«Ասոցացման համաձայնագրի ճակատագրի կրկնությունից խուսափելու համար պետք է ՌԴ-ից «մանդատ» ստանանք հիմա». Ստեփան Գրիգորյան
«ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը հաջող բանակցելու և ստորագրելու համար ՀՀ-ն պետք է աշխատի ոչ միայն եվրոպացիների, այլև ռուսների հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցվելիք նոր համաձայնագրի ճակատագրին: Հիշեցնենք, որ օրերս Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորեց Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ և իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ` ընդունելով բանակցությունների համար համապատասխան մանդատ, ինչպես և Եվրոպական միությունը խոստացել էր Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովի ընթացքում` դա ամրագրելով գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:
Ստեփան Գրիգորյանը նշեց, թե երաշխիքներ չկան, որ ՀՀ իշխանությունները այս անգամ ևս չեն հրաժարվի Եվրոպական միության հետ բանակցվելիք համաձայնագրից: Սակայն, ըստ վերլուծաբանի, Հայաստանի համար գոյություն ունի մեկ այլ երաշխիք: «Մեր երաշխիքն այն է, որ Եվրասիական տնտեսական միությունը որևէ օգուտ չի տալիս Հայաստանին, քանի որ երկու տարի առաջ սեպտեմբերի 3-ին ՀՀ իշխանությունները, հայտարարելով ԵՏՄ-ին միանալու իրենց որոշման մասին, որոշակի սպասելիքներ ունեին ԵՏՄ-ից, սակայն դրանք չարդարացան, ուստի շատ հավանական է, որ այս անգամ բանակցությունները հաջողությամբ պսակվեն: Այլ երաշխիքներ չունենք, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կարող ենք բավական երկար ժամանակ բանակցություններ վարել, առաջատար լինել, սակայն վերջին պահին ինչ-ինչ գործոններ, այդ թվում ռուսական, ազդի մեր վերջնական որոշման վրա: ԵՏՄ-ում բացի բացասականից ոչ մի արդյունք չենք ստացել ու դրական զարգացումների,ու դրական միտումների սպասելիք չունենք, ինչը կարող է երաշխիք դառնա, որ ՀՀ իշխանությունները ստորագրեն նոր փաստաթուղթը»,- նման կարծիք հայտնեց Ստեփան Գրիգորյանը:
Նա համոզված է, որ ՀՀ իշխանություններն այդքան էլ միամիտ չեն, երկու տարի առաջ հասկանում էին, որ ՌԴ-ն ամենալավ առևտրային գործընկերը չէ, բայց ոչ ոք չէր պատկերացնում, բացառությամբ մի քանի փորձագետների, որ այդքան լուրջ վտանգներ կպարունակի այդ ընտրությունը Հայաստանի համար: Նրա կարծիքով` դժվար էր կանխատեսել, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, դժվար էր կռահել, որ ՌԴ-ում տնտեսական ճգնաժամ է լինելու, բայց ավելի դժվար էր պատկերացնել, որ ՌԴ-ն կփակի իր շուկան Հայաստանի առջև` ՌԴ-ն փակեց Հայաստանի առջև իր ձկան, սպիրտի, կոնյակի, գինու շուկաները:
«Դա է պատճառը, որ մենք քննադատում ենք իշխանություններին, մենք զգուշացրել էինք նրանց ընտրության հետևանքների մասին, քանի որ տեղյակ էինք խաղի կանոններին, սակայն հասկանում ենք նաև` իրենք չէին պատկերացնում, որ այլ ձևերով նույնիսկ հնարավոր չի լինի Ռուսաստանում հարցեր լուծել: Այլ ձևեր ասելով` նկատի ունեմ կոռուպցիան, ատկատները, այս անգամ ոչ մի մեխանիզմ չաշխատեց, դա կռահել հնարավոր չէր: Նրանք հույս ունեին, որ կշրջանցեն այս գոտու մինուսներն այլ մեխանիզմներով, դա ևս չստացվեց»,- նշեց Գրիգորյանը:
ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ճակատագրի կրկնությունից խուսափելու համար, Գրիգորյանի համոզմամբ, ՀՀ իշխանությունները հիմա պետք է Ռուսաստանի հետ սկսեն աշխատել, այլ ոչ թե վերջին պահին: «Եթե հիշում եք, ՌԴ դեսպանը սեպտեմբերի 3-ից առաջ հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագրի տեքստին ծանոթ չեն, ոչ էլ բացատրություն են ստացել ՀՀ իշխանություններից: Ասոցացման համաձայնագիրն, իրականում, ոչ մի վտանգ չէր պարունակում Ռուսաստանի համար, քանի որ քաղաքական մասում չկային ձևակերպումներ, թե Հայաստանը ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին, ընդհակառակը` գրված էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, ինչը նշանակում է, որ այդ պայմանագիրը չէր լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը:
Այսինքն` նույնիսկ այն ժամանակ համապաստախան բացատրական աշխատանքը կօգներ: Այսօր ոչ միայն եվրոպացիների, այլև ռուսների հետ պետք է աշխատել ու բացատրել, որ ի վերջո, եթե ՌԴ-ն նույնիսկ դեմ է համաձայնագրին, ապա պետք է ՀՀ-ին աջակցի տնտեսապես, քանի որ, ստացվում է, որ ԵՏՄ-ում մենք պարտավորություններ ենք ստանձնում, բայց դրա դիմաց ոչինչ չենք ստանում: Մենք ազատորեն կարող ենք և պետք է պահանջներ ներկայացնենք, որպեսզի վերջում նրանց արձագանքն այս համաձայնագրին անսպասելի չլինի: Հակառակ դեպքում, այո, կա վտանգ, որ պատմությունը կկրկնվի: Չեմ ուզում հավատալ, որ նման բան կլինի: Պետք է Ռուսաստանից համաձայնություն ստանալ: Ես ՀՀ ինքնիշխանության ամրապնդման ջատագովն եմ, սակայն, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, պարտավոր է իր որոշակի քայլերը համաձայնեցնի ԵՏՄ-ի և ՌԴ-ի հետ, ուստի այսօրվանից պետք է ՌԴ-ի հետ աշխատանք սկսկվի»,- նման խորհուրդ տվեց հեղինակավոր վերլուծաբանը:
Պատասխանելով հարցին, թե այս համաձայնագրով Հայաստանն ի՞նչ տեղ կստանա «Արևելյան գործընկերության» ծրագրում, Գրիգորյանն ասաց, որ միանշանակորեն Ուկրաինային, Մոլդավային և Վրաստանին համարժեք տեղը չի լինելու:
«Այն երկրները, որոնք ունեն Ասոցացման համաձայնագիր Եվրոպական միության հետ, ընդհանուր շուկա են ձևավորում ԵՄ-ի հետ, ինչն այլ որակ է: Կարծում եմ, որ եթե ամեն բան հաջող ընթանա, ապա մեր տեղն այդ ծրագրում կլինի չորրորդը: Եթե ակտիվ չաշխատենք՝ Բելառուսն առաջ կանցնի մեզանից, քանի որ ունի այդ ցանկությունը: Եթե նկատել եք, վերջին շրջանում Լուկաշենկոն մի քանի դրական ուղերձ հղեց Եվրոպային` ազատ արձակեց քաղբանտարկյալներին, գուցե Բելառուսն առաջ գնա տնտեսական համագործակցության տեսանկյունից: Եթե ցանկանում ենք գոնե չորրորդը լինել, պետք է ստորագրենք այդ պայմանագիրը, բայց դա չի կարող ստեղծել ավելի սերտ համագործակցություն ԵՄ-ի հետ, քան Ասոցացման համաձայնագիրը, որի շրջանակը շատ ավելի լայն էր, քանի որ առնչվում էր տնտեսական, էներգետիկ հարաբերություններին ավելի ընդլայնված կերպով»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: