Անկեղծ ու իրատես
Վերջին տարիներին բյուջետային քննարկումների նկատմամբ համարյա կատարելության ձգտող անտարբերություն է տիրում: Հասարակությանն ու լրատվամիջոցներին կառավարությունում ընթացող քննարկումները չեն հետաքրքրում: Մի փոքր այլ է խորհրդարանական քննարկումների պարագան:
Այստեղ ընթացող քննարկումներն ավելի բազմազան են: Հնարավոր է` նաև այն պատճառով, որ խորհրդարանականների բառապաշարը պակաս տնտեսագիտական է, հետևաբար` ավելի հասկանալի: Այնպես որ, քանի դեռ չեն սկսվել «Բյուջե 2016-ի» խորհրդարանական քննարկումները, այդ փաստաթուղթը հանրային ուշադրության չի արժանանա: Սա մեր հասարակական կյանքի կայացած ավանդույթներից է: Նույնքան կայացած ավանդույթ է բյուջեին «անուն դնելը»:
Անուն կպցնելու սուրբ գործին նախ ձեռնամուխ են լինում կառավարության անդամները, ապա` իշխանամետ պատգամավորները, այնուհետև` ընդդիմությունը: Ու ոչ ոք երևակայությամբ չի փայլում: Իշխանություններն իրենց զինակից-համախոհներով, որպես կանոն, բյուջեն անվանում են «զարգացման»:
Իսկ ընդդիմադիրները՝ «գոյատևման»: Քննարկումների ընթացքում պարբերաբար ուրիշ՝ ավելի խրոխտ անուններ էլ են կպցվում երկրի տնտեսական հիմնական փաստաթղթին: Երբ խորհրդարանական քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորներն իշխանության ներկայացուցիչներին նեղն էին գցում, վերջիններս նահանջելով` հրաժարվում էին բյուջեն «զարգացման» կամ «սոցիալական» անվանելուց: Նահանջում ու բյուջեն անվանում էին «իրատեսական»: Իբր, տեսեք-տեսեք` ի հեճուկս համաշխարհային տնտեսական ճգնաժամի` մեր բյուջեն չի կրճատվում, հակառակը՝ աճում է, բայց ոչ մեր ուզած տեմպերով: Այս տարի ինչ-որ բան փոխվել է:
Մի քանի ամիս առաջ միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականներին հակառակ` մեր կառավարությունն աջ ու ձախ պնդում էր, որ 2015-ին չորս տոկոսից ավելի աճ ենք ունենալու: (Միջազգային կազմակերպությունների ամենավարդագույն կանխատեսումներում աճի ցուցանիշը երկու տոկոսը չէր գերազանցում): Այս տարի «Բյուջե 2016-ի» հիմնական ցուցանիշները հրապարակելուն պես իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք բյուջեն համարում են «իրատեսական»: Որովհետև միջազգային կազմակերպություններն իրենց գնահատականներում ավելի ճիշտ էին, և մեր տնտեսությունն իշխանությունների սպասումներից դանդաղ է զարգանում:
Սա` մի կողմից: Իսկ մյուսից՝ հերիք չէ, որ ԵՏՄ մտնելու նախնական բացասական գործընթացները դեռ չեն ավարտվել, դեռ շարունակվում են միջազգային տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Իսկ դա ոչ միայն մշուշում ու հետաձգում է ԵՏՄ պայծառ ապագան, այլև շարունակում է անխղճորեն կրճատել Ռուսաստանից եկող տրանսֆերները: Արդյունքում` տնտեսական վիճակագրությունը հակառեկորդը հակառեկորդի ետևից է արձանագրում: Պակասել են ներկրվող պարենային ու ոչ պարենային ապրանքների ծավալները, նվազել է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակը, կրճատվում է ներքին առևտրի ծավալը:
Ու այսպես շարունակ: Այս նվազումների ֆոնին միակ առաջընթացն արձանագրվում էր վարորդների տուգանքների գծով: Ու պատկերն այնքան անտրամաբանական էր (կամ՝ անբարոյական), որ երկրի նախագահը ստիպված եղավ հանձնարարել զբաղվել այդ խնդրով: Այլապես տարվա վերջին եռամսյակում մեր վիճակագիրներն աճ կարձանագրեին միայն երթևեկության խախտումների տուգանքների գծով: Կոշկակարներին, թամադաներին ու կրկնուսույցներին հարկելու փորձերը դժվար թե զվարթացնեին մեր տնտեսության նկարագիրը: Այնպես որ, մռայլվում է մեր ամենազվարթ գիտությունը՝ «Զուտ հայկական տնտեսագիտությունը»: Դա ակնհայտ դարձավ կառավարության հաստատած «Բյուջե 2016-ի նախագծից»: Կովկասյան վագրի մասին ոչ մի հուշ չկա այս նախագծում: Մեր իշխանությունները, իհարկե, միշտ ճիշտ են: Սակայն որքա՜ն ավելի ճիշտ կլինեին, եթե բյուջեի նախագիծն անվանեին «անկեղծ բյուջե»:
Ի վերջո, եկող տարվա համար կանխատեսվում է, որ մեր տնտեսական աճը կազմելու է 2,2 տոկոս (ի՜նչ մանրակրկիտ հաշվարկ, ինչպիսի՜, համարյա դեղագործական ճշգրտություն): Ենթադրվում է, որ մեր կառավարիչների հմուտ գործողությունների շնորհիվ` լրիվ ձեռնասուն կդառնա գնաճի հրեշը: Նախագիծը կանխատեսում է, որ 2016-ին գնաճը կկազմի երեքից հինգ տոկոս:
Այս ամենին զուգահեռ` կառավարությունը չի գնա երկրի արտաքին պարտքն ավելացնելու հին ու տրորված ճանապարհով: Զսպելով ավելի շատ ֆինանսական միջոցներ տնօրինելու ախորժակը` կառավարությունն ընդամենը երեք ու կես տոկոս դեֆիցիտ է նախատեսել: Իհա՛րկե, մարդիկ կգտնվեն, որ կփորձեն վերահաշվարկել բյուջեի նախագիծը: Նրանց մի մասը բյուջեի ծավալները կվերահաշվարկի կայուն տարադրամով ու կասի, որ բյուջեն 2,2 տոկոսով չի աճելու, այլ կրճատվելու է դոլարային հաշվարկներով: Ուրիշները գնաճի ու արժեզրկման գործակիցներով նույն վերահաշվարկը կանեն: Կանեն ու կհանգեն բյուջեի կրճատման նույն մտքին: Բայց հավանաբար ոչ ոք չի արձանագրի, որ այս անգամ կառավարությունն իսկապես անկեղծ է:
Որ բյուջեի նախագիծը, նախորդ տարիների նման, վարդագույն երազանքների արձանագրություն չէ: Եվ իսկապես էլ մի քանի օր առաջ ոչ ոք չէր էլ հանդգնի երազել, որ մեր կառավարությունն այդքան իրատեսական կլինի իր աշխատանքի գնահատման հարցում: Սեփական աշխատանքի անկեղծ ինքնագնահատականն է մեզ խոստանում 2,2 տոկոսանոց համեստ աճը՝ իր հնարավոր տնտեսական հեռանկարներով: