենք ընկերներ եղել: Հետո միայն դարձել ենք գործընկերներ:
– Եթե հանկարծ «Արմքոմեդիի» հաղորդավարներից մեկը փոխարինվի մեկ այլ՝ նոր հաղորդավարով, Ձեր երկուսի բնավորության ո՞ր բացասական կողմը կհանդիսանա դրա պատճառը:
– Միայն մոլորվելը կարող է նման քայլի պատճառ հանդիսանալ: Պետք է մեկն ու մեկս մոլորվի անապատում կամ ջունգլիներում, որ ստիպված լինենք փոխարինող գտնել: Եթե հարմար ջունգլի կամ անապատ գտնեք, խնդրում եմ, տեղեկացրեք:
– Ինչպիսի՞ գործոնների առկայության պարագայում է հեռուստատեսային նախագիծը երկար կյանք ունենում եթերում՝ շարունակելով պահպանել իր բարձր վարկանիշը:
– Նախագիծը պետք է շարունակի անսպասելի մնալ, զարմացնել և ունենալ անսպառ թեմաներ: Չպետք է, այսպես ասած, «ամուսնանալ» հաղորդման ինչ-որ մի տարրի հետ և ամեն գնով փորձել պահպանել այն:
– Ինչո՞ւ չկարողացաք «պահպանել» Ձեր լրագրողին՝ Մհեր Խաչատրյանին, ով Ձեր հաղորդման «լուրջ լրագրողի» կարգավիճակից վերածվել է դերասանի:
– Մհերին գրեթե ամեն օր տեսնում ենք: Մեր լավ ընկերն է: Այնպես որ, հնարավոր է՝ մի օր նորից վերադառնա հաղորդում: Ցանկությունը ոչ միայն իմն է, այլև մեծ թվով երկրպագուներինը, ովքեր իրենց մեկնաբանություններում գրում են այդ մասին:
– Դասախոս, հաղորդավար, երգիչ… Է՞լ ինչ գաղտնի ընդունակությունների եք տիրապետում:
– Լավ աջարական խաչապուրի եմ պատրաստում: Իրականում նախ և առաջ՝ «Արքոմեդի» հաղորդման սցենարիստներից մեկն եմ: Հենց դա է հաղորդման գլխավոր տարրը: Իսկ «երգիչը», իհարկե, չափազանցություն է:
– Ո՞րն է եղել Էլվիս Փրեսլիի երաժշտության հանդեպ սիրո Ձեր ամենահիշվող դրսևորումը:
– Երբ այցելեցի նրա տունը՝ Մեմֆիսում, մոտիկից տեսա նրա կիթառը, մեքենաները, գերեզմանը…
– Ինչպե՞ ս որոշեցիք լինել դասախոս մի բուհում, որտեղ մեծամասամբ աղջիկներ են սովորում:
– Ես ավարտել եմ Բրյուսովը, այնուհետև՝ ասպիրանտուրան, այնպես որ, ըստ օրենքի՝ պետք է մնայի՝ դասավանդեի Բրյուսովում: Այնուհետև ինձ շատ դուր եկավ գործընթացը, այդ իսկ պատճառով մի քանի տարի մնացի այնտեղ: Հիմա չեմ դասավանդում՝ զուտ ժամանակի սղության պատճառով:
– Ամուսնանալով Ձեր իսկ ուսանողուհու հետ, գրեթե կրկնել եք Ձեր ծնողների ուղին: Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը, երբ իմացան, որ որդին ևս նույն ճանապարհով է գտել իր կյանքի ուղեկցին:
– Պատկերացրեք՝ այդ հանգամանքի վրա առանձնապես ոչ ոք չկենտրոնացավ: Ուրախ էին ինձ համար, որ գտել եմ իմ կյանքի կեսին: Ի՞նչ կարևոր է, թե որտեղ:
– Ինչպիսի՞ն է իդեալական ընտանիքի Ձեր մոդելը: Գոյություն ունի՞ իդեալական ընտանիք առհասարակ:
– Իդեալական ընտանիքի անդամներն ունեն նմանատիպ հետաքրքրություններ: Այնտեղ բոլորն իրար հարգում են և ճաշի մեջ ավելորդ աղ չեն ավելացնում, քանի որ այդ ընտանիքում աղն ամեն մեկն ըստ ճաշակի է ավելացնում:
– Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
– Գիշերը ժամը 3-ին դատարկ փողոցում ձայնային ազդանշան տվող «անասունը»:
– Որքանո՞վ եք Դուք տարբեր կադրում և կադրից դուրս:
– Կյանքում ես ավելի շատ ինտրավերտ եմ լինում, հատկապես անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց շրջապատում: Խոլերիկ, էքստրավերտ Նարեկին միայն շատ մտերիմներն են տեսնում:
– Ձեր հաղորդման ձևաչափը թույլ է տալիս քաղաքական ամենաթեժ հարցերին բավականին սուր մեկնաբանություններ տալ: Թողարկումներից հետո լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեզ «վերջին զգուշացում» տան՝ վերևներից:
– Չեն տալիս ո՛չ վերջին, ո՛չ առաջին զգուշացում: Պատճառն այն է, որ երբեք չենք անցնում անձնական դաշտ: Միշտ մի բան քննադատելուց փորձում ենք մեր համեստ այլընտրանքն առաջարկել: Ասեմ, որ շոու-բիզնեսի «ժողովուրդը» շատ ավելի պակաս հանդուրժող է, քան քաղաքական գործիչները:
– Ինչպիսի՞ն է քաղաքական գործիչների վերաբերմունքը Ձեր հանդեպ:
– Ում մինչ օրս հանդիպել ենք՝ դրական են մոտեցել: Քննադատությունները՝ մեր հասցեին, ժամացույցի պես համընկնում են այն օրերին, երբ մենք տվյալ քաղաքական գործչին ենք սովորականից «թթու» անդրադառնում: Դա ևս հասկանալի է: Այնուհետև մի քանի հաղորդում մեկ այլ քաղաքական գործչի ենք անդրադառնում, և ժամանակի հետ վերաբերմունքը վերադառնում է դրականի:
– Նրանք դիտո՞ւմ են «Արմքոմեդին»: Արձագանքներ եղե՞լ են:
– Այո, քաղաքական գործիչների զգալի մասը դիտում է մեր հաղորդումը: Դա շատ լավ է: Կարող ենք հանրային դժգոհություն կամ ինչ-որ մի լավ գաղափար ուղղակիորեն տեղ հասցնել: Հարց է, թե արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը դիտում է մեզ: Մեր վերջին թողարկմանը մենք պատրաստակամություն հայտնեցինք վճարել իր հայցված 500 եվրոն՝ հարցազրույցի դիմաց: Բայց դեռ չկան արձագանքներ: Անհամբեր սպասում ենք:
– Ձեզ և Սերգեյին հրավիրո՞ւմ են վարելու կորպորատիվ երեկոներ:
– Այո, հրավիրում են, և եղել են դեպքեր, երբ վարել ենք: Սակայն հաճախ դա չենք անում՝ զուտ զբաղվածության պատճառով: Եթե մի տեղ պետք է ներկայանանք, պետք է լավ ներկայանանք, իսկ դա պահանջում է ժամանակ և աշխատանք:
– Ի՞նչ կարևոր ազդեցություն ունեցավ «Արմքոմեդի» հաղորդման ի հայտ գալն այն հեռուստադիտողի մտածելակերպի մեջ, ով վստահ էր, որ քաղաքական գործիչներին կարելի է քննադատել միայն խոհանոցում և բակային տաղավարներում՝ նարդի խաղալով:
– «Արմքոմեդին» եկավ այս նոր սերնդի հետ, որը չի թաքցնում իր դժգոհությունը, այլ բացեիբաց արտահայտում է այն: Դժվար է ասել, թե կոնկրետ մեր հաղորդումն ինչպե՞ս է ազդել: Կարող եմ ասել, թե ինչպես կուզեի, որ ազդեր: Կուզեի, որ մեր հաղորդումն օգներ մարդկանց ամեն հայտարարություն հալած յուղի տեղ չընդունել, ուսումնասիրել պետական պաշտոնյայի ամեն քայլը: Հաճախ կոստյումն ու փողկապը տպավորություն են ստեղծում, թե խոսողը լուրջ և կարևոր բան է ասում: Իրականում հաճախ դա այդպես չէ:
– Դուք նաև ֆիլմերի սցենարներ եք գրում:
– Այո, արդեն սկսել ենք «Առաջին դեմք» ֆիլմի նկարահանումները, որի սցենարի հեղինակները ես և Սերգեյն ենք: Սա մեր երկրորդ ֆիլմն է՝ «Քայլ ձիով»-ից հետո: Սակայն այս անգամ կներկայանանք նաև՝ որպես ֆիլմի դերասաններ: Ֆիլմը կատակերգություն է՝ քաղաքական թեմատիկայով: Այս պահի դրությամբ ավելին ասել դեռևս չեմ կարող: