ՀՀ բոլոր քաղաքացիների արժանապատվության և սեփականության իրավունքը ոտնահարված է. Կարեն Անդրեասյան

Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2014 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը:

Ըստ նրա՝ անցած տարի ՄԻՊ-ը, ուսումնասիրելով պետական 25 մարմնի գործունեությունը, ամփոփելով առանձին իրավունքների պաշտպանության վերաբերյալ բոլոր տեղեկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերին, վեր է հանել համակարգային 167 խնդիր, որի պատճառով խախտվել են հազարավոր մարդկանց իրավունքներ:

Զեկույցի համաձայն՝ կա մի գերխնդիր, մի կոպտագույն իրավախախտում, որը ոտնահարում է ՀՀ բոլոր քաղաքացիների արժանապատվության և սեփականության իրավունքը: Այդ գերխնդիրը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության իրավական ու բարոյական ճանաչման մերժումն է: Ներկայում մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումը համաշխարհային և տարածաշրջանային առումով միլիոնավոր մարդկանց սպանության և ունեզրկման համար թուրքական իշխանությունների` արդեն 100 տարի տևող ուրացումն ու պատասխանատվությունից խուսափումն է: Թուրքիայի կողմից սպանվել է մոտ 2,5 միլիոն հայ, որից գրեթե 1,5 միլիոնը՝ 1915 թվականին: այ բնակչությունը ֆիզիկական ու հոգեկան տանջանքների է ենթարկվել: Մշակութային բազմաթիվ արժեքներ ոչնչացվել են. հուշարձանները քանդվել են, եկեղեցիներն ու վանքերն ավերվել են կամ վերածվել մզկիթների, ձեռագրերն ու գրականության նմուշները ոչնչացվել են: Փարիզի խաղաղության կոնֆերանսում հաստատվել է, որ միայն 1914-1918 թվականներին հայերին պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ 20 միլիարդ ֆրանկի վնաս: Թուրքիայի այս ոճրագործության հետևանքները ներկայում ևս տարածվում են Հայաստանում ապրող մարդկանց վրա. մասնավորապես, նրանցից շատերն ապրում են ոչ իրենց նախնիների ծննդավայրում, զրկված են իրենց հասանելիք գույքային և մշակութային ժառանգությունից:

«Թուրքիան պետք է հնարավոր ամեն կերպ պատասխանատվություն կրի Հայոց Ցեղասպանությամբ պատճառած անվերականգնելի մարդկային, գույքային ու բարոյական վնասների, հայերի կյանքի, սեփականության, պատվի ու արժանապատվության իրավունքների ոտնահարման համար: Որպեսզի Թուրքիան կատարի Ցեղասպանության մասին կոնվենցիայի վավերացմամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և հատուցի դրա համար` փորձելով հնարավորինս վերականգնել միլիոնավոր հայերի ոտնահարված իրավունքները»,- ասված է ՄԻՊ տարեկան զեկույցում:

Տեսանյութեր

Լրահոս