Եթե բանակցություններն այլևս չշարունակվեն, ՀՀ-ն կձեռնարկի համապատասխան քայլերը ԼՂՀ ճանաչման ուղղությամբ. ԱԳ նախարար
«Ներկայումս քաղաքական օրակարգում է գտնվում Ադրբեջանին ԵՏՄ կազմում ընդունելու հարցը: Ե՞րբ է գալու այն պահը, որ փաստացի պարզ է լինելու, որ ստատուս քվոն խախտված է և մենք խնդիր ունենք ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Ի՞նչ սցենարներ է մշակում ՀՀ կառավարությունը, երբ այդ գործընթացը սկսվի և Ադրբեջանը անդամակցի ԵՏՄ-ին»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ եթե բանակցություններն այլևս չշարունակվեն, ՀՀ-ն կձեռնարկի համապատասխան քայլերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման ուղղությամբ և, որպես երաշխիք ԼՂ անվտանգության, իրականացնել համապատասխան մնացած քայլերը:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ում, այսօր նման հարց չի քննարկվում»,- ասաց Է.Նալբանդյանը:
«Եթե ՀՀ տարածքները ռմբակոծվում են, դրանք պատերազմական գործողություների մեջ չեն մտնո՞ւմ, խաղաղ բնակիչներ են զոհվում, դրանք պատերազմական գործողություններ չե՞ն, երբ պետք է այդ գործողությունների հետևանքով ռմբակոծվի ԱԺ շենքը, դա էլ պատերազմ չի լինի՞»,- հարցադրումները շարունակեց Զ.Փոստանջյանը:
Նա նշեց, որ ՀՀ դիրքորոշման և սցենարների մշակման մասին է խոսքը ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու դեպքում. «Այդ հարցն այս պահին շրջանառվում է միջազգային քաղաքական շրջանակներում, նաև շրջանառվում է խաղաղապահ զորքերի մուտքը մեր տարածք, ինչն անթույլատրելի է»:
Է.Նալբանդյանը նշեց, որ հրադադարը առաջին ագնամ չի խախտվում, պարբերաբար է խախտվում, այս անգամ ավելի շատ, և եռանախագահները ուղղորդված հայտարարություն են անում և հայտարարում են, որ հետախուզման մեխանիզմ պետք է ստեղծվի, որին համաձայն է ՀՀ-ն, Ադրբեջանը դեմ է, և պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա:
Նախարարը նշեց, որ ԱՄՆ կոնգրեսականները նամակ են գրել Ուորլիքին՝ կոչ անելով հավելյալ ջանքեր կիրառել հրադադարի պահպանման իմաստով և հետախուզման իմաստով, որ Ադրբեջանը համաձայնի, այսինքն՝ այդ նախաձեռնությունը աջակցություն է ստանում միջազգային խորհրդարանների կողմից: