ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շրջանակը պատրաստ կլինի մի քանի ամիսների ընթացքում

«168 Ժամի» զրուցակիցն է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան

– Օրերս «Reuters» լրատվական գործակալությունը Եվրոպական հարևանության ծրագրի մասին վերլուծություն էր հեղինակել` գրելով. «Սահարայից մինչև Կովկաս բարեկամ պետությունների գոտի ձևավորելու` Եվրամիության երազանքը վերածվեց մղձավանջի»։ Որոշ փորձագետներ նույնիսկ կարծում են, որ ԱլԳ-ն կփոխի իր «դեմքը», որովհետև չունի ապագա իր ներկայիս տեսքով։ Ի՞նչ ապագա եք Դուք տեսնում այս ծրագրի համար, հաշվի առնելով ներկայիս իրավիճակն Ուկրաինայում, ՌԴ-Արևմուտք դիմակայությունն ու ԱլԳ և ԵՄ երկրներում տիրող հիասթափությունն այս ծրագրի նկատմամբ։

– Այս պահին պարզ է, որ իր հարևանության քաղաքականությունը հաստատելու ընթացքում ԵՄ-ն ձախողել է այն արձագանքները հաշվի առնելու հարցում, որոնց ականատեսն ենք մենք դառնում վերջին տարիների ընթացքում։ ԵՄ-ի հանձնարարականով անցկացվող Ասոցացման համաձայնագրերի բազմակի ազդեցության ոչ մի վերլուծությունում չկանխատեսվեց այն իրավիճակը, որին մենք հանդիպում ենք այսօր` քաղաքական և ռազմական պայքար Ուկրաինայում, ինչպես նաև` ռուսական պատասխան։

Այնուամենայնիվ, Եվրոպական միության Արևելյան գործընկերությունն առաջին հիմնական, միասնական նախաձեռնությունն է ԱլԳ երկրների և ԵՄ-ի կողմից, որոնք ազատորեն որոշել են աշխատել համատեղ մի շարք ոլորտներում։ Որքանով ես գիտեմ, ԱլԳ ոչ մի երկիր ո՛չ վերջերս անցկացված Ռիգայի գագաթաժողովի, և ո՛չ էլ որևէ այլ միջոցառման ընթացքում չի բարձրաձայնել ծրագիրը փակելու մասին իր կարծիքը։ Ուստի ես հասկանում եմ, որ ծրագիրը շարունակում է երկկողմանիորեն շահավետ լինել և՛ այն երկրների համար, որոնք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր են ստորագրել, և՛ այն երկրների համար, որոնք դա չեն արել։ ԵՄ-ն դեռ վերաձևավորում է Հարևանության քաղաքականությունը` այն բարելավելու, գործընկեր երկրների համար ավելի գրավիչ դարձնելու և նոր մարտահրավերներին պատասխան տալու նպատալով։
Իրականում, ԱլԳ բոլոր երկրները հրավիրվել են մասնակցելու այս վարժությանը։

– Ձեր կարծիքով` ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ԵՄ-ն` այս ծրագիրը պահպանելու նպատակով, ըստ Ձեզ՝ ԵՄ-ն պատրա՞ստ է փոոխությունների։ Ինչպես շատ փորձագետներ են պնդում, ԵՄ մոտեցումը չափազանց քիչ պարգևատրություն էր առաջարկում շատ պայմանների դիմաց այն երկրներին, որոնք ունեն սառեցված հակամարտություններ, իսկ այդ հակամարտություններն ազդեցության գործիք են ՌԴ-ի ձեռքին։

– Ներկայումս ԵՄ-ն վերանայում է Եվրոպական հարևանության քաղաքականությունը` առաջ մղելով հինգ առաջնահերթություն` տարբերակում, ֆոկուս, ճկունություն, սեփականություն և տեսանելիություն։ Այս ամենի հետ մեկտեղ` ԵՄ-ն հստակեցրել է այն հինգ ոլորտները, որոնցում երկու կողմերը կարող են կիսել ընդհանուր շահեր` առևտուր և տնտեսական զարգացում, կապեր, անվտանգություն, կառավարում, միգրացիա և շարժունակություն։

Ակնհայտորեն, և՛ ԵՄ-ն, և՛ ԱլԳ երկրները հասկացել են, որ ծրագիրը շարունակելու համար հարմարեցված մոտեցումը պետք է հասանելի լինի բոլորին, քանի որ յուրաքանչյուր ԱլԳ երկիր` իր ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով, միջազգային պարտավորություններով, սոցիալ-մշակութային գործոններով, առանձնահատուկ է։ Ուստի նրանց հավակնությունները ԵՄ-ի նկատմամբ նույնպես տարբեր են։ Ռիգայի գագաթաժողովի Ամփոփիչ միասնական հռչակագրում ԱլԳ վեց երկրների նկատմամբ տեղ գտած տարբեր մոտեցումները սրանով կարելի է բացատրել։

Առաջին հայացքից` կարելի է կարծել, որ կա երկրների երկու խումբ` այն երկրները, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը (Վրաստան, Մոլդավա, Ուկրաինա), և նրանք, որոնք չեն ստորագրել (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս)։ Այնուամենայնիվ, Ասոցացման համաձայնագրերի միջև տարբերությունը բավականին էական է եղել, և երեք դեպքերն արմատապես տարբեր են եղել։ Նույնպիսին է իրավիճակը նաև երկրորդ խմբի դեպքում. մինչ Բելառուսն ու Ադրբեջանը չունեն ԵՄ-ի նկատմամբ հավակնություններ և ունեն մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտում ցածր մակարդակ, Հայաստանը հավատարիմ է մնում եվրոպական արժեհամակարգին, սկզբունքներին, իր մերձեցումը ԵՄ-ի հետ հավասար է Ուկրաինային։ Հայաստանը նաև ԱՀԿ անդամ է, Բելառուսն ու Ադրբեջանը դեռ աշխատում են այդ ուղղությամբ, Հայաստանը ամփոփել է իր բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, մինչդեռ մյուս երկուսը չեն արել դա։ Ե՛վ Հայաստանը, և՛ Բելառուսը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, իսկ Ադրբեջանը` ոչ։ Եվ վերջապես, որպեսզի ամեն ինչ ավելի բարդ լինի և անակնկալ բոլորի համար, Ադրբեջանը վերապահումներ առաջ քաշեց Ռիգայի հռչակագրի շուրջ։

ԵՄ-ն արգելում է որևէ տեսակի դասակարգում իրականացնել Արևելյան գործընկերների շարքում, որը համահունչ է յուրաքանչյուր երկրի հետ տարբերակված մոտեցում ունենալու առաջարկին։ Այսօր մարտահրավերը կիրառության մեջ այնպիսի մոտեցման ներդրումն է, որը հնարավորություն կտա զարգացնել համապատասխան գործիքներ։
Վերջապես, ԵՄ հարևանության քաղաքականությունը ներառում է նոր առանձնահատկություն, որը «հարևանների հարևանների» հետ համագործակցության հնարավորություն է տալիս։

– Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց, որ սառեցված հակամարտությունները լուրջ խոչընդոտ են ԱլԳ տարածաշրջանի ժողովրդավարականացման ճանապարհին, քանի որ ԱլԳ գրեթե բոլոր երկրներն ունեն տարածքային հակամարտություններ, որոնք առնչվում են այդ երկրների անվտանգության հետ, ինչը հաճախ որոշիչ է այդ երկրների ապագայի հարցում։ ԵՄ պաշտոնյաները մտածո՞ւմ են արդյոք այնպիսի պայմանների ստեղծման մասին, որոնք հնարավորություն կտան այս երկրներին համաձայնագրերը բանակցել ազատորեն` առանց հետսովետական հակամարտություններից կախվածության։

– Ես կարծում եմ, որ ԵՄ պաշտոնյաներն ամբողջությամբ տեղյակ են այս իրականությանը, բայց յուրաքանչյուր սառեցված հակամարտություն ունի իր շրջանակը, հաճախ` ուղիղ ԵՄ մասնակցությամբ, և հաճախ` ԵՄ-ի անուղղակի աջակցությամբ։
Ճիշտ է, որ այսպիսի իրավիճակները կարող են բեռ լինել բանակցությունների համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կա ամենաքիչը ԱլԳ երկու երկրի օրինակ, որոնք, չնայած բարդ հակամարտության առկայությանը, ավարտին են հասցրել իրենց համաձայնագրերը ԵՄ-ի հետ։

– Օրերս ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը շարունակում է իր տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ, և նոյեմբերի սկզբին կողմերը կսկսեն բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ։ Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է լինելու նոր համաձայնագրի տեսքը, և համագործակցության ո՞ր ուղղությունները կարող են ներառվել այս համաձայնագրում Ասոցացման համաձայնագրից։

– Ռիգայի գագաթաժողովը հստակություն մտցրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ, այն քարտեզագրեց առաջնահերթությունները և նպատակները, ինչպես նաև՝ բովանդակությունը։ Այն նաև նախանշեց ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի շրջանակի ընդհանուր ընկալումը։

Ինչ վերաբերում է համագործակցության ոլորտներին, ապա գագաթաժողովն ավելի ճշգրիտ պատկեր ուրվագծեց. այն ներառելու է շարժունակությունը` երկարաժամկետ ապագայում նպատակ ունենալով հաստատել ազատ վիզային ռեժիմ։ Գիտությունը, ինովացիան և կայուն զարգացումը ևս կլինեն համաձայնագրի մի մասը։ Ավիացիան, էներգետիկ արդյունավետությունը և շրջակա միջավայրը ևս կլինեն ՀՀ-ԵՄ համատեղ աշխատանքի մի մասը։ ԵՄ-ն օգտագործելու է Հարևանության ներդրումային հնարավորությունը` Եվրոպական ֆինանսական ինստիտուտներից փոխառություններ ապահովելով` շուկայական մուտքն ու փոխադարձ կապերը զարգացնելու նպատակով։

Ներկայումս պարզ է, որ ժողովրդավարության ամրապնդումը, շուկայական տնտեսության գործարկումը, մակրոտնտեսական կայունության զարգացումը և բիզնես միջավայրը կլինեն նոր իրավական հիմքի հիմնաքարերը։ Առևտուրը ևս ներառվելու է այս շրջանակում։ ԵՄ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, Հայաստանի արտահանման 27%-ի իրացնողը։ Սա փաստ է և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնական հատվածը։ Նոր իրավական հիմքը, բնականաբար, կարտացոլի այս իրականությունը և կձևակերպվի այնպես, որ ամբողջությամբ համատեղելի կլինի Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ։ Հատկանշական է, որ ԵՏՄ համաձայնագիրը բաց է թողնում որոշ առևտրային ոլորտներ, ինչպիսին առևտրային պարզեցումն է, համագործակցությունն այս ոլորտում ևս պետք է դիտարկվի։

Մայիս ամսին Եվրոպական հանձնաժողովի կողմից դրական առաջարկ էր թողարկվել և որոշ հայտարարություններ` նախագահ Տուսկի` ՀՀ կատարած այցի ընթացքում, որը նախանշում է, որ հանձնաժողովն ունի բանակցություններ սկսելու մանդատ։ Ողջամիտ կլինի մտածել, որ մեկ տարուց քիչ ժամանակի ընթացքում համաձայնագրի շրջանակը պատրաստ է լինելու, հատկապես, երբ այն հիմնվում է արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագրի վրա։

– Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է։ Ըստ Ձեզ` ո՞ր ոլորտներում է այդ անդամակցությունն արգելակում ՀՀ-ԵՄ համագործակցությունը։

– Առևտրի ոլորտում չափանիշների հարցը լուրջ խնդիր է։ Յուրաքանչյուր ազատ առևտրի գոտի` ԵՄ-ն ու ԵՏՄ-ն, սահմանել են իրենց սեփական չափանիշները։ Եթե մի տարբերակը դառնում է պարտավորեցնող երկրի համար, ապա այլ երկրների հետ առևտուրը մեկ այլ չափանիշի կիրառմամբ կարող է դժվար լինել։ Այն ապրանքները, որոնք պատկանում են մի գոտու չափանիշներին, կարող են պահանջել հավելյալ արտոնագիր` մտնելու համար շուկա, որն այլ չափանիշային գոտուն է պատկանում, բայց սա կարող է լուծվել բանակցությունների միջոցով։ Օրինակ` կողմերը կարող են իրենց արտադրական չափանիշները սահմանել` ունենալով համապատասխան քաղաքական կամք։

Այս իմաստով քաղաքական հատվածը պակաս կանխատեսելի է, հատկապես՝ Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակի դեպքում։ Այնուամենայնիվ, հույս է ներշնչում այն, որ ԵՄ ղեկավարներն ու Ռուսաստանը սկսել են բարձրացնել համապատասխանության թեման։ Եվ վերջապես, երկարաժամկետ ապագայում կայուն լինելու համար Արևելյան գործընկերությունը ԵՏՄ-ի հետ պետք է գտնի ընդհանուր հասկացողություն, որը երկու ծրագրերի շահերից է բխում։

Տեսանյութեր

Լրահոս