ՀՌԱՀ նախագահը վստահեցնում է՝ կառավարությունը անապահով ընտանիքներին դեկոդերներ կբաժանի
«Հայաստանում հեռուստատեսության թվային հեռարձակման անցնելու ժամկետն ավարտվում էր այս տարվա հունիսի 1-ին, իսկ այդ դեպքում 14 մարզային ՀԸ-ներ չէին կարող գործել: Կառավարությունը ժամկետը հետաձգեց մինչև հունվարի 1-ը, ժամանակն անցնում է, բայց այդ խնդիրը դեռ լուծված չէ»,- այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցած տարվա հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Միաժանանակ, ըստ Մարուքյանի, սոցիալական անապահով ընտանիքներին կառավարությունը պետք է համապատասխան սարքեր՝ դեկոդերներ, բաժաներ, որպեսզի նրանք կարողանային օգտվել թվային հեռարձակումից , բայց մինչև օրս ոչինչ չի բաժանվել:
ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրեց, որ թվային հեռարձակումը ողջ հանրապետությունում արդեն իրականություն է, խնդիրներ չկան, իսկ անալոգային հեռարձակումը զուգահեռ իրականցվում է և չի խանգարում: Նա նշեց, որ սարքերի բաժանումը կառավարության գործառույթն է, սակայն, իր տեղեկություններով, ծրագիրն իրականացնող ընկերության մրցույթը հայտարարված է. «Վստահ եմ, որ հարցը կլուծվի»:
Նա նշեց, որ 2014 թ-ին Հայաստանում գործել է 98 հեռուստաընկերություն (44-ը՝ վերգետնյա եթերային, 54-ը` կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող) և 20 ռադիոընկերություն: