«Չապաև 1 ռուսական գեղարվեստական պոռնկագրական տեսանյութը» ВКонтакте-ում հրապարակելու համար տղամարդը տուգանվել է
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 36-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել պոռնկագրական նյութեր տարածելու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 300 հազար դրամ տուգանքի:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շուրջ երկու տարի առաջ vk.com սոցիալական կայքում իր կողմից ստեղծված և օգտագործվող անհատական էջի «videos» բաժնում գովազդելու նպատակով տեղադրել է պոռնկագրական տեսանյութ, որն ազատ հասանելի է եղել համացանցի օգտատերերին:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, միաժամանակ հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու բնույթն ու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ և հասկանալի է, դրա հետ համաձայն է և ընդունում է ամբողջ ծավալով: Դատարանը որոշում է կայացրել դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու մասին:
Դատարանն արձանագրել է, որ «ՎԵԲ» կայքի զննություն կատարելու մասին արձանագրության համաձայն՝ հայտնաբերվել է ամբաստանյալի կողմից vk.com սոցիալական կայքում ստեղծված և օգտագործվող անհատական էջի «videos» բաժնում տեղադրված «Չապաև1 ռուսական գեղարվեստական պոռնկագրական տեսանյութը»: Դատամշակութաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ vk.com սոցիալական ցանցում տեղադրված «Չապաև 1 ռուսական գեղարվեստական պոռնկագրական տեսանյութը» պոռնկագրական բնույթի նյութ է: