Բաժիններ՝

«Ամուսինս ինձ շատ գեղեցիկ էր «ստանում կադրում» նույնիսկ այն ժամանակ, երբ պարզապես ընկերներ էինք». Աելիտա Չիլինգարյան

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդումն իր յուրօրինակ ձևաչափով և սոցիալական տարբեր խնդիրներին անդրադառնալու շնորհիվ, կարողացավ շատ արագ գրավել բավականին լայն լսարանի ուշադրությունը: 168.am-ի հետ զրույցի ընթացքում հաղորդման համահեղինակ և վարող Աելիտա Չիլինգարյանն անկեղծորեն խոստովանեց, որ, այնուամենայնիվ, չկա անկողմնակալ լրագրություն: «Կա օբյեկտիվությանը մաքսիմալ մոտ լրագրություն»,- նշում է հաղորդավարուհին:

– Սկսենք հռետորական հարցից: Ի՞նչ նշանակություն ունի լրագրողի մասնագիտությունը Ձեզ համար:

– Չնայած ստացել եմ լրագրողի մասնագիտական կրթություն, համոզված եմ, որ լրագրող և, հատկապես, հեռուստատեսության լրագրող, սովորելով չեն դառնում: Մեր կուրսի մեծ մասն այդպես էլ ոչ մի տող չգրեց, որովհետև դա իրենը չէր: Մենք ընկերներով հաճախ կատակում էինք, որ, եթե փոքր ժամանակ սանրը միկրոֆոնի տեղ չեք դրել ու տնեցիներից հարցազրույց չեք վերցրել, ուրեմն՝ լրագրող չեք: Ըստ իս՝ մասնագիտությամբ լրագրողը պետք է լինի ճարպիկ, ճկուն ուղեղ ունենա, ժողովրդական լավ խոսք կա՝ «քթածակ» պետք է ունենա: Համալսարանում շատ բան կարող են մեզ պատմել, կարող ենք շատ գրքեր կարդալ, բայց իմ թվարկած հատկությունները դրանք չեն ավելացնի: Երբ ընդամենը 15 տարեկան էի, մասնակցեցի «Ինտերնյուսի» մրցույթին՝ «Մենք ենք» հաղորդումը պատրաստելու համար: Այն ժամանակ չգիտեի, թե միկրոֆոնն ինչպես է աշխատում, մոնտաժից բան չէի հասկանում, բայց պրոֆեսիոնալներն իմ մեջ պոտենցիալ տեսան:

Aelta Chilingaryan (6) Aelta Chilingaryan (7) Aelta Chilingaryan (9)

– Պատմեք մի փոքր, թե ինչպե՞ս ի հայտ եկավ «Մասնագիտություnը՝ լրագրող» հաղորդման մտահղացումը: Ո՞րն էր հաղորդման գլխավոր նպատակն ի սկզբանե:

– «Մասնագիտությունը`լրագրող» հաղորդումն իմ և Սոնա Աբրահամյանի հեղինակային հաղորդումն է: Ես և Սոնան Հանրային հեռուստաընկերությունից առաջարկ ստացանք և միասին մտածեցինք հաղորդման կառուցվածքը, նկարահանման ձևը, ոճը և այլն: «Մասնագիտությունը` լրագրող»-ը հայկական հեռուստատեսության մի շարք այլ հաղորդումներից տարբերվում է նրանով, որ այստեղ հաղորդավարներն ու այն պատրաստողները նույն մարդիկ են: Նկարահանումները մենք ենք իրականացնում, մարդկանց հետ մենք ենք հանդիպում, սցենարիստ չունենք, առանձին լրագրողներ` նույնպես: Մեր կարծիքով` հենց դա է իսկական հեղինակային հաղորդումը:

– Փորձե՞լ եք հետևողական լինել՝ արդյո՞ք որևէ փոփոխություն կատարվում է Ձեր հաղորդման շրջանակներում վեր բարձրացրած խնդիրների առումով: Այլ կերպ ասած, արդյո՞ք որևէ ազդեցություն թողնում է Ձեր հաղորդումը:

– Իհա՛րկե ազդեցություն ունի: Հենց նման փոփոխություններն էլ ցույց տալու համար մենք ամեն եթերաշրջանի ավարտից հետո ամփոփիչ հաղորդում ենք անում ու ցույց տալիս փոփոխությունները: Ամենահիշվածներից մեկն էլ այն էր, որ մաքրող միջոցների մասին թողարկումից մի քանի ամիս անց մտանք խանութներ, սերտիֆիկատ պահանջեցինք և տեսանք, որ, եթե անցած մեր նկարահանման ժամանակ դրանք չկային, ապա հիմա ամեն ինչ տեղում էր:

Aelta Chilingaryan (8)

Ի՞նչ խոչընդոտների եք ամենից հաճախ հանդիպում նկարահանումների ժամանակ:

– Մենք հաճախ խոսում ենք խնդիրների մասին, և այս դեպքում ամենամեծ խոչընդոտը հարցազրույց տվողներն են: Մարդիկ հաճախ խնդիրների մասին տեսախցիկի առաջ չեն ուզում խոսել: Մինչև նկարահանումը մի բան են ասում, հետո՝ ուրիշ: Այդ դեպքում էլ դու օդում խոսել չես կարող, ստիպված ես լինում երկար համոզել, կամ էլ ուրիշ ճանապարհներ գտնել՝ խնդիրը ցույց տալու համար: Այլ կերպ կստացվի, թե անապացույց բաներ ես խոսում:

– Արդյոք կգա՞ մի ժամանակ, երբ Հանրային հեռուստաընկերությամբ, օրինակ՝ «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդման շրջանակներում, թույլ կտան անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են, օրինակ՝ կարմիր գծերը, շաքարավազի մենաշնորհը, ընտրակաշառքները…

– Հենց կարմիր գծերի, ճանապարհային նշանների մասին հաղորդումն այս օրերին էինք պատրաստում: Մի քանի շաբաթից այն կլինի եթերում: Իսկ քաղաքական թեմաներին չենք անրադառնում, քանի որ մեր հաղորդումը սոցիալական է, այլ ոչ՝ քաղաքական: Հաղորդման թեմաները մենք ենք մտածում ու դրանք քննարկում ենք ստեղծագործական խմբով, այնպես որ, այդ առումով արգելքներ չկան:

– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հանրության վերաբերմունքը լրագրողների հանդեպ:

– Ցավոտ թեմայի հասանք: Հիմա ամեն ինչ փչացել է, որովհետև լրագրությամբ սկսել են զբաղվել մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են այդ ոլորտից: Ամենակարևորը՝ լրագրողական էթիկան, հաճախ բացակայում է: Լինում են դեպքեր, երբ զանգահարում ենք մարդկանց, իսկ նրանք, լրագրողների հետ ունեցած դառը փորձից, հրաժարվում են խոսել: Ինքնաբերաբար բոլորին նույն կերպ են սկսում վերաբերվել: Իսկ հետո՝ հարցազրույցի ժամանակ, զարմանում են, որ գիտես իրենց անունը, ծանոթ ես թեմային…

Aelta Chilingaryan (1)

– Կա՞ արդյոք անկողմնակալ լրագրություն:

– Եթե անկեղծ՝ չկա: Կա օբյեկտիվությանը մաքսիմալ մոտ լրագրություն, բայց չպետք է մոռանալ, որ լրագրողը մարդ է: Որքան էլ ցանկանանք անկողմնակալ մնալ, միևնույն է՝ մեր անձնական վերաբերմունքը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է իր գլուխը: Մնում է՝ չընկնել ազդեցության տակ:

– Ամուսիններով նույն հեռուստաընկերությունում եք աշխատում: Որքանո՞վ է այդ հանգամանքը դրական կամ բացասական անդրադառնում ընտանեկան կյանքին:

– Այդ հանգամանքը ոչ մի կերպ չի ազդում մեր կյանքի վրա, որովհետև, երբ ծանոթացանք, մենք արդեն իսկ աշխատում էինք նույն հեռուստաընկերությունում: Մոտ մեկ տարի պարզապես ընկերներ էինք: Միգուցե դա՞ է պատճառը, որ սովոր եմ Կարենին տեսնել նաև աշխատանքի վայրում: Չնայած, եթե ճիշտն ասեմ, հիմա գրեթե միմյանց չենք տեսնում Հանրայինում:

Aelta Chilingaryan (3)

Ձեզ մոտ ստացվո՞ւմ է աշխատանքային խնդիրները չթողնել դեպի տուն, ընտանիք:

– Ես ու Կարենն աշխատանքային խնդիր իրար հետ չենք ունենում: Ծանոթացել ենք հենց աշխատանքի ժամանակ, վեց տարի առաջ: Հանրայինի համար միասին պատրաստում էինք «Եվրոպական բանաձև» հաղորդումը: Բայց ամուսնությունից հետո որոշեցինք, որ միասին նկարահանումների չենք գնալու, քանի որ չենք սիրում աշխատանքը խառնել անձնականի հետ: Ճիշտ է՝ նա Հանրայինի գլխավոր օպերատորն է, բայց աշխատանքի համակարգման ժամանակ իմ անունը երբեք կարմիրով չի առաձնացնում: Պատկերացնում եմ՝ ինչ կլինի, եթե մի օր նորից սկսենք միասին նկարահանումների գնալ: Ա՛յ այդտեղ հաստատ անձնականն ու աշխատանքայինը կխառնվի:

Ասում են, որ օպերատորներն ամենից գեղեցիկն իրենց կանանց են նկարում: Որքանո՞վ է դա համապատասխան իրականությանը:

– Դա ճիշտ է, ավելին ասեմ՝ամուսինս ինձ շատ գեղեցիկ էր «ստանում կադրում» նույնիսկ այն ժամանակ, երբ պարզապես ընկերներ էինք: Երևի մի բան զգում էր: Հիմա էլ եմ սիրում, երբ տաղավարային նկարահանումների ժամանակ նա է դնում կադրը:

2012 թվականին եք ավարտել մասնագիտական ուսումը, սակայն արդեն հասցրել եք աշխատել բազում հեռուստաընկերություններում՝ վարելով տարբեր հեղինակային հաղորդաշարեր: Ի՞նչն է Ձեզ «տանում» մի հեռուստաընկերությունից՝ մյուսը:

– Այո, մագիստրատուրան 2012-ին եմ ավարտել, բայց հեռուստատեսությունում աշխատում եմ 15 տարեկանից, այսինքն՝ 11 տարի: Մի հեռուստաընկերությունից՝ մյուսն ինձ «տանում են» առաջարկները: Երբ ստանում եմ հետաքրիր և գրավիչ աշխատանքային առաջարկ, համաձայնում եմ: Իմ և Սոնայի հեղինակային հաղորդումներն այսօր էլ կարող եք տեսնել եթերում: Ուղղակի մեր անուններն են գլխագրերից անհետացել: Բացի այդ, հայկական հեռուստատեսությունում դժվար է հեղինակային հաղորդում անել: Մերոնք սիրում են գտնել մարդկանց, որոնք ունեն թարմ մտքեր, կարող են դրանք իրագործել, բայց ուզում են, որ այդ մարդիկ մնան կադրից դուրս, իսկ կադրում լինեն իրենց նախընտրած հաղորդավարները: Մեզ հետ ևս այդպես է եղել: Հավատացեք՝ Աելիտա ու Սոնա դուետը երկար ճանապարհ է անցել, մինչև կարողացել է կադրում հայտնվել ու սեփական գործն իր անվան տակ ներկայացնել:

Aelta Chilingaryan (2)

– Համարո՞ւմ եք Ձեզ կարիերիստ:

– Ոչ, կարիերիստ չեմ համարում, որովհետև, կարծում եմ՝ կարիերիստն աշխատանքն ընտանիքից վեր է դասնում: Ինձ համար իմ աշխատանքն ինձ հետաքրքիր է, ես առանց դրա չեմ կարող, բայց դա իմ կյանքում ամենակարևոր բանը չէ: Չնայած ես աշխատանքի եմ դուրս եկել տղայիս ծնունդից երեք ամիս հետո, բայց ես ավելի շատ «չկարիերիստ» եմ, քան կարիերիստ:

Aelta Chilingaryan (4)

-Բավականին հետաքրքիր արտաքին ունեք՝ «սուր» հայացքով հանդերձ: Իսկ ինչպիսի՞ն եք բնավորությամբ:

– Ես կյանքում բավականին ժպտերես, թեթև մարդ եմ: Իմ մասին մարդիկ հաստատ չեն ասի՝ համեստ ու լուռ աղջիկ: Չէ, դա ես չեմ: Ես աղմկոտ եմ, ուրախ: Փոքր ժամանակ ինձ նմանեցնում էի Пеппи длинный чулок-ին: Ամուսինս ասում է, որ ինքը շատ է լռում, որովհետև ես եմ շատ խոսում ու արագ: Բայց Ձեր նշած սուր հայացքը ստացվում է, երբ աշխատանքով եմ զբաղվում: Երևի եթերում եք ինձ այդպիսին տեսել: Եթերում, հաղորդման ֆորմատն ու իմ վերաբերմունքը՝աշխատանքիս, ստիպում են այդպիսին դառնալ:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս