Մերկ քնքշություն. Alexander McQueen-ի նոր՝ գայթակղիչ հավաքածուն
Բրիտանական Alexander McQueen նորաձևության տունը Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իր հագուստի գարուն-ամառ հավաքածուի նրբագեղ նմուշները:
Ինչպես միշտ, բրենդի հավաքածուն անկեղծ էր ու մարտահրավեր էր նետում հասարակությանը, սակայն այս անգամ հավաքածուում կային նաև դասական ու նուրբ տարրեր:
Բրենդի ստեղծագործական տնօրեն Սառա Բերթոնը նոր հավաքածուն ստեղծելիս դիմել էր 17-րդ դարին ու ոգեշնչվել 50 հազար հուգենոտների պատմությամբ, ովքեր հետապնդումներից խուսափելու նպատակով Ֆրանսիայից փախան Բրիտանիա՝ իրենց հետ տանելով բարձր նորաձևությունը:
Մասնավորապես, Alexander McQueen-ի նոր զգեստներում առկա են նուրբ ծաղկային պրինտներ, ժանյակներ, ինչպես նաև նուրբ դասական դետալներ՝ ասեղնագործության, շղթաների ու քուղերի տեսքով:
Նորաձևության տանը հատուկ էպատաժի մասին հիշեցնում էին միայն զանգվածեղ կոշիկները: