Արտագաղթի թաքնված ու խորքային պատճառներից մեկը

«Հայկական Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր մի լուսանկար, որում սևամորթ մի երիտասարդ մաքրում է Երևանի կենտրոնի շենքերից մեկի ցուցափեղկերը: ՀԺ-ն այս լուսանկարը մեկնաբանել էր արդարացի ու հիմնավոր սարկազմով, այն տեսանկյունից, որ մինչ չարակամները չեն հավատում տնտեսական աճի մասին կառավարության հայտարարություններին ու ցուցանիշներին, այս սևամորթը գալիս է ապացուցելու հակառակը. տնտեսությունն այնպես է աճում, որ անգամ մարդիկ «խոպան» են գալիս Հայաստան՝ տնտեսական աճը «վայելելու» նպատակով:

Սևամորթ երիտասարդի երևանյան աշխատանքը, բնականաբար, եզակի է և, ամենայն հավանականությամբ, նա հայկական բուհերից որևէ մեկի ուսանող է ու դասերից ազատ ժամերին վաստակում է՝ ցուցափեղկեր մաքրելով:

Բայց եզակի այս դեպքը հակառակ կողմից արտահայտում է նաև Հայաստանի ամենակենսական խնդիրներից մեկի՝ արտագաղթի թաքնված, չերևացող, սակայն շատ խորքային պատճառներից մեկը՝ «լավ» ու «վատ», «հարգի» և «ոչ հարգի» աշխատանքի տեսակների ընկալումը մեր հասարակության մեջ: Հայաստանից արտագաղթող հայերի, եթե ոչ՝ մեծամասնությունը, ապա բավական զգալի հատված արտերկրում՝ լինի դա Ռուսաստանում, Եվրոպայում թե ԱՄՆ-ում, հաց է վաստակում այնպիսի աշխատանքներ կատարելով, որոնք որևէ դեպքում, անգամ՝ շատ գայթակղիչ վարձատրությամբ, չի կատարի Հայաստանում: Մեկը ռեստորանում աման է լվանում, երկրորդը գովազդային թռուցիկներ է բաժանում, երրորդը խնամում է զառամյալ հիվանդների, և այդպես շարունակ:

Սակայն Հայաստանում նման «ոչ հարգի» աշխատանքով հաց վաստակելը համարվում է պատվից ցածր երևույթ, և մեր քաղաքացիներից շատ-շատերը գերադասում են ապրել որևէ ազգականի կողմից ուղարկվող, թեկուզ՝ փոքրածավալ տրանսֆերտով ու ոչինչ չանել, քան գումար վաստակել՝ «ոչ հարգի» աշխատանք կատարելով: «Բա հարևանն ի՞նչ կմտածի», «Իմ նման տղեն ո՞նց կարա տենց գործ անի»…

Այս երևույթն ունի սոցիալ-հոգեբանական խորքային պատճառներ, որը, անշուշտ, մասնագիտական ուսումնասիրության ու գնահատման կարիք ունի: Սակայն, անգամ ոչ մասնագիտական հայացքով՝ ակնհայտ է, որ նաև այս երևույթն է արտագաղթի պատճառներից մեկը: Աշխատանքի, անկախ որակից աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում, հայ հասարակության մեջ, մեղմ ասած, հիվանդագին է, ինչպես գրեթե բոլոր երևույթները:

Նորմալ հասարակություններում անպատվաբեր է համարվում պորտաբուծությունը, չաշխատելը, և հարգանքի ու գնահատանքի է արժանանում ցանկացած գործով զբաղվող մարդը՝ հավաքարարից մինչև ընկերության ղեկավար: Բայց քանի որ հայերս բացառիկ ազգ ենք, բացառիկ ենք նաև աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքով:

«Քարից հաց քամողի» լալահառաչ համարում ունեցող հայերի մեծ մասը գերադասում է «պպզել քարին»՝ երազելով, թե երբ են իրեն գոնե փոխնախարար նշանակելու: Հայերի մեծ մասը երազում ու այդ երազանքն իրականացված չտեսնելով՝ բողոքում է անարդարությունից, ճակատագրից, որովհետև յուրաքանչյուրն իրեն ամենաքիչը փոխնախարար կամ պատգամավոր է պատկերացնում: Սա մեր արժեքային համակարգի ամենալուրջ խեղումներից մեկն է, որի մասին չի մտածում ոչ մեկը: Որովհետև բոլորը սպասում են իրենց հերթին: Առնվազն փոխնախարար նշանակվելու հերթին:

Լուսանկարը՝ «Հայկական Ժամանակ» թերթի

Տեսանյութեր

Լրահոս